
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է Հայաստանի հետ առաջիկա բարձր մակարդակի հանդիպման մասին, որի ընթացքում կքննարկվեն խաղաղության համաձայնագրի առաջընթացը և տարածաշրջանային կայունությունը, փոխանցում է Mehr գործակալությունը։
Երկուշաբթի առավոտյան կայացած մամուլի ասուլիսում ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանը մշտապես պահպանել է սերտ և կառուցողական հարաբերություններ Հարավային Կովկասի իր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Իրանը կարևորում է բարիդրացիության և փոխադարձ շահերի վրա հիմնված բարեկամական կապերը և մշտապես հետևում է տարածաշրջանային զարգացումներին, հատկապես այն դեպքերում, երբ դրանք կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ Իրանի վրա։
Բաղային հիշեցրել է, որ Հայաստանի շուրջ խաղաղության համաձայնագրի բանակցությունները նոր չէ, որ սկսվել են։ Նախորդ հանդիպումների ընթացքում կողմերին կոչ է արվել արագացնել ստորագրման գործընթացը, քանի որ համաձայնագիրը կարող է դառնալ շրջադարձային քայլ Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման համար։
Նա հավելել է, որ վաղը նախատեսվում է Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև բարձր մակարդակի խորհրդակցություն՝ վերջին զարգացումները քննարկելու և հայկական կողմի հետ կիսվելու Իրանի նկատառումներով ու մտահոգություններով։




