
Միջուկային լարվածությունը Մերձավոր Արեւելքում կրկին համաշխարհային քննարկումների թեմա է։ Այս թեմային անդրադառնալով՝ գերմանական հեղինակավոր «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ Իրանը եվրոպական եռյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, և Մեծ Բրիտանիայի հետ կարող է վերսկսել միջուկային բանակցությունները՝ պայմանավորված վերջին ամիսներին Թեհրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներով ու ԵՄ-ի պատժամիջոցների սպառնալիքներով։Մյուս կողմից՝ Իրանը կրկին բարձրացնում է միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը՝ պատժամիջոցների ուժեղացման դեպքում։
Իրանն իր սկզբունքային համաձայնությունն է տվել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը․ հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։ Իրանական «Tasnim» գործակալությունը նաև գրում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Դեռ կիրակի այս լրատվամիջոցը հաղորդել էր, որ Իրանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կարող են բանակցել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ արդեն այս շաբաթ։ Ավելի վաղ երեք եվրոպական երկրները զգուշացրել էին, որ բանակցությունների վերսկսումից հրաժարվելու դեպքում Իրանի դեմ կարող են կրկին կիրառվել միջազգային պատժամիջոցներ։
«Բանակցությունների անցկացման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն արդեն ձեռք է բերվել, սակայն դեռ ընթանում են խորհրդակցություններ դրանց ժամանակի և տեղի շուրջ», – նշել էր «Tasnim»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
Գերմանական Դոյչե Վելլե պարբերականը նկատում է, որ այս պայմանավորվածությունը հաջորդում է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ այսպես կոչված «Եռյակի» երկրների ԱԳ նախարարներն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հեռախոսազրույցներին։ Սա առաջին նման շփումն էր այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ հասցրին Իրանի միջուկային օբյեկտներին։ Հիմա արդեն հայտնի է, որ հուլիսի 25-ին է Իրանը Ստամբուլում հանդիպելու Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկրի միջուկային ծրագիրը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային նախօրեին հայտարարեց, որ բանակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։
«Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է անցկացնել բանակցությունների նոր փուլ», — պետական հեռուստատեսությանը ասել է Բաղային։
Երեք երկրները զգուշացրել են, որ եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիր չկնքվի մինչև օգոստոսի վերջ, կվերականգնեն Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները։
Անդրադառնալով պատժամիջոցների վերականգնման սպառնալիքին՝ գերմանական DW պարբերականը հիշեցնում է, որ եվրոպական երեք երկրները, ինչպես նաև Չինաստանն ու Ռուսաստանը, մնում են Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի կողմեր։ ԱՄՆ-ը դուրս է եկել այդ համաձայնագրից 2018 թվականին։ Համաձայնագիրը նախատեսում էր պատժամիջոցների վերացումը Իրանի նկատմամբ՝ միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Այժմ վերահաստատվում է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ կվերականգնվեն, եթե մինչ այդ չվերսկսվեն նախկինում Իսրայելի և Իրանի միջև պատերազմից առաջ Իրան-ԱՄՆ բանակցությունները կամ եթե դրանք չտան ակնառու արդյունքներ։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին խստորեն քննադատել է պատժամիջոցների վերականգնման սպառնալիքները։ Դեռ օրեր առաջ Արաղչին հայտարարել էր.
«Եթե Եվրոպական Միությունը ցանկանում է որևէ դեր ունենալ այս հարցում, պետք է պատասխանատվորեն գործի և հրաժարվի սպառնալիքների ու ճնշման՝ արդեն մաշված մեթոդներից, ներառյալ «հետագծման» մեխանիզմից, որի համար նրանք բացարձակապես ոչ բարոյական, ոչ էլ իրավական հիմքեր չունեն»։
Իրանն էլ իր հերթին է խոսում «եթե»-ների լեզվով․Պաշտոնական Թեհրանը պատժամիջոցների ուժեղացման դեպքում սպառնում է դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից և սկսել հարստացնել ուրանը 60 տոկոսից բարձր մակարդակի։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային հայտարարել է․
«Իրանն այս պահին ընդամենը կամավոր դադարեցրել է որոշ քայլերի կատարումը, սակայն մինչև օրս մնում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի անդամ, սակայն պատժամիջոցների շարունակման պարագայում օրակարգում կարող են հայտնվել պայմանագրից դուրս գալը, 60 տոկոսից բարձր ուրանի հարստացումը, արդիականացված ցենտրիֆուգների արտադրությունն ու արտահանումը, ինչպես նաև միջուկային ոլորտում միջազգային հարաբերությունների ընդլայնումը»,- Ռեզայիի խոսքն է մեջբերել «Tasnim» գործակալությունը։
DW-ն հիշեցնում է, որ Իսրայելի և Իրանի միջև պատերազմը սկսվելուց առաջ Թեհրանն ու Վաշինգտոնն Օմանի միջնորդությամբ արդեն հինգ փուլ բանակցություններ էին վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սակայն կողմերը բախվել էին լուրջ խոչընդոտների, մասնավորապես, Իրանում ուրանի հարստացման հարցում։ Արևմտյան երկրները ցանկանում են այն հասցնել զրոյի՝ նվազեցնելու Իրանի կողմից միջուկային զենքի մշակման հավանականությունը։




