
Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով Անվտանգության խորհրդին մերժել եվրոպական 3 երկրների՝ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու նախաձեռնությունը։
«Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ ակտիվացնելու snapback մեխանիզմը և վերահաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին», — ասվում է փաստաթղթում, որն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հրապարակել է X-ում ։ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը նաև կոչ են արել E3-ին հրաժարվել Թեհրանի նկատմամբ ապակառուցողական մոտեցումից և զերծ մնալ այնպիսի գործողությունից, որը կսրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարաձայնությունները։
Փաստաթղթում նշվում է, որ եվրոպական եռյակի արտաքին գործերի նախարարների գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը (որը 2015 թվականին չեղարկել է Իրանի դեմ սահմանափակումները՝ համաձայն JCPOA-ի)։
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան նախաձեռնել են «snapback» մեխանիզմի գործարկումը: Միաժամանակ, եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել 30 օրով շարունակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողության ժամկետը երկարաձգելու համար։
Բանաձևի ժամկետը, որը նախատեսում է Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացում, լրանում է հոկտեմբերի 18-ին։




