
Իսրայելա–իրանական պատերազմը, կարծես, խաղաղության փուլ է մտել, բայց Իրանը ռազմական գործողություններին առնչվող հարցեր ունի և սպասում է Ադրբեջանից դրանց պատասխաններին։ Հարցերը քննարկվել են ամենաբարձր մակարդակով․ Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, և Թեհրանը սպասում է հետաքննության արդյունքներին։ Ադրբեջանին առնչվող կասկածները և Բաքվում օրերս տեղի ունեցած պայթյունները հայաստանյան վերլուծական դաշտում պատահական չեն համարում։
Իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմում Ադրբեջանի դերը պարզելու համար Թեհրանը դեռ սպասում է հետաքննության արդյունքներին։ Հետախուզական տվյալների հիման վրա դիմել են Բաքվին` հաստատել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
« Կսպասենք, տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքները ինչպիսին կլինեն։ Հենց հստակ լինի հետաքննության արդյունքը, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես արձագանքենք այդ իրողությանը»։
Շրջանառվող լուրերը տարբեր են։ Իրանը խոսում է Ադրբեջանի տարածքից անօդաչու փոքր սարքերի արձակման տեղեկությունների մասին։ Պատերազմի ակտիվ փուլում Իսրայելի պետական հեռուստաալիքի եթերում հրեա փորձագետ Դրոր Բալազադան իրավիճակը վերլուծելիս հայտարարել է, որ Իրանի Շահրուդ քաղաքում տեղակայված օբյեկտների վրա հարձակման ժամանակ Իսրայելը ենթադրաբար կարող էր օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը։ Փորձագետը հիմնվել էր այն փաստի վրա, որ իսրայելական ռազմական օդանավերը Շահրուդի վրա հարձակումը գործել են Իրանի հյուսիսից, որից հետո կրկին վերադարձել են հյուսիս։
Հեռուստաընկերության եթերում իսրայելցի փորձագետը քարտեզների մասին է խոսել։ Բացել է և տեսել, որ Իրանի հյուսիսային հարևանները Ադրբեջանն ու Թուրքմենստանն են, որոնց հետ Իսրայելը շատ լավ հարաբերություններ ունի։ Այդ ամենը հաշվի առնելով՝ փորձագետը հավանական է համարել, որ գրոհները եղել են Ադրբեջանից։ Հավելել է, որ նման հայտարարություններ են հնչում նաև Իրանից։
Օրերս այս թեման քննարկվել է անգամ Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցում։ Ադրբեջանի ղեկավարի հավաստիացումների կողքին Փեզեշքիանն Ալիևին կոչ է արել հետաքննել Իրանի վրա հարձակվելու համար Իսրայելի կողմից Ադրբեջանի օդային տարածքն օգտագործելու մասին լուրերը։
Թեման շարունակում է քննարկվել, ու թերևս դա է պատճառը, որ երկու օր առաջ Բաքվում հնչած պայթյուններն ու դրանց հաջորդած հրդեհը շատերը տարօրինակ համարեցին և իրադարձությունները միանգամից կապեցին իրար հետ։
Հայաստանյան վերլուծական դաշտում տարբեր կարծիքներ են շրջանառվում Բաքվում հնչած պայթյունների առնչությամբ, բայց բոլորը տարօրինակ են համարում հակասական տեղեկություն տարածելու փաստը։ Ադրբեջանական մեդիատիրույթն ուսումնասիրող փորձագետներն արձանագրել են, որ պայթյունի առաջին րոպեներին հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցները տարածեցին, թե հրդեհվել է ադրբեջանական ՊՆ ռազմաարդյունաբերական «Ալով» գործարանը, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ ռազմական արտադրություն իրականացնող առնվազն երկու գործարան էր պայթել։ Իսկ ադրբեջանական փակ ֆորումներում շրջանառվում էր երրորդ պայթյունի մասին լուրը՝ արդեն քաղաքի այլ հատվածում։
Ավելի ուշ պաշտոնապես ներկայացվեց, թե «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում պիրոտեխնիկա է բռնկվել։
Հայաստանյան վերլուծական դաշտում ենթադրում են, որ դեպքերը հնարավոր է պատասխան քայլ են և կարող են կապված լինել հնչած կասկածների հետ։ Այդ մասին տարբեր վերլուծություններ կան սոցցանցերի հայկական տիրույթում, տարբեր կարծիքներ են հնչում, թե Բաքվի պայթյունների պատասխանատուն ով կարող է լինել։ Չեն բացառվում նաև տարածաշրջանը թեժ պահելու որևէ երրորդ կողմի փորձերը։
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ենթադրությունները հնարավոր է համարում, բայց ուշադրություն է հրավիրում այլ փաստերի վրա։
«Մենք տեսանք, որ երեք օդանավակայան էին կառուցել, մեկն էլ Լաչինում ավելացավ։ Դրա կարիքը տնտեսական առումով, բնակչության թվի առումով չկա ։ Այդ ժամանակ էլ, երբ կառուցվում էր, բոլորն ասում էին, որ սա ռազմական կիրառման պիտի լինի։ Երբ նայում ենք այն զինատեսակները, որոնք գնում է Ադրբեջանը, դրանք ակնհայտորեն ոչ միայն և ոչ այնքան Հայաստանի դեմ են ուղղված»։
Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով շարունակում է հերքել տարածվող խոսակցությունները։ Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելու ժամանակ անգամ Ալիևն անդրադարձել է հարցին և անհեթեթություն է որակել այդ պնդումները: Արդյոք Ադրբեջանի տրամադրած տվյալները արժանահավատ կլինե՞ն Թեհրանի համար. Հայաստանում Իրանի դեսպանը չի շտապում պատասխանել այդ հարցին՝ ասելով, թե պետք է սպասել:




