
Ադրբեջանում, որտեղ նավթարդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից է, բնապահպանական մարտահրավերներն ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում․ ահազանգում են հենց ադրբեջանցի լրագրողներն ու բնապահպան-ակտիվիստները։
«Գեղարդ» վերլուծական հիմնադրամի վերջին զեկույցն անդրադառնում է այդ երկրում վերջին ամիսներին գրանցված էկոլոգիական խնդիրներին։ Այսպես, ադրբեջանցի բնապահպան Իսլամ Մուստաֆաևը փաստել է, որ Ադրբեջանի 250 լճերի մեծ մասի վիճակը չի համապատասխանում սանիտարական և բնապահպանական պահանջներին, իսկ Ապշերոնի շրջանի Մահմմադի գյուղի լճում ձկների զանգվածային անկում է գրանցվել։
Ադրբեջանի իշխանությունները պատճառաբանել են, թե մասնավոր տնտեսությունում տեղի ունեցածի համար իրենք պատասխանատու չեն։ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտի բաժնի վարիչ Անվար Ալիևը, սակայն, հակադարձել է իշխանությանը, պնդելով, որ ձկների զանգվածային անկումը լճում էկոհամակարգի խախտման հետևանք է։
Հայաստանում այս թեմայով պատրաստված զեկույցի համահեղինակ, արևելագետ Գոռ Մարգարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է, որ ադրբեջանական իշխանությունների նման մոտեցումը և՛ ներքին լսարանին, և՛ աշխարհին ապակողմնորոշելու և «greenwashing»-ի փորձ է․
«Էստեղ ռեակցիան շղթայական է։ Ինչո՞ւ, որովհետև նույն բնապահպան-ակտիվիստները կամ լրագրողները, որոնք կարող են Ադրբեջանում թեկուզ և մի փոքր բարձրաձայնել այս մասին, միանգամից ճնշվում են։ Ադրբեջանական իշխանությունները միանգամից փակում են նրանց բերանը, իսկ ադրբեջանական իշխանությունների գործելաոճի վրա աչք է փակում միջազգային հանրությունը»։

Ադրբեջանի՝ բնապահպանական խնդիրներով մտահոգ բնակիչները բողոքի բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել՝ ասում է Գոռ Մարգարյանը։ Սաբունչիի շրջանի Մաշթաղա ավանի տարածքի բնակիչներից մեկն, օրինակ, տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են գործադիր իշխանության մարմիններին պատկանող բեռնատարները պարբերաբար անվադողեր, ջարդոն ու կենցաղային աղբ թափում լիճ։
«Նրանք ասում են, թե մաքրել են տեղանքը և աղբը տեղափոխել այլ տարածք, մինչդեռ թափոնները լցրել են գետը»,-տեսանյութում ասում է ադրբեջանցին։
Արևելագետ Գոռ Մարգարյանի դիտարկմամբ՝ այս խնդիրները չեն հուզում անգամ Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի ղեկավարությամբ գործող «Շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով միջազգային երկխոսություն հասարակական միության»-ը․
«Էստեղ ամբողջ զավեշտն այն է, որ Ադրբեջանը, փորձելով ներկայանալ իբրև խիստ բնապահպանական արժեքներով, բնապահպանական խնդիրներով մտահոգ երկիր, իրականում ունի նման ծայրահեղ ծանր վիճակում գտնվող էկոհամակարգ, որը պետք է ընդունել, որ որոշ դեպքերում բավական հաջող կարողանում են քողարկել՝ ներկայանալով բնապահպանական տարբեր ձեռնարկներով, կազմակերպությունների տեսքով, ինչպիսին հենց այդ կազմակերպություն է, որը 2011 թ․-ից ղեկավարում է Իլհամ Ալիևի դուստրը։ Ադրբեջանում լճեր կան, որոնք նավթարդյունաբերության մնացորդների ու աղբի հավաքատեղի են դարձել։ Անգամ էնտեղ լիճ կա, որ կոչվում է Մազուկրու։ Բառը հուշում է արդեն, որ այն արդյունահանման մնացորդների հետ է կապված»։
Նույն հիմնադրամը վերջերս երիտասարդ ադրբեջանցիների համար կազմակերպել է ճանաչողական էքսկուրսիա Արցախի տարածքում՝ փորձելով ցույց տալ, թե վերջին ամիսներին ինչ-ինչ լայնածավալ աշխատանքներ են արվել այնտեղ՝ մանրամասնում է արևելագետը․
«Բնապահպանական կեղծ ակտիվությունը, որը հաճախ ոչ այլ ինչ է, քան «greenwashing», Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են նախ սեփական քաղաքական հայատյաց նպատակներով, ապա նաև ներքին լսարանի համար՝ իրենց ակտիվիստներին, լրագրողներին ճնշելու ֆոնին, և այդ ամբողջը անում են անարգել, հետևողականորեն ու պարբերաբար»։
Ուշագրավ է, որ թե՛ տեղական, թե՛ միջազգային մասնագետների գնահատականներով՝ տարածաշրջանի ամենաաղտոտված երկրներից մեկը պարբերաբար Հայաստանին մեղադրում է հանքարդյունաբերական խախտումների ու ջրային ռեսուրսների վատնման մեջ։ Վերջին նման հայցն Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի ներկայացրել է փետրվարին՝ Հաագայի արբիտրաժային դատարան՝ պահանջելով «լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»: Այն հաջորդում է Ադրբեջանի կողմից 2023-ին միջազգային արբիտրաժային դատարան ներկայացված 2 այլ գործի՝ հղում անելով Բեռնի կոնվենցիային և Էներգետիկ խարտիային՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
«Այս ատյան Հայաստանը որևէ հայց չի ներկայացրել, սա, թերևս, միակ ատյանն է, որտեղ հարձակվողի դերում հանդես է գալիս ադրբեջանական կողմը։ Բայց, իմ գնահատմամբ, այդ հարթակում հայցերի ներկայացման հնարավորություններ Հայաստանի համար ևս կան, պարզապես սա քաղաքականության մաս է, և գործադիր իշխանությունը պետք է հավանություն տա նոր հայցերի ներկայացմանը, և նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը չի սպառել իրավական հայցեր ներկայացնելու բոլոր հնարավորությունները»։

Սահակյանի խոսքով, մինչև Ադրբեջանի ներկայացրած հայցերի արժանահավատությունը և փաստարկվածությունը քննարկելը, պետք է պարզել, թե Հայաստանը որքանով է պատասխանատու Լեռնային Ղարաբաղում բնական ռեսուրսների ենթադրյալ վատնման համար․
«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետականություն է եղել՝ իր լեգիտիմ ղեկավարությամբ, ադմինիստրատիվ ռեսուրսներով, որոշումների կայացման մեխանիզմներով, և այստեղ իշխանությունը իրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության կողմից, ապա Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն պատասխանատու է եղել բացառապես մարդու իրավունքների խախտումների համար, և սա ներդրված կոնցեպտ է միջազգային իրավունքում, որպեսզի բացառեն վակուումը մարդու իրավունքների դիտանկյունից։»
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից որպես ապացույց ներկայացված ինչ-ինչ տվյալների, ապա միջազգային իրավունքի մասնագետն ասում է, որ դեռ վաղ է գնահատականներ տալ, սակայն Ադրբեջանի իշխանությունները պետք է կարողանան ապացուցել կենսաբազմազանության ոչնչացման և Հայաստանի իշխանությունների դիտավորության պատճառահետևանքային կապը․
«Բովանդակային առումով պետք է հասկանալ փաստերը, ապացույցները, վաղ է մասնագիտական գնահատական ձևավորելը, սակայն ընդհանրական գծերով նշեմ, որ վնասի համար պետք է հիմնավորվի պատճառահետևանքային կապը, և այստեղ Ադրբեջանը ոչ միայն պետք է կարողանա ցույց տալ բնությանը, կենսաբազմազանությանը հասցված վնասը, այլև կարողանա ցուցադրել դրանց առաջացումը Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերի, որոշումների հետևանքով»։
Նախորդ աշնանը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարեց, որ իր աջակցությամբ կմշակվի Հայաստանի և Ադրբեջանի անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների ու ինժեներների խումբը պետք է համատեղ միջոցներ ձեռնարկեր՝ պարզելու, թե սահմանային տարածքներում ջրերի օգտագործման կամ աղտոտման ինչ խնդիրներ կան։ Աշխատանքային խմբում ներգրավված հիդրոլոգներից մեկը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ աշխատանքները չեն մեկնարկել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։




