
2029 թվականին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Սրան ընդառաջ՝ կառավարությունը հաստատել է Վանաձորում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցման նախագիծը։ Հրատապ գնման գործընթաց է արվել, հայտնի է կառուցապատողը, որը միջազգային մարզադաշտերի կառուցման մեծ փորձ ունի։ 10 հազար նստատեղով ապագա մարզադաշտի կառուցման գործընթացի վերահսկողությունը վերապահվել է կրթական գերատեսչությանը։
20 տարվա ֆուտբոլիստի կարիերայով ու շուրջ 10 տարվա մարզչական փորձով Արտյոմ Հակոբյանի սաները հաճախ են Գյումրուց Վանաձոր խաղերի գալիս։ Նախկինում, ասում է, Վանաձորը լավ թիմեր ուներ։ Այժմ փոքր-ինչ այլ է իրավիճակը, ինչը պատիվ չի բերում հանրապետության 3-րդ քաղաքին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մտահոգվում է փորձառու ֆուտբոլիստը։
«Շատ լավ թիմ է ունեցել, շատ լավ տղաներ, բայց արդեն 10 տարուց ավելի սեփական թիմ չունի, դա լավ չէ։ Պետության 3-րդ քաղաքն անպայման պետք է ունենա սեփական թիմ»։
Վանաձորը ֆուտբոլի զարգացման մեծ ներուժ ունի՝ զրուցակիցս է ասում, 18-19 տարեկանների հետ հաճախակի հանդիպումներից գիտի։ Մնում է լավ պայմաններ ունենան մարզվելու։ Մարզիչ Արտյոմ Հակոբյանը միջազգային ստանդարտի մարզադաշտն անհրաժեշտ է համարում։ Պատկերացնո՞ւմ եք, ասում է, Հայաստան-Պորտուգալիա առաջիկա հանդիպումը Վանաձորում լիներ, ու Ռոնալդուի նման աշխարհահռչակ ֆուտբոլիստը Վանաձորում խաղար, որքան երկրպագու ու զբոսաշրջիկ կգային Հայաստան ու հենց Վանաձոր։

«Միջազգային ստադիոն ունենալն առաջին հերթին տալիս է միջազգային խաղեր անցկացնելու առավելություն, ակումբային թիմեր եվրոգավաթներում, դրան գումարած նաև ազգային հավաքականի թիմերը կարող են խաղալ նաև այդ մարզադաշտում։ Ինչո՞ւ չէ, Վանաձորը կունենա իր արժանի թիմը, որ ունեցել է երկար տարիներ»։
Վանաձորի «Լոռի» քաղաքային մարզադաշտը՝ 3000 նստատեղով, 50-ականների վերջին է բացվել։ Մարզադաշտը համայնքի ենթակայությանը չէ՝ «Ռադիոլուր»-ին բացատրում են համայնքապետարանից։ Դեռ 2010-ին Վանաձորի ավագանին շուրջ 3 հա մակերեսով մարզադաշտը և ակադեմիան նվիրաբերել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ավագանու որոշումը չեղարկելու պահանջով դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարան դիմեց, սակայն որոշումները մնացին անփոփոխ։

Ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեծ չափի գումարի շուրջ խարդախության և փողերի լվացման համար․
«Ռուբեն Հայրապետյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից բարեգործական ծրագրերի շրջանակներում գումարներ են հատկացվել Ֆուտբոլի ֆեդերացիային մանկապատանեկան մարզադպրոցներ կառուցելու նպատակով, նպատակադրվել է այդ հատկացվելիք գումարներից կատարել հափշտակություն»,-ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերակառուցման մասին խոսվում ու խոստացվում է դեռ 2017-ից։ 2021-ինվերջապես տրվեց շինարարության մեկնարկը և ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով այն հիմնանորոգվեց և շահագործման հանձնվեց 2023-ին։
2025-ի օգոստոսի 7-ին կառավարությունը Վանաձորում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու որոշում ընդունեց։ 2029-ին Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել երիտասարդական ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել։ ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ եվրոպական ասոցիացիաներն աջակցում են Հայաստանի հայտին, վերջնական հաստատմանը, սակայն որոշ պայմաններ են պակասում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը։
«Մեզ, որպես ընդունող երկիր, բավարար պայմաններ էին անհրաժեշտ ու պարտադիր, այդ թվում՝ ՈւԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտ ունենալը»։

Փոխնախարարն ասում է՝ բարձրակարգ մարզադաշտերի կառուցումն ամրագրվել է դեռ 2023-ին՝ կառավարության՝ Ֆիզկուլտուրայի և սպորտի 2024-2030թթ․ռազմավարությամբ։ Նախատեսվում է ունենալ 3 նման մարզադաշտ, որոնցից 1-ը՝ ազգային:
«3 մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10․000, ազգայինը՝ 35․000 նստատեղով։ 10․000 նստատեղով մարզադաշտերից մեկի համար երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է Վանաձորը, որն ունի հին, չշահագործվող մարզադաշտ՝ 3000 նստատեղով»։
Մինչև 2029-ի առաջնությունը ժամկետները սուղ են, ուստի հրատապ մեկ անձից գնման մրցույթ է արվել։ Փաստաթղթերը կմշակի ՈւԵՖԱ 4 կատեգորիայի մի քանի մարզադաշտերի նախագծման և շինարարության փորձ ունեցող օտարերկրյա գործընկեր։
«Էս նպատակով 2 գնային առաջարկ ենք ստացել։ Նախարարությունը, որպես նախագծող, ընտրել է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ին»։

«ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերության գնառաջարկը 593․000 է, որից 98 000 եվրոն՝ նախապատրաստման, 494․000 եվրոն՝ նախագծման համար։ Շինաշխատանքների մեկնարկը հնարավոր կլինի արդեն 2026թ-ի 2-րդ կեսին։ Բուն շինարարությունը կտևի 24 ամիս։ Փոխնախարարի համոզմամբ՝ միջազգային կատեգորիայի մարզադաշտը կնպաստի մարզերում միջազգային մարզական միջոցառումների անցկացմանն ու ֆուտբոլ սպորտաձևի մասսայականացմանը։




