ԿարևորՔաղաքական

Սահմանային փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ. Փեզեշքիան

Հայաստանի հետ հարեւանությունը շատ կարեւոր է եւ պատմությունը վկայում է հարաբերությունների խոր արմատների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Իրանի նախագահը ցանկություն է հայտնել նոր մակարդակի բարձրացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տրանսպորտի, էներգետիկայի, էլեկտրաէներգիայի և ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակութային, բժշկության և դեղագործության։

«Իրանի հայ համայնքի ներկայությունը Իրանում՝ հատկապես սահմանակից հատվածներում, խոսում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունների մասին, ինչպես նաև բարեկամության ամուր կապերի մասին։ Մեր սահմանը անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ` Արարատյան լեռներից սկսած մինչև Իրանի դաշտը»,- ասել է Մեսուդ Փեզեշքիանը։

Իրանի նախագահը նաեւ նշել է որ երկու երկրների ընդհանուր շահերից է բխում Պարսից ծոցից Սեւ ծով տարանցիկ երկաթգծի, ցամաքային եւ ծովային ճանապարհների գործարկումը, սահմանային շուկաների զարգացումն ու ընդհանուր տնտեսական ազատ գոտիների ստեղծումը։

Իրանի Իսլամական Հանրապետության համար Կովկասում խաղաղությունը ռազմավարական  առաջնահերթություն է, շեշտել է նախագահ Փեզեշքիանը՝ հավելելով, որ Թեհրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին։

Իրանը դեմ է Կովկասում սահմանների փոփոխությանը, քանի որ այդ փոփոխությունները կարող են աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ։

«Մենք միշտ պաշտպանել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Դա մեր քաղաքականությունն է»,- ասել է Իրանի նախագահը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծել ներսում եւ «խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին» ավելի է բարդացնում իրավիճակը։

Կարդացեք նաև

Back to top button