
Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշներն այսօր հրավիրվել է ԱԳՆ՝ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակից հետո, հայտնում է BBC-ին։
Wall Street Journal-ում հրապարակված նամակում դեսպանը ֆրանսիական իշխանություններին քննադատել է հակասեմիտիզմի դեմ «անարդյունավետ պայքարի» համար։
Քուշները հրեա է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնամին է՝ նրա փեսա Ջարեդ Քուշների հայրը։
Դեսպանը գրել է, որ Գազայում պատերազմից հետո Ֆրանսիայում նկատվում է հակահրեական ատելության աճ։
Նրա խոսքով՝ «Իսրայելը վարկաբեկող հայտարարությունները և Պաղեստինին պետություն ճանաչող քայլերը քաջալերում են ծայրահեղականներին և վտանգում հրեաների կյանքը Ֆրանսիայում»։
Նա նաև քննադատել է Ֆրանսիայի կրթական համակարգը՝ պնդելով, որ «ֆրանսիացի երիտասարդների գրեթե կեսը երբեք չի լսել Հոլոքոստի մասին»։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեսպանի հայտարարությունները որակել է 1961 թ․ Վիեննայի կոնվենցիայի խախտում, որն արգելում է դեսպաններին միջամտել ընդունող երկրի ներքին գործերին։
«Դեսպանի մեղադրանքները անընդունելի են»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։




