
Մեկնարկել է «Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը: Այն կանցկացվի 3 փուլով։ Հայտերի ընդունման` նախընտրական փուլը կավարտվի հունիսի 15-ին։ Դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։
Հունիսի 20-ին «Մետրո» թատրոնում ընտրական փուլի եզրափակիչ համերգին կմասնակցեն նախնական փուլն անցած հայտատուները: Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք հնարավորություն կստանան մասնակցել փառատոնի սևանյան փուլին։ Ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերն , ինչպես միշտ, հոգում են փառատոնի կազմակերպիչները։

Փառատոնի սևանյան փուլը տեղի կունենա հուլիսի 18-ից 20-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում։
Համերգային երկու օրերին կմասնակցեն այս տարվա ընտրական փուլը հաղթահարած, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և 13 երկրներից ժամանած հանրաճանաչ երգահանները։
Փառատոնի գալա համերգը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Այս տարի փառատոնին կմասնակցեն Բելառուսի, Բելգիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Իսրայելի, Լատվիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
«Հուսո առագաստ» փառատոնը իրականացնում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Բարդերի ակումբի աջակցությամբ։
Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և իրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբ և աջակցությամբ, այդ թվում նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։




