ԿարևորՄիջազգային

Լոնդոնի դատարանը այսօր կհրապարակի Երեւանում ձերբակալված ամերիկացի վարձու մարդասպանի դատավճիռը

Երդվյալ ատենակալներից 21 ժամ պահանջվեց, որպեսզի ԱՄՆ քաղաքացի 45-ամյա Էմի Բետրոնին մեղավոր ճանաչեն սպանության փորձի մեջ եւ այսօր դատարանը հրապարակելու է նրա դատավճիռը, հայտնում է BBC-ին։

Դեռ կորոնավիրուսի համավարակից առաջ սկսված այս չստացված սպանության պատմությունը կարող է դետեկտիվ ֆիլմի սցենարի հիմք դառնալ, որտեղ գլխավոր հերոսը երբեք հանցավոր անցյալ չունեցած սովորական կին է, որին վարձել են սպանություն կատարելու համար։ Այս պատմության աշխարհագրությունը ձգվում է Մեծ Բրիտանիայից մինչեւ Կալիֆորնիա ու Նեւադա, այնտեղից մինչեւ Երեւանին մերձակա հայկական մի գյուղ։

Բայց ամեն ինչ` ըստ հերթականության։

Դժվար էր պատկերացնել, որ 2018 թվականին Բիրմինգհեմում՝ Ալում Ռոք թաղամասի հագուստի խանութում, սկսված տուրուդմբոցը կդառնա մի քանի տարի ձգված ու մի քանի պետության իրավապահների ուշադրությունը գրաված պատմության սկիզբը։

Ասլաթ Մահումադին պատկանող հագուստի այս խանութում ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ էին ստացել անգլիական Դերբի քաղաքում բնակվող Մոհամեդ Ասլամն ու նրա որդի Նաբիլ Նազիրը։

Բիրմինգհեմի թագավորական դատարանում քննությունից պարզ է դառնում, որ վնասվածք ստացած հայր ու որդին որոշում են մարդ վարձել` իրենց ծեծած Մահումադին ու նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին սպանելու համար։

Ընտրությունը կանգնում է ամերիկուհի Էմի Բետրոնի վրա, որը երբեք ոստիկանության ուշադրությունը չի գրավել եւ հանցավոր անցյալ չի ունեցել։ Ինչպես հանցագործությունը հետաքննող դետեկտիվ Ալիստեր Օրենկասն է հայտարարել, վարձել են «առաջին հայացքից շատ սովորական մի մարդու»։

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուեսթ Էլլիս քաղաքում բնակվող Բետրոնը համացանցով ծանոթանում է Նազիրի հետ, գալիս Անգլիա եւ 2018-ի դեկտեմբերից մինչև 2019-ի հունվար նրանք հանդիպում են Լոնդոնի Քինգս Քրոս շրջանում վարձած բնակարանում։

Եվ ահա սպանությունը կատարելու համար Բետրոնը կրկին Մեծ Բրիտանիա է ժամանում 2019-ի օգոստոսին։

Դատաքննությունն այդպես էլ չի կարողացել պարզել, թե ինչու եւ ինչպես են ամերիկուհուն ներգրավել հանցագործության մեջ։ Բայց պարզել են, որ նա Նազիրի և Ասլամի հետ միասին հետազոտել է Մահումադի բնակության փողոցը, այնուհետեւ մեքենան կանգնեցրել մոտակա նրբանցքում, մահմեդական կնոջ հագուստ` նիկաբ հագել եւ սպասել իր զոհին։

Երբ Մահումադի որդի Ալին մեքենայից դուրս է եկել, Բետրոնը մոտեցել եւ կրակել է տղամարդու վրա։ Սակայն ատրճանակը չի գործել։

Ալին հասցրել է նորից իր մեքենան նստել եւ փախչել։ Ըստ դետեկտիվ Օրենկասի` եթե ատրճանակը կրակեր, ապա տղամարդը փրկվելու ոչ մի հնարավորություն չէր ունենա։

Չստացված վարձու մարդասպանը նույնպես փախչում է հանցանքի վայրից, ապա  կեսգիշերին տաքսիով վերադառնում նույն տեղը եւ երեք անգամ կրակում Մահումադի տան վրա։

Հաջորդ օրը ժամը 13:30-ին Էմի Բետրոնը Մանչեսթերի օդանավակայանից թռչում է ԱՄՆ։ Դրանից հետո նրա հետքերը կորում են։

Հետաքննության բացահայտմանը մասնակցում են ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ Բրիտանիայի հանցագործությունների ազգային գործակալության աշխատակիցները։ Հինգ տարի նրանք որոնում են ԱՄՆ քաղաքացուն։

Սակայն ձախողակ վարձու մարդասպանին երկու օրում գտնում են MailOnline-ի լրագրողները Instagram-ում տեղադրված լուսանկարներն ուսումնասիրելու միջոցով։ Պարզվում է, որ  Էմի Բետրոնը թաքնվում է Երեւանի մերձակայքում։

Ոստիկանությունը 2024 թվականի հուլիսի 2-ին նրան ձերբակալում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։

Բետրոնին վարձած 31-ամյա Մոհամեդ Նազիրը դատապարտվել է 32 տարվա, նրա 56-ամյա հայրը` 10 տարվա ազատազրկման։ Իսկ թե որքան ժամանակ բանտում կանցկացնի վարձու մարդասպանը, որին խանգարեց խափանված ատրճանակը, պարզ կդառնա այսօր` օգոստոսի 21-ին, Լոնդոնի թագավորական դատարանում։

Կարդացեք նաև

Back to top button