Սփյուռքի ձայնը

Մոսկվայի ռիթմից՝ Երևանի իրականություն․ ոչ թե քննադատող, այլ հարց լուծող. «Սփյուռքի ձայնը»

Նա կարող էր Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում կառուցել փայլուն կարիերա։ Լոմոնոսովի անվան հեղինակավոր համալսարանի շրջանավարտ, բիզնեսի կառավարման մասնագետ Արթուր Գասպարյանի համար ճանապարհները բաց էին դեպի մեգապոլիսի անվերջ հնարավորությունները։ Սակայն 2018 թվականից հետո նա իր ճանապարհը բռնեց դեպի Հայաստան՝ իր ներդրումն ունենալու համար երկրի զարգացման գործում։ Այսօր նա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի օգնականն է՝ «Ի գործ» ծրագրի շրջանակում հայրենիքում աշխատանքի անցած մի երիտասարդ, որի մոսկովյան արդյունավետության մշակույթը բախվել է երևանյան «մի հատ սուրճ խմենք» իրականությանը։ Եվ այս բախումից ծնվում են կարևորագույն հարցեր։

Մշակութային շոկից՝ գործողության. «Բա ինչո՞ւ իմ հայրենիքում այդպես չպիտի լինի»

«Երբ քայլում էի քաղաքով, անընդհատ մտածում էի՝ իսկ ինչո՞ւ Հայաստանում այնպես չէ, ինչպես այն քաղաքներում, որոնք արդեն անցել են այս ճանապարհը։ Ինչո՞ւ իմ հայրենիքում այդպես չպիտի լինի», – անկեղծանում է Արթուրը։ Նրա համար առաջին բախումը ոչ թե փոշոտ փողոցներն էին կամ շինարարական քաոսը, այլ մտածելակերպը։ Ժամանակի նկատմամբ վերաբերմունքը, պարտաճանաչության պակասը, ամեն ինչ դանդաղ անելու սովորությունը նրա համար անսպասելի ու զարմանալի էին։ Սակայն բողոքելու փոխարեն նա սկսեց գործել և հասարակության մաս դառնալ։

«Իբրև ակտիվիստ անվերջ զանգահարում էի քաղաքապետարան, բարձրաձայնում խնդիրները, կամավորականներով աղբահանություն էինք կազմակերպում, մինչև որ մի օր ինձ, կես կատակ, կես լուրջ, ասացին. «Այնքան շատ ես բարձրաձայնում, արի դու որոշ հարցեր լուծիր»։ Այդպես նա հայտնվեց համակարգի ներսում՝ ոչ թե խնդիրը դրսից քննադատողի, այլ այն ներսից լուծել փորձողի դերում։

Ախտորոշումը՝ «Համակարգային հիվանդություն»

Աշխատելով վարչական շրջանում՝ Արթուր Գասպարյանը հասկացավ, որ Երևանի խնդիրները կետային չեն, դրանք համակարգային են և միմյանց հետ սերտորեն շղթայված։

  • Էկոլոգիան և առողջությունը․ «Ես զարմանում եմ, երբ շինարարը աշխատում է առանց դիմակի ու ակնոցի։ Այդ փոշին ու կեղտը թռնում են իր երեսին, բայց նա չի մտածում դրա մասին», – ասում է նա՝ ընդգծելով, որ այս անտարբերությունը հանգեցնում է հանրային առողջության վատթարացման։ Անառողջ քաղաքացին չի կարող լինել երջանիկ ու աշխատունակ, և սա հարվածում է ամբողջ պետությանը։
  • Քաղաքացու պահանջի բացակայությունը․ Արթուրի համոզմամբ՝ իրական փոփոխությունները սկսվում են այն ժամանակ, երբ հասարակության մեջ ձևավորվում է հստակ պահանջ։ «Եթե մարդիկ չասեն, որ իրենք գոհ չեն, կառավարությունը կմտածի՝ այս ինչ լավ է, բոլորը զուսպ նստած են, ուրեմն ամեն ինչ կարգին է»։
  • «Կիսվելու» համախտանիշը․ Նրա ամենացավոտ դիտարկումներից մեկը հայերի՝ անվերջ բաժանվելու սովորությունն է՝ երևանցի–գյումրեցի, կենտրոնցի–արաբկիրցի, մինչև-հասնելով թաղ ու բակ։ «Դու Սփյուռք ես, դու տեղացի ես… Ե՛վ այնտեղ ես օտար, և՝ այստեղ։ Կիսվելը մեր ամենամեծ խնդիրներից է»։

Բիզնես մոտեցում քաղաքին. ի՞նչ է պետք Երևանին

Նա երազում է ստեղծել պրոֆեսիոնալների թիմ, ներգրավել սփյուռքահայ նոր մասնագետների, քանի որ համոզված է՝ դրսից եկած մարդը կարող է տեսնել այն, ինչին տեղացու աչքը վաղուց սովորել է։ Նա կարող է քանդել «հազար տարի պապերս այսպես են արել» կարծրատիպը և առաջարկել նոր, թարմ լուծումներ։

Արթուր Գասպարյանը նկատում է․ «Սա ոչ միայն հայրենադարձության, այլև քաղաքացիական պատասխանատվության հարց է։ Ես գիտեմ, որ իմ ճանապարհը հեշտ չէ, բայց այնտեղ՝ Մոսկվայում, որտեղ, թվում էր, խնդիրներ չկային, ես կորցնում էի կյանքի իմաստը։ Իսկ այստեղ՝ խնդիրներով լի հայրենիքում, գտել եմ իմ կոչումը՝ ոչ թե պարզապես ապրել, այլ կառուցել ու ժառանգություն թողել»։

Կարդացեք նաև

Back to top button