
Առաջիկա ուրբաթ օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կայանալիք հանդիպման ընթացքում «կողմերը հայտարարելու են խաղաղության հաստատման մտադրության մասին», տեղեկացնում է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։ Նա X-ում գրել Վաշինգտոնում սպասվող հանդիպման մասին՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրների։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն առայժմ ադրբեջանցի լրագրողի տարածած տեղեկությունը չեն մեկնաբանել։
Վարչապետ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այս պահին կառավարությունը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում՝ «Ռադիոլուրին» փոխանցել են գործադիրից ՝ անդրադառնալով տեղեկություններին այն մասին, որ այս շաբաթվա վերջին Վաշինգտոնում հնարավոր է հանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վարչապետի գրասենյակից հիշեցրել են, որ նման այցերի պարագայում լինում են պաշտոնական հաղորդագրություններ, որն այս այցի դեպքում դեռևս չկա։
Չորս օրից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ Վաշինգտոնում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման մասին X-ում գրել է Պետդեպարտամենտում հավատարմագրված ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն: Ըստ նրա՝ կայանալիք հանդիպման ընթացքում «կողմերը հայտարարելու են խաղաղության հաստատման մտադրության մասին»։ «Թուրան» գործակալության թղթակիցը հղում է արել Սպիտակ տան իր աղբյուրներին։
Այս տեղեկատվության արտահոսքը հիշեցնում է շուրջ 20 օր առաջ Աբու Դաբիում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկությունների տարածումը։ Հանդիպումից մեկ շաբաթ առաջ այդ մասին գրել էր Մեծ Բրիտանիայում գործող Middle East Eye կայքը՝ հստակ նշելով նաև հանդիպման վայրը։
Նույն հանդիպումից մեկ շաբաթ առաջ դրա մասին ակնարկել էր նաև ամերիկյան Carnegie Politika-ն՝ գրելով, որ ԱՄՆ-ն առաջ է մղում Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները վերահսկելու իր ծրագիրը՝ ամերիկյան բիզնեսի մասնակցությամբ։ Պարբերականը տեղեկացրել էր, որ ամերիկյան վարչակազմն առաջարկներ է փոխանցել կողմերին։
Տեղեկությունը մի քանի օր անց հաստատվեց, հանդիպումը կայացավ, այն տևեց 5 ժամ։ Կողմերը հաստատեցին, որ երկկողմ բանակցությունները մնում են կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը քննարկելու ամենաարդյունավետ ձևաչափը։
Աբու Դաբիում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին այս ձևաչափով բանակցությունները շարունակելու հարցի շուրջ՝ կենտրոնանալով կոնկրետ արդյունքների և փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը հաջողված որակեց՝ հաստատելով, որ այն կարող է լուրջ հիմք դառնալ խաղաղության գործընթացի համար։
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ին հնարավոր հանդիպմանը, հարցնում է․
«Բայց ի՞նչ պետք է հասկանալ այս տեղեկատվական արտանետման մասին։ Արդյո՞ք սա տեղեկատվական խայծ է ու ի՞նչ նպատակով»։
Ուշադրություն հրավիրելով տեղեկատվության հատկապես այն հատվածի վրա, թե «կողմերը հայտարարելու են խաղաղության հաստատման մտադրության մասին», քաղաքագետը կարծիք է հայտնում որ Վաշինգտոնում խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։
«Ադրբեջանը «Խաղաղության պայմանագիր» չի՛ ստորագրելու Վաշինգտոնում, փոխարենը՝ հայտարարություն մամուլի համար, գուցե նույնիսկ ինչ–որ թուղթ, որի անունը կլինի «խաղաղության պայմանագրի» նախա(նախա)-ստորագրում»։
Խոսքն, ըստ փորձագետի, իրավական որևէ պարտավորություն չենթադրող, պահանջների դաշտում Բաքվին չսահմանափակող և միայն ներքին սպառման համար նախատեսված փաստաթղթի մասին է։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ ուշագրավ է համարում Ռոյթերզի տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Թրամփի վարչակազմը Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի որոշ երկրների հետ քննարկում է այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրին» միանալու հարցը, որը միտված է կարգավորելու Իսրայելի ու արաբական երկրների հարաբերությունները: Նա նկատում է, որ այդ փաստաթղթին չի միացել արաբական աշխարհի խոշորագույն դերակատարը՝ Սաուդյան Արաբիան: Իսկ Գազայի կոնֆլիկտն ու Իսրայելի կողմից Գազայի բնակչության դեմ կոտորածները դե ֆակտո «պատռել» են «Աբրահամյան համաձայնագիրը»՝ գրում է վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ Թրամփին չաշխատող, դե ֆակտո «պատռված» համաձայնագրին պետք է նոր՝ առնվազն տեղեկատվաքարոզչական շունչ տալ՝ առաջիկա նախընտրական տարում՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ:
«Ակնառու է, որ այդ թեման պետք է Թրամփին, ոչ թե Բաքվին կամ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների, որոնք առանց այդ էլ լավ հարաբերություն ունեն Իսրայելի հետ:
Այստեղ սակայն նկատվում է հակասություն: Գործակալությունը հայտնում է, թե համաձայնագրին միանալու համար Վաշինգտոնը Բաքվի առաջ դնում է, օրինակ, հայ-ադրբեջանական կարգավորման նախապայմանը»:
Ըստ վերլուծաբանի՝ հնարավոր է, որ հենց Բաքուն է «Աբրահամյան համաձայնագրի» դիմաց պայմաններ առաջ քաշում։ Խոսքն, այսպես ասենք, հնարավոր գործարքի մասին է, եթե Վաշինգտոնն իր հերթին «օգնի» Բաքվին այսպես կոչված «միջանցքի» հարցում: Բադալյանը չի բացառում, որ գուցե հենց այս տրամաբանությունն է ճանապարհների վերաբերյալ ամերիկյան առաջարկի հիմքում։




