ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կրկեսի մասնավորեցումից մինչև պետականացում․ Պետգույքի կառավարման կոմիտեն մանրամասներ է հաղորդում

Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝  պահանջելով  պետությանը վերադարձնել Երևանի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող Կրկեսի անավարտ շենքի սեփականության իրավունքը։ Հայցադիմումի մեջ կոմիտեն, որպես հիմնավորում, ներկայացրել է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը պատկանող «Երևանյան կրկես» ընկերությունը տարիներ շարունակ չի կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, չի ավարտել շենքի շինարարությունը, ինչի ժամկետը բազմիցս երկարաձգվել է։ 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը վերջնակետն էր, որից հետո պետությունը սկսել է գույքը վերադարձնելու գործընթացը։ Հայցադիմումն արդեն ուղարկվել է դատարան, այն վարույթ առայժմ չի ընդունվել, սակայն պետգույքի կառավարման կոմիտեում վստահ են՝ եթե  անգամ տարիներ տևի, Կրկեսը կվերադարձվի պետությանը։

Երևանի կրկեսը, որի շինարարությունը ձգձգվում է արդեն տարիներ, իր դռները բացելու փոխարեն շուտով դատարանի դուռը կհասնի։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դատարան ներկայացրած իր հայցով պահանջում է, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն կրկեսի անավարտ շենքն ու հողատարածքը վերադարձնի պետությանը։
Կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետ Գառնիկ Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում բացատրում է՝ դեռ 20 տարի առաջ կրկեսի շենքը որոշակի պարտավորությունների դիմաց օտարվել էր մասնավոր ընկերության։ 2006թ,-ից շենքը փաստացի պատկանում է «Տաշիր Կապիտալ» ընկերությանը։

«Արդյունքում՝ պատասխանողը պայմանագրով ստանձնել է որոշակի պարտավորություններ, և այդ պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գույքը նաև գրավադրված է եղել պետության օգտին։ Հետագայում արդեն, երբ պարտավորությունները սահմանված կարգով չեն կատարվել, պետության կողմից բազմաթիվ հնարավորություններ են ընձեռվել, որ պարտավորություններն այլ ժամկետում կատարեն։ Մի քանի անգամ այդ պայմանագրերում փոփոխություններ են կատարվել, ներդրումների չափ է փոխվել, ժամկետներն են երկարաձգվել»,-բացատրում է Հովհաննիսյանը։

«Երևանյան կրկես» ընկերությունը, որի 76.5 տոկոս բաժնեմասը պատկանում է «Տաշիր Կապիտալ»-ին, պարտավոր էր ամբողջությամբ ավարտել շինաշխատանքները, ներքին հարդարման աշխատանքներն ու ապահովել 30 նոր հիմնական աշխատատեղ ու իրականացներ կրկեսային գործունեություն։ Բազմաթիվ երկարաձգումներից հետո, կառավարության հերթական որոշմամբ, այս աշխատանքների իրականացման վերջնաժամկետը էր սահմանվել 2023թ դեկտեմբերի 31-ը։ Վերջնաժամկետից հետո 6 ամիս շարունակ ընկերությունը պետությանն ամսական վճարել է գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 0.1 տոկոսի չափով տուգանք։ Այդ ժամկետը սպառելուց հետո արդեն պայմանագիրը ենթակա էր լուծման։ Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավաբանը շեշտում է՝ հենց այդ պահից էլ սկսվել է գույքը պետությանը վերադարձնելու գործընթացը։

«Երբ արդեն տուգանքները վճարելուց հետո էլ չէր կատարվել պարտավորությունը, մենք արդեն, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, գրավոր առաջարկ ենք ներկայացրել կողմին, որ կողմը ներկայանա, լուծի պայմանագիրն ու պետությանը վերադարձնի գույքը, սակայն բացասական պատասխան ենք ստացել պատասխանողի կողմից, և արդեն ձեռնարկել ենք համապատասխան միջոցներ։ Գործի նյութերում որոշակի փաստեր առկա չէին, ապացույցները բացակայում էին։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ դիմել ենք կադաստրի կոմիտե, Կադաստրային գործն ենք ամբողջությամբ պահանջել և հայցադիմումը կազմել եւ ուղարկել ենք դատարան»։

Երևանյան կրկեսի շենքը չի գործում արդեն 14 տարի։ 2006-ին օտարվելուց 5 տարի անց՝ 2011թ․, որոշում ընդունվեց շենքը վերանորոգել 3 տարվա ընթացքում։ Ավելի ուշ, սակայն, որոշվեց շենքը հիմնովին քանդել և նորը կառուցել։ 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով: Դեռ ադ ժամանակ շինաշխատանքների ավարտ էր նշվում 2015թ–ը, սակայն՝ պարբերաբար հետաձգումներ, հետո համավարակ, պատերազմ, ու մինչև օրս կրկեսը շահագործման չի հանձնվել, չնայած շենքն արտաքուստ կանգուն է, տարածքի այգին էլ՝ բարեկարգված։  

Իրականում պետությունը պատասխանողին մի քանի անգամ հնարավորություն է ընձեռել պարտավորությունները կատարելու, մասնավորապես պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագրերով մի քանի անգամ երկարաձգվել է պարտավորությունների կատարման ժամկետը, հնարավորություն տալով կողմին կատարել այդ պարտավորությունները, իրենց իսկ կողմից առաջարկած ժամկետում, բայց փաստերը ցույց են տալիս, որ իրենց առաջարկած ժամկետում նույնպես այդ պարտավորությունները չեն կատարվել։

Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է չեղյալ համարել պետության և «Տաշիր Կապիտալ»-ի միջև կնքված գույքի օտարման պայմանագիրը, արդյունքում՝ պետությանը վերադարձնել մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում 6070քմ մակերեսով անշարժ գույքը, հարակից շինություններն ու հողատարածքը։ Հայցը ներկայացվել է դատարան, առայժմ միայն մակագրված է, վարույթ դեռ չի ընդունվել։ Դատական գործընթացը կարող է 2-3 տարի, անգամ ավելի երկար տևել։

Պետգույքի կառավարման կոմիտեի իրավական ապահովման և դատական ներկայացուցչության բաժնի պետ Գառնիկ Հովհաննիսյանն ասում է՝ պատրաստ են անցնել դատական տարբեր ատյաններով։

«Ռադիոլուրը» կփորձի այս թեմայով պարզաբանումներ ստանալ նաև «Տաշիր Կապիտալ»-ից։

«Մի քիչ էլ համբերություն, ու մեր շքեղ կրկեսում տեղի կունենա բացումը»։

Դեռ 2021թ․ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահություն էր հայտնում, որ մի քանի ամիս հետո մեզ Կրկեսի բացմանն է հրավիրելու։ Հրավեր չստացանք, այսօր էլ որևէ կերպ Պետրոսյանի հետ կապ հաստատել չստացվեց, զանգերն անպատասխան մնացին։ Տարիներ առաջ բառի ուղիղ իմաստով առանց տանիքի մնացած կրկեսի գեղարվեստական ղեկավարը պատմում էր, որ կրկեսի թիմը ոչ մի օր իր աշխատանքը չի դադարեցրել։ Սոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կրկեսային թատերախումբն ամիսներ առաջ է վերջին ելույթներն ունեցել Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։ Իսկ թե երբ Կրկեսը կվերադառնա Կրկես․․․ պարզ չէ արդեն 15 տարի։

Կարդացեք նաև

Back to top button