
Ֆրանսիան Հայաստանի ամենամտերիմ բարեկամներից է, իսկ ֆրանսահայերը՝ ավելի քան կես միլիոն համայնքով, համարվում են Եվրոպայի ամենաազդեցիկը։ Փարիզի փողոցներից մինչև կառավարական բարձրագույն շրջանակներ, հայկական ներկայությունը տեսանելի է, և թվում է՝ այս ներուժը պետք է Հայաստանի համար վերածվեր անսասան վահանի։
Սակայն այս իդեալական պատկերի հետևում թաքնված է մի խորը և անհանգստացնող պարադոքս։ Եթե համայնքն այդքան հզոր է, ինչո՞ւ նրա իրական ազդեցությունը չի համապատասխանում իր թվաքանակին։ Ինչո՞ւ են ֆրանսիական կառավարության քայլերը հաճախ մնում խորհրդանշական դաշտում, և ինչո՞ւ է այս հսկայական համայնքը պայքարում միասնական ձայնով խոսելու համար։
«Սփյուռքի ձայնին» տված հարցազրույցում «Միասին» համահայկական հարթակի հիմնադիր, ֆրանսաբնակ Վարդան Գաբրիելյանը բարձրացնում է այն վարագույրը, որի հետևում թաքնված են այս հարցերի պատասխանները։ Եվ դրանք, ինչպես պարզվում է, ոչ այնքան Փարիզում են, որքան հենց մեր՝ հայերիս մեջ։

150 հազարանոց «անտեսված բանակը»
Վարդան Գաբրիելյանը ներկայացնում է մի ցնցող վիճակագրություն, որը մերկացնում է համայնքի ամենացավոտ խնդիրը։ Ֆրանսիայում ապրող մոտ 150,000 հայ երեխաներից և պատանիներից միայն 2,000-ն է հաճախում հայկական (կամ հայկական թեքումով) դպրոցներ։ Եթե նույնիսկ այս թվին ավելացնենք ևս 20-30 հազար երիտասարդների, որոնք ինչ-որ կերպ առնչվում են հայկական մշակութային կամ պատանեկան միություններին, ապա ստացվում է, որ ավելի քան 100,000 հայ երիտասարդ մնում է համայնքային կյանքից դուրս։
«Սա ոչ այլ ինչ է, քան մի ամբողջ բանակի կորուստ։ Ո՞վ է զբաղվում այդ բանակով,- հարց է տալիս Վարդան Գաբրիելյանը և ավելացնում: -Սա մեր ապագան է»։ Այս երիտասարդները, որոնք կորչում են ձուլման անապատում, համայնքի չիրացված ներուժն են և նրա ապագայի ամենամեծ սպառնալիքը։
«Ի՞նչ ենք ուզում». չսահմանված նշաձողի խնդիրը
Մյուս հիմնարար խնդիրը, ըստ «Միասին» համահայկական հարթակի հիմնադրի, հստակ նպատակների բացակայությունն է։ Համայնքը չի կարողանում միասնականորեն ձևակերպել, թե կոնկրետ ինչ է ակնկալում Ֆրանսիայից։
«Մենք բավարարվո՞ւմ ենք տարին մեկ անգամ նախագահ Մակրոնի հետ ընթրիքով և գեղեցիկ հայտարարություններով, թե՞ պահանջում ենք միլիարդավոր դոլարների իրական աջակցություն, ինչպես Ուկրաինան է ստանում»։
Քանի դեռ տարբեր կազմակերպություններ, կուսակցություններ ու անհատներ չեն նստել միևնույն սեղանի շուրջ և չեն սահմանել գործողությունների ընդհանուր, համաձայնեցված ծրագիր, ցանկացած պահանջ կմնա հատվածական և անարդյունավետ։ Այս ներքին պառակտվածությունը թույլ չի տալիս համայնքին հանդես գալ որպես միասնական, հզոր բանակցող կողմ։
Փոխել մտածողությունը. ոչ միայն խնդրել օգնություն, այլև լինել պիտանի
Թերևս ամենաինտրիգային գաղափարը, որը առաջ է քաշում Վարդան Գաբրիելյանը, հարաբերությունների բուն տրամաբանության փոփոխությունն է։
«Պետք է մենք էլ բան ունենանք տալու»,— ասում է նա։
Այլևս բավարար չէ հանդես գալ միայն խնդրարկուի դերում։ Հայաստանը և Սփյուռքը պետք է Ֆրանսիայի և մյուս դաշնակիցների համար դառնան «անշրջանցելի»՝ այսինքն, անփոխարինելի գործընկերներ։ Դա նշանակում է զարգացնել գիտությունը, տնտեսությունը, տեխնոլոգիաները, դառնալ այնքան ուժեղ և պիտանի, որ մեզ հետ համագործակցությունը դառնա շահավետ բոլորի համար։ Միայն ուժեղ, ինքնաբավ և առաջարկելու բան ունեցող Հայաստանը կարող է ակնկալել իրական, ոչ թե խորհրդանշական աջակցություն։




