Սփյուռքի ձայնը

Կոշիկի բիզնեսից մինչև քաղաքական լոբբինգ․ Բրազիլիայի հայ համայնքի անհայտ էջերը. «Սփյուռքի ձայնը»

«Ամեն տարի պետք է գանք, որ լիցքավորվենք այս մթնոլորտով։ Եթե չգանք, արդեն վատ ենք զգում»։ Այս խոսքերը պատկանում են Բրազիլիայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ղեկավար Ավետիս Մարկոսյանին, ում համար Հայաստան այցելելը ոչ թե պարտականություն է, այլ կենսական անհրաժեշտություն։

«Սփյուռքի ձայնը» հաղորդման եթերում նրա հետ զրույցը վերածվում է ոչ թե պաշտոնական հաշվետվության, այլ Սփյուռքի առօրյայի, դրա մարտահրավերների և հայրենիքի հետ կապը պահելու համար մղվող ամենօրյա պայքարի անկեղծ վերլուծության։

Նոր սերնդի «վերագրավումը»՝ նորարարական ծրագրերով. Գլխավոր մարտահրավերն այսօր, ըստ պարոն Մարկոսյանի, չորրորդ սերնդի հայ երիտասարդների հետ աշխատանքն է։ Ինչպե՞ս հայկականությամբ հետաքրքրել նրանց, ովքեր ծնվել ու մեծացել են բրազիլական մշակույթի մեջ։

«Պետք է իրատես լինենք, մեծամասնությունն արդեն ապրում է բրազիլացիների մեջ»,— խոստովանում է նա՝ օգտագործելով «վերագրավել» բառը՝ որպես իրենց առաքելության բանաձև։ Իսկ դրա ամենաարդյունավետ գործիքը Հայաստանն է: Նա ներկայացնում է կոնկրետ օրինակներ։

ՀԲԸՄ-ի «Ֆոկուս» համաշխարհային երիտասարդական հավաքը, որն այս տարի անցկացվեց Հայաստանում, աննախադեպ հաջողություն ունեցավ. նախատեսված 500-550 տոմսերը սպառվեցին մեկ շաբաթում։ Մեկ այլ նախաձեռնության շնորհիվ, որի շրջանակում սփյուռքի երիտասարդները գալիս են ոչ թե զբոսաշրջության, այլ կոնկրետ գործ անելու՝ շաբաթներով ապրելով Հայաստանի գյուղերում և վերանորոգելով դպրոցներ։

«Իրենք շնչում են այդ ամեն ինչն ու սիրահարվում են»,-նշում է նա՝ ընդգծելով, որ այսպիսի ծրագրերից հետո երիտասարդներն արդեն ինքնուրույն են պլանավորում իրենց հաջորդ այցը։

Բրազիլիա և Հայաստան. անվտանգության և կյանքի ցնցող հակադրություն Զրույցը լի է անսպասելի բացահայտումներով, որոնք կոտրում են կարծրատիպերը «արևոտ» Բրազիլիայի մասին։ Ամենացնցողը անվտանգության հարցն է։

«Բրազիլիայի փողոցում հեռախոսով չենք կարող պատասխանել, խլում են։ Ինձ հետ եղել է՝ զենքը գլխիս վրա են պահել ու մեքենաս տարել են։ Իսկ Հայաստանում սարսափելի անվտանգ է»,-պատմում է Ավետիս Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ այսօր Երևանը դարձել է համաշխարհային քաղաք՝ գրավիչ ոչ միայն հայերի, այլև օտարների համար։ Միևնույն ժամանակ, նա բացահայտում է բրազիլահայ համայնքի յուրահատկությունը․ նրանց մեծ մասը զբաղվում է կոշիկի բիզնեսով, ինչը սկիզբ է առել առաջին հայ ընտանիքներից։ «Եթե մտնեք մոլ, կտեսնեք, որ կոշիկների խանութների կեսից ավելին պատկանում է հայերին»,— հպարտությամբ նշում է նա։

Ռազմավարական շրջադարձ և աշխարհաքաղաքական իրողություններ․ ՀԲԸՄ-ն այսօր ռազմավարական փոփոխությունների փուլում է։ Այն ունի նոր նախագահ՝ Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը։ Սակայն, բացի ներքին փոփոխություններից, կա նաև արտաքին մարտահրավերների գիտակցում։ Ավետիս Մարկոսյանն անկեղծորեն խոստովանում է, որ իրենց դիվանագետները նշում են. «Բրազիլիան աշխարհի համար ոչ կարևոր երկիր է»։ Հենց սա է պատճառը, որ կազմակերպությունն իր ուշադրությունը կենտրոնացնում է ավելի մեծ աշխարհաքաղաքական կշիռ ունեցող երկրների վրա՝ լրագրողների և գործիչների հրավիրելով ԱՄՆ-ից և Եվրոպայից, որպեսզի Հայաստանի մասին խոսույթն ավելի լայն արձագանք գտնի։ Այս ամենի հիմքում, սակայն, անձնական պատմությունն է։

Ավետիս Մարկոսյանի համար ամեն ինչ սկսվել է, երբ պապը նրան «ստիպել» է հաճախել հայկական դպրոց, իսկ 12 տարեկանում խորհրդային «Ճամբար»-ով Հայաստան կատարած այցը «կնիք է դրել» նրա ողջ կյանքի վրա։ Այդ օրվանից սկսված առաքելությունն այսօր վերածվել է հստակ համոզմունքի․ «Մեր հույսը, մեր աղբյուրը, մեր ամեն ինչը Հայաստանն է»։

Կարդացեք նաև

Back to top button