ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Կիևը հրադադարի մասին իր հուշագիրը ներկայացրել և սպասում է ռուսական առաջարկին․ Մոսկվան չի շտապում

Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու նշաններ չկան, ընդհակառակը, փոխվել է Մոսկվայից ու Վաշինգտոնից հնչող հայտարարությունների բնույթը։ Ավելի շատ կասկածներ պարունակող ձևակերպումներ են ներկայացվում։ Էլ ավելի է սրվել ԵՄ երկրների մոտեցումը։ Մասնավորապես, Գերմանիայի կանցլերը Ուկրաինայի հետ հեռահար հրթիռների համատեղ արտադրության մասին է հայտարարում։

ԱՄՆ-ի և ՌԴ վերջին հայտարարությունների բնույթը փոխվել է։ Եթե դեռ մեկ շաբաթ առաջ Սպիտակ տան ու Կրեմլի ձևակերպումներն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հույսի նշաններ էին պարունակում, ապա այժմ պատկերն այլ է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ անկախ այդ հայտարարություններից, պատրաստ է անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու։

Բայց Թրամփը նաև տարակուսած է, քանի որ դեռ չի կարող ասել՝ Պուտինը իսկապե՞ս ցանկանում է դադարեցնել պատերազմը, թե՞ ոչ․

«Մենք կիմանանք՝ նա մեզ խաբո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե՝ այո, մենք մի փոքր այլ կերպ կպատասխանենք»:

ԱՄՆ նախագահը հույս ունի, որ այս անորոշությունը կպարզվի մոտ երկու շաբաթից։

Դոնալդ Թրամփն ասում է, որ շատ հիասթափված է անցած շաբաթ Ուկրաինայի տարածքի զանգվածային հրետակոծությունից:

Հարցին, թե ինչո՞ւ նա պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի նկատմամբ, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ չի ցանկանում խափանել հնարավոր խաղաղության համաձայնագիրը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ  հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել կառուցողական և բարի կամքի վրա հիմնված երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ։ Նա ասել է, որ դա է պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը, տեղեկացնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։

Ռուբիոյի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հրավիրել է հանդիպելու Ստամբուլում։ Ըստ նրա, Մոսկվան Կիևի հետ խաղաղության պայմանագրի մասին հուշագիր է պատրաստել, որը կներկայացնի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին․

«Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, արագ մշակել է համապատասխան հուշագիրը, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ: Մեր պատվիրակությունը, Վլադիմիր Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այս հուշագիրը ներկայացնելու ուկրաինական պատվիրակությանը և անհրաժեշտ պարզաբանումներ տալու երկրորդ հանդիպման ժամանակ: Ստամբուլում վերսկսված ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը երկուշաբթի՝ հունիսի 2-ին է»։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին սակայն հայտարարում է, որ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կապ է հաստատել Պուտինի օգնական Մեդինսկիի հետ, սակայն դեռևս չի ստացել խոստացված հուշագրի տեքստը։

«Մենք, իսկապես, սպասում էինք, որ նրանք կհայտարարեն իրենց «օրակարգի»՝ հրադադարի, ապա՝ առաջնորդների հանդիպման ծրագրի մասին: Մենք դա սպասում էինք նույնիսկ գերիների փոխանակումից առաջ: Այնուհետև մեզ ասացին, որ օրակարգը կամ հուշագիրը կհայտնվի փոխանակումից անմիջապես հետո: Բայց փոխանակումից հետո էլ մենք ոչինչ չստացանք»:

Ուկրաինայի նախագահի հայտարարությունից հետո Մեդինսկին ասել է, որ Մոսկվան Կիևին արդեն առաջարկել է նոր հանդիպման վայրը և ժամանակը:

Այս լարվածության ֆոնին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ առանձնազրույցից հետո լրագրողներին խոստացել է, որ Բեռլինն ու Կիևը սպառազինության, այդ թվում՝ հրթիռների համատեղ արտադրություն կսկսեն, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք հրապարակայնորեն չենք բացահայտի բոլոր մանրամասները, բայց մեր միջև կան պայմանավորվածություններ Ուկրաինայի արտադրության մեջ ներդրումների վերաբերյալ, մասնավորապես՝ զենքի արտադրության, անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ, որոնք թույլ են տալիս առավելագույնս արդյունավետ կերպով փրկել ու մեր զինվորների կյանքը»։

«Այսօր մեր պաշտպանության նախարարները կստորագրեն ուկրաինական արտադրության հեռահար զենքի համակարգերի, այսպես կոչված հեռահար կրակոցների ձեռքբերման մտադրության մասին հռչակագիրը: Հեռահարության սահմանափակում չի լինի: Սա Ուկրաինային հնարավորություն կտա լիովին պաշտպանվելու, այդ թվում՝ իր սեփական տարածքից դուրս գտնվող ռազմական թիրախներից»:

Սրան ի պատասխան՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սոցիալական ցանցերում գրել է, որ Գերմանիան, ըստ էության, արդեն լիարժեք մասնակից է ուկրաինական հակամարտությանը, գերմանական տեխնիկան և մասնագետները անմիջականորեն պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։

«Այսպիսով, Գերմանիան կրկին Ռուսաստանի թշնամին է, կրկին մասնակցում է պատերազմին, առաջնորդվելով իրենց իսկ ստեղծած նացիստական ​​գաղափարախոսությամբ»,-գրել է Մեդվեդևը։

Ըստ Մեդվեդևի, եթե տեղեկություններ լինեն, որ գերմանացի ռազմական մասնագետները մասնակցում են Ռուսաստանի տարածքի հեռահար հրթիռակոծմանը, ապա պատասխան գործողությունների վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն էլ նշում է, որ Կիևը հրադադարի մասին իր հուշագիրը ներկայացրել է ռուսական կողմին։ Այժմ Ռուսաստանն առնվազն չորս օր ունի իր հուշագիրը Կիևին ներկայացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button