
Սրանից 33 տարի առաջ Հայաստանի ձայնասփյուռի համար մի հաղորդում պատրաստվեց՝ նվիրված ճանաչված նկարիչ Հրաչյա Ռուխկյանին: Հաղորդման հեղինակը ռադիոյի երկարամյա աշխատակցուհի Կլարա Թերզյանն է: Տիկին Կլարան այցելել է վատառողջ և արդեն առաջացած տարիքի հասած նկարչին և մանրամասներ արձանագրել նրա կյանքի և ստեղծագործական կարևոր փուլերի մասին:

Նկարչի կյանքի ամենահուզիչ պատմություններից մեկը Ավետիք Իսահակյանի և Հրաչյա Ռուխկյանի մտերմությունն էր: Հատկապես, այն դրվագը, երբ Հրաչյայի ընտանիքից Իսահակյանը թաքցրեց ռազմաճակատից ստացված սև թուղթը, քանի որ սիրտը վկայել էր, թե Հրաչյայի մահվան լուրը ճիշտ չէր: Ռուխկյանը Ավ. Իսահակյանի հետ ծանոթացել էր Թիֆլիսում, որտեղ սովորում էր Գեղարվեստի ակադեմիայի 1-ին կուրսում:
Այդ ժամանակ Հրաչյան նրա ճեպանկարն է անում: Մտերմանում են: Իսահակյանի ծննդյան 90 ամյակին, Հրաչյան Մոսկվայում՝ գրողների տանը, կազմակերպում է ցուցահանդես՝ նվիրված բանաստեղծին: Հետո այդ ճեպանկարները տպագրվում են Իսահակյանի քառատողերով:
Մինչև 1980 թվականը Հրաչյա Ռուխկյանը չէր եղել Արցախում: Այցելում է: Նա ծրագրում է մի կարևոր գործ։ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում երաժշտական, նկարչական դպրոցներ կային, իսկ ինչո՞ւ գոնե Ստեփանակերտում նման դպրոց չհիմնվի: Եվ նա կարողանում է համոզել տեղական իշխանություններին, որպեսզի Ստեփանակերտի քաղսովետի հին շենքը դպրոցի վերածվի՝ երաժշտական, նկարչական և թատերական բաժիններով:

Մեկ ամբողջ տարի Հրաչյա Ռուխկյանը աշխատել է այդ դպրոցում և վերադարձել Երևան: Ստեփանակերտում ապրած շրջանում՝ Հրաչայ Ռուխկյանը բնակվել է մեկ այլ դպրոցի հարակից կացարանում: Այստեղ էլ նկարել է 4 մետրանոց «Մեսրոպ Մաշտոց» որմնանկարը: Բայց դա Ռուխկյանի միակ նվերը չէր: Արցախի բռնակցման 60-րդ տարելիցին նա հայկական այս անառիկ երկրին 60 նկար է նվիրում:
Հաղորդման ընթացքում Հրաչյա Ռուխկյանի քույրը՝ տիկին Անժելան, պատմում է եղբոր անցած ճանապարհի, ստեղծագործական ընթացքի՝ «Բույլ հանճարաց» շարքի ստեղծման պատմության, «Հայրենի ծուխ» նկարի, նրա մուսան դարձած Սայաթ Նովայի և շատ այլ բաների մասին:




