
«Փարաջանովի սիրելի հովանոցը. Վերականգնված ցուցանմուշի պատմություն» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժ. 18։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
Պատկերասրահից հայտնում են, որ շարունակվում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը և այս տարի ներկայացվում է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։

«Լեգենդար արվեստագետը սիրում էր ամեն տեսակի հնություն․ պաճուճազարդ գլխարկներն ու հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային այլազան իրերը նա հավաքում, վերափոխում, վերածում էր արվեստի գործերի և դարձնում իր կախարդական ու հրաշքներով լի աշխարհի կենդանի դերակատարներ։ Իր կյանքի և ստեղծագործության սիմվոլիկ «հերոսներից» մեկն էլ հովանոցն էր:
Ինչպես ինքն էր ասում. «Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես քնում եմ հովանոցով և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։
Արվեստագետի թաիլանդական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից Ազգային պատկերասրահի Վերականգնման բաժին է հանձնվել 2022 թվականին խիստ անմխիթար վիճակում։ Այսօր, փուլային բարդ վերականգնումից հետո, այն ներկայացվում է այցելուին։
Փարաջանովի հովանոցի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով, ինչպես նաև թեմատիկ ցուցանմուշներ, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Կարմեն» անիմացիոն ֆիլմը, հատված ռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստ Փարաջանովը» վավերագրական ֆիլմից և պատմական-գեղարվեստական կարևոր արժեք ունեցող լուսանկարներ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուից: Ներկայացված են նաև Սերգեյ Մեչիտովի հեղինակային լուսանկարները։ Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ կիրառված գործիքներով ու նյութերով։
Երկրորդ սրահում ցուցադրվում են վերականգնված հովանոցը և դրա զարդանախշերն ու դետալները վերարտադրող անիմացիան (հեղինակ՝ Աշոտ Մարաբյան, անիմացիա՝ Նարեկ Նազարյան):
Ցուցահանդեսն ունի նաև ինտերակտիվ բաժին, որի շրջանակում այցելուները կարող են ստեղծել «փարաջանովյան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։
Նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող՝ Մարինա Հակոբյան, ցուցահանդեսի համակարգող՝ Ամալյա Հովսեփյան», — ասված է հաղորդագրությունում:




