Մեդիա հետազոտող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Կարապետյանն իր «Հայերենը իրադարձություններ ստեղծելիս. հաստատելը և քննադատելը» մենագրության մեջ ներկայացնում է հայերենի նոր դիտակետ՝ կենտրոնանալով լեզվի գործառույթների և կիրառելիության վրա, հատկապես՝ տեղեկատվական դաշտում։
Ըստ հեղինակի՝ հայերենը պետք է դուրս գա «արժեքների ծածկոցով փաթաթված» ընկալումից և դառնա գործնական գործիք, որը համապատասխանում է ժամանակակից կյանքի պահանջներին։ Նա նշում է, որ հայերենին անհրաժեշտ է «շուկայական արդարացում»։ Ինչպես ցանկացած հմտություն, լեզվական որակը ևս պետք է սպառվի որոշակի մակարդակներում և միջավայրերում՝ նպաստելով թարգմանական աշխատանքների, նոր տեխնոլոգիաների ու տերմինների ստեղծմանը և, ի վերջո, հասարակական կառույցների զարգացմանը։
Մենագրության հիմնական առանցքը հենց այդ հարցն է՝ ինչպես կարող է հայերենի կիրառությունը լրատվամիջոցներում նպաստել տարբեր հասարակական ինստիտուտների կառուցմանը և ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքին։
Հեղինակը կարևորում է բովանդակության և լեզվի անբաժանելի կապը։ Գիրքը բացատրում է, թե ինչպես կարելի է հայերենով «իրադարձություն ստեղծել» այնպես, որ նյութը իսկապես վերածվի մեդիա իրադարձության և նշանավորվի իբրև նորություն։
Մարիամ Կարապետյանն ընդգծում է, որ մշակույթի, գիտության և այլ հասարակական խնդիրների մասին պատմելը պետք է դուրս գա պարզապես «հերթական անելիքի» շրջանակներից՝ նպատակ ունենալով ոչ թե պարզապես տեղեկացնել, այլ իրական ազդեցություն թողնել։




