ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

50 օր հրադադարի համար կամ 100% մաքսատուրք․ Թրամփը Պուտինին խաբեբա է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 օր է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Եթե այդ ժամկետում Մոսկվան չկարողանա համաձայնության գալ Կիևի հետ, ԱՄՆ նախագահը սպառնում է խիստ՝ մինչև 100% մաքսատուրք սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Բացի այդ Թրամփը վստահեցնում է, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ համաձայնության է եկել Ուկրաինա զենք ուղարկելու հարցում: Միջազգային մամուլը գրում է, որ ԵՄ նոր պատժամիջոցներն էլ կարող են ռուսական նավթի գինը 15%-ով իջեցնել՝ մեկ բարելի համար ներկայիս 60 դոլարի փոխարեն հասցնելով 47-ի։

Խաղաղության համաձայնագրի համար՝ 50 օր, պահանջը խախտելու համար՝ 100% մաքսատուրք․ Դոնալ Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը խաբում է իրեն, ուստի ինքը պայմաններ է առաջադրելու Կրեմլին։ Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է․  

«Ես գոհ չեմ նրանից։ Մենք հիանալի զրուցում  ենք, և ես կարծում եմ, որ մենք մոտ ենք համաձայնության և այդ ժամանակ նա ռմբակոծում է Կիևում գտնվող շենքերը, դա տարօրինակ է: Իմ զրույցները նրա հետ միշտ շատ հաճելի են: Դրանք շատ հաճելի զրույցներ են թվում: Եվ հետո գիշերը հրթիռներ են արձակվում։ Ես տուն եմ գնում, պատմում եմ առաջին տիկնոջը, որ խոսել եմ Վլադիմիրի հետ, ասում եմ, որ հրաշալի զրույց ունեցանք և կարծում եմ՝ համաձայնության եկանք։ Մելանիան նայում է ինձ ու ասում. «Դե դա տարօրինակ է… նա հենց նոր ծերանոց է ռմբակոծել»։ Չեմ ուզում ասել, որ նա մարդասպան է, բայց նա կոշտ տղա է:

Դա ապացուցվել է տարիների ընթացքում: Նա շատ մարդկանց է խաբել։ Խաբել է Քլինթոնին, Բուշին, Օբամային, Բայդենին, բայց ոչ ինձ»:

Թրամփի կարծիքով, առևտուրը կարող է լավ գործիք լինել պատերազմները դադարեցնելու հարցում: Ըստ այդմ ՝Թրամփը Պուտինին 50 օր ժամանակ է տվել՝ ուկրաինական խնդրում համաձայնության հասնելու համար։ Հակառակ դեպքում սպառնում է, որ 100% մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։

«Սա սարսափելի պատերազմ է և եթե այն չավարտվի, եթե մենք 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնենք, մեծ մաքսատուրքեր կսահմանվեն։ Հույս ունեմ, որ մենք չենք հասնի այդ կետին։ Կարծում եմ՝ ես զգացի, չգիտեմ՝ դու ինչպես, Մարկ, բայց ես զգացի, որ մենք մոտ չորս անգամ համաձայնության եկանք և ահա մենք դեռ խոսում ենք դրա մասին»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Վաշինգտոնը և դաշնակիցները համաձայնության են եկել Ուկրաինա զենք ուղարկելու հարցում:

«Մենք կարտադրենք զենք, բայց ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները կվճարեն դրա համար», — ասել է Թրամփը։ Նա հստակեցրել է, որ դա միլիարդավոր դոլար արժեցող ռազմական տեխնիկա է, որը ՆԱՏՕ-ն գնելու է Միացյալ Նահանգներից և արագ ուղարկելու է մարտադաշտ:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մտադիր են Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել Ուկրաինային, Թրամփը պատասխանել է, որ կա մի երկիր, որն ունի 17 Patriot համակարգեր, որոնք էլ պատրաստվում են ուղարկել Ուկրաինա։

Թրամփը նախկինում ասել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է Patriot համակարգեր վաճառել եվրոպացիներին՝ դրանք հետագայում Կիևին փոխանցելու համար։

«Ուկրաինան իսկապես կստանա հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա՝ թե՛ ՀՕՊ համակարգեր, թե՛ հրթիռներ և թե զինամթերք» վստահեցրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրան չի գոհացրել ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը։

«Հիշում եմ, որ դուք կարողացաք Մարկո Ռուբիոյի և Սթիվ Ուիտկոֆի հետ այս բանակցությունները սկսել Ստամբուլում։ Այո, հիշում եմ, որ ես ինքս մայիսին Թուրքիայում էի։ Նա լուրջ մարդկանց չուղարկեց բանակցությունների։ Եվ մենք ճնշում գործադրեցինք ուկրաինացիների վրա՝ Ստամբուլ լուրջ թիմ ուղարկելու համար։ Եվ նրանք դա արեցին։ Բայց հետո ռուսները եկան, ու պատմաբանը բացատրում էր Ռուսաստանի պատմությունը 1250 թվականից ի վեր»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս հայտարարությանը հակադարձել է, ասելով, որ եթե չի սխալվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ևս պատմաբան է։ Նա խոսել է ռուսական պատվիրակության կազմի մասին․

«Մեդինսկին նախագահի օգնականն է և նա ռանգով ավելի բարձր է, քան նախարարը, այսինքն, նա ռանգով ավելի բարձ է, քան նա, որը գլխավորում էր ուկրաինական պատվիրակությունը»։

Պեսկովը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները․

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները բավականին լուրջ են։ Դրանց մի մասը հասցեագրված է անձամբ նախագահ Պուտինին։ Մեզ, իհարկե, ժամանակ է հարկավոր Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար և, եթե նախագահ Պուտինը անհրաժեշտ համարի, անպայման կմեկնաբանի»:

Պեսկովը նաև ասել է, որ Մոսկվան սպասում է ուղիղ բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ Կիևի առաջարկներին։

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որից հետո Զելենսկին գոհունակություն է հայտնել ԱՄՆ նախագահին․

«Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին մեր ժողովրդի կյանքը պաշտպանելու պատրաստակամության համար»։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, Թրամփի որոշումը դրական է համարել։ Սակայն Պուտինին տրված 50-օրյա ժամկետը, Կալասի կարծիքով, չափազանց երկար է։

Կալասը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը կարող է հաստատվել մի քանի օրից։

Reuters-ն ու Politico-ն գրում են, որ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ռուսական նավթի գինը իջեցնել 15%-ով։ Ներկայումս ռուսական նավթի գինը մեկ բարելի համար 60 դոլար է: Նոր պատժամիջոցները կիրառելուց հետո ռուսական նավթի սահմանաչափը կտատանվի 47-50 դոլարի սահմանում և այն կթարմացվի պարբերաբար։ Ներկայումս եվրոպական Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելը վաճառվում է 70 դոլարով։

Կարդացեք նաև

Back to top button