ԿարևորՄշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգ՝ Պերսեպոլիսում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։

Աննախադեպ այս իրադարձությանը ներկա կգտնվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Բացառիկ համերգը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաև Ֆարսի նահանգապետարանի համագործակցությամբ։

Համերգի մենակատարն է հռչակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որի կատարմամբ կհնչեն  Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Կհնչի նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը: Երեկոն կեզրափակվի Արամ Խաչատրյանի «Սիմֆոնիա թիվ 2»-ի կատարմամբ։

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ այցելությունն Իրանի Իսլամական Հանրապետություն եղել է 25 տարի առաջ՝ 2000 թվականի փետրվարին: Թեհրանի Վահդաթ համերգասրահում ներկայացվել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերան՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ:

Կարդացեք նաև

Back to top button