
«Էյ Թի Փի»-ն այս տարի տոնում է Հայաստանում 30-ամյա գործունեությունը։ Բարեգործական ընկերությունը բնապահպանական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ հիմնելով անտառներ, պուրակներ։ 30-ամյակի առթով հանրապետության մի շարք մարզերում բազմապիսի միջոցառումներ են անցկացվում։
Մասնավորապես, Աշտարակ քաղաքին կից Սեմոնյան այգում տնկվեց ավելի քան 2000 ծառ, ինչպես նաև այգու օղակաձև հատվածը զարդարվեց խորհրդանշական՝ 9 միլիոներորդ սոսի տեսակի ծառով։
Աշտարակ քաղաքին կից Սեմոնյան այգու ծառատունկն ազդարարվեց «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի խորհրդանշական՝ 9 միլիոներորդ ծառի տնկմամբ։
Այսուհետ այգու կենտրոնական հատվածը կզարդարի լայն սաղարթ ունեցող սոսին։ Ավելի քան 2000 ծառ տնկվեց նորաստեղծ այգում։ Արտերկրից ժամանած հյուրերը, դեսպաններն ու միջոցառմանը հրավիրվածները մասնակցեցին ծառատունկին։
«Մինչ ծառատունկ իրականացնելը, լայնածավալ աշխատանքներ են կատարվել. նախապես կարգի է բերվել հողատարածքը, այնուհետև կաթիլային ոռոգման համակարգն է տեղադրվել, ընտրվել են ծառատեսակներ, որոնք կարող են իրենց դրսևորել տեղի բնակլիմայական պայմաններում»,-մանրամասնեց դենդրոլոգ Գևորգ Զարոյանը։
Ընկերությունն արդեն 30 տարի բնապահպանական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ հիմնելով անտառներ, պուրակներ։ Ավելի քան 1600 հեկտար անտառտնկման և 1800 համայնքապատման տեղամասերում «Էյ Թի Փի»-ն տնկել է 9 միլիոն ծառ։ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանն ասում է՝ խորհրդանշական ծառով կազդարարվի հաջորդ մեկ միլիոնի տնկման աշխատանքների մասին։ Այգում տնկված տնկանյութերը բերվել են կազմակերպության կողմից հիմնադրված Կարին տնկարանից, որը ևս գտնվում է նույն համայնքում։ Ծառատունկից հետո այց կատարեցինք տնկարան, որտեղ այցելուներին սպասում էին տնկարանի աշխատակիցները։ Ագրոնոմ Տիգրան Պալազյան պատվարժան հյուրերին սիրով ներկայացրեց իր աշխատանքի պտուղները՝ տնկարանում հանդիպող ծառաթփատեսակները, որոնց խնամում են նորածին երեխայի պես։ 1200 քառ․ մետր տարածքում աճեցվում են 150 տեսակից ավելի ծառաթփատեսակներ, ինչպես նաև արևադարձային և մերձարևադարձային բույսեր։ Կարին տնկարանի ղեկավար Սերյոժա Ջիլավյանն ընդգծում է, որ տնկարանում արտադրվում են անտառային և դեկորատիվ բուսատեսակներ, որոնք հիմնականում տրամադրվում են բարեգործական նպատակով։ Տնկարանի տնկանյութերը դեռ տարբեր համայնքների այգիներում, անտառներում ու կանաչ գոտինեում կգտնեն իրենց տեղը։ Յուրաքանչյուր տնկարան ստեղծվել է հատուկ առաքելությամբ, պատմում է « Էյ ԹԻ Փի» կազմակերպության տնօրեն Ռուզաննա Առուստամյանը՝ ընդգծելով, որ հանրապետության տարբեր հատվածներում ստեղծվել են տնկարաններ, որտեղ աճեցվում են տվյալ մարզի բնակլիմայական պայմաններին համապատասխան տնկայութեր։ Ընկերության հոբելյանի առթով հանրապետության տարբեր մարզերում շարունակական կլինեն նմանատիպ միջոցառումները։
«Այս 9 մլն-րդ ծառը վառ ապացույցն է, թե ինչ ենք արել։ Սա խոսում է մեր ձեռքբերումների մասին։ Այն խմբային աշխատանքի արդյունք է, որը հնարավոր է եղել իրականացնել տասնյակ մարդկանց ջանքերի շնորհիվ»,-նկարագրում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, նշելով, որ այն ժամանակ տարածքն ամայի էր, քարքարոտ։
Ընկերության հոբելյանի առիթով հանրապետության տարբեր մարզերում շարունակական կլինեն նմանատիպ միջոցառումները։


















