ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երբ դանակը ոսկորին հասնի, միջոցներ կգտնվեն․ Մայիս 28-ը՝ անքննելի ապացույց

«Ստեղծարարություն՝ ատելության միջավայրում» խորագրով են պատմաբաններն ու գիտնականները քննարկում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում բնիկ հայերի նկատմամբ բռնություններն ու հայատյացության դրսևորումները։

Պատմական գիտությունների թեկնածու, «Գեղարդ» վերլուծական հիմնադրամի հետազոտող Գոռ Մարգարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ չնայած բռնաճնշումներին, հայերն այդ բնակավայրերում զարգացրին մշակութային ու գիտական կյանքը, հատկապես  մեծ էր հայ ճարտարապետների ու ինժեներների ներդրումը նոր ձևավորվող քաղաքներում ու գյուղերում։

«Կարևոր է արձանագրել, որ այսօր երբեմն ադրբեջանցի հետազոտողներ, իշխանությունների պատվերով աշխատող վերլուծաբաններ, հետազոտողներ  երբեմն անուշադրություն են ցուցաբերում և խոստովանում են, որ այո, դրանք հայկական են, այո, դրանց կառուցողները հայ ինժեներներ են, և հետո հանկարծ ցինիկաբար սկսում են արդարանալ։ Սա ցինիզմ է, այլ կերպ չի կարելի անվանել, սկսում են արդարացնել, թե գիտեք ինչ, լեհերն էլ են ինչ-որ շենքեր կառուցել Բաքվում, բայց լեհերի կառուցածի հետ հայկականը համեմատելի չէ, որովհետև ի հակադրություն և ի տարբերություն լեհականի կամ մյուսի, Գանձակում, Բաքվում, Գարդմանում, Նախիջևանում, Արցախում հայկականը տեղինն է, բնիկն է»։ 

Գոռ Մարգարյանը

Աշխատաժողովը գիտական փաստերով ցույց է տալիս, թե ինչպես են հայ նավթարդյունահանողների, գործարարների, ճարտարագետների ու գիտնականների ստեղծած նյութական ու ոչ նյութական արժեքները ջնջվել կամ վերագրվել թյուրքախոս մուսուլմաններին՝ ասում է Գոռ Մարգարյանը։ Մայիսի 28-ը պատմական ճշմարտությունից խոսելու լավագույն ամսաթիվն է՝ մանրամասնում է պատմաբանը։

« Ինչո՞ւ է այսօրվա հետ կապված, որովհետև այս պետությունը ստեղծման օրվանից իր անունը վերցրեց, յուրացրեց մեկ այլ պատմական տարածաշրջանից՝ իրանական Ադրբեջանից, նույն այս օրվանից Ադրբեջանի Հանրապետություն կոչված պետությունն այսօր ադրբեջանցիների կողմից ներկայացվում է իբրև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն, և խոսքը նրա մասին է, որ ստեղծման օրվանից, առաջացման օրվանից այս պետությունը վերցրեց  յուրացնելու, կեղծելու քաղաքականություն»։ 

Ադրբեջանի՝ պատմությունը կեղծելու ու տարածաշրջանի մշակույթն իրեն վերագրելու քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս, դրա վերջին օրինակը շաբաթներ առաջ Վենետիկում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողովն էր՝ մանրամասնում է պատմաբանը։ Նրա խոսքով՝ այդ գիտաժողովի հիմնական նպատակը պատմական իրողությունները ջնջելն ու նոր պատմություն հորինելն էր, իսկ մասնակիցների ցանկում ընդգրկված հայտնի գիտնականների մի մասը իր մասնակցության մասին տեղյակ չէր։ Ադրբեջանը, նրանց անուններն օգտագործելով, պարզապես ցանկանում էր բարձրացնել իր հեղինակությունը։

«Պատահական չեն Եվրոպայի տարբեր հատվածներում կազմակերպված տարատեսակ հորինածին ցուցահանդեսները կամ Վատիկանում կազմակերպված գիտաժողովը՝ իբրև թե Ադրբեջանի տարածքում քրիստոնեությանը նվիրված։ Սա պիտի գիտակցել, որ Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է տանում՝ ցույց տալու, միֆ ստեղծելու, թե այդ ամենը միջազգային հանրույթի կողմից ընկալվում է նորմալ, դա նորմալ չի կարող ընկալվել միջազգային հանրույթի կողմից»։

Երբ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով խոսում է չեղած պատմությունից ու դիրքավորվում իբրև հնամյա քաղաքակրթություն, Հայաստանի նորագույն պատմության կարևոր ամսաթվերը, ինչպիսին մայիս 28-ն է, նոր իմաստ են ստանում՝ ասում է պատմաբան Արտակ Մաղալյանը։ Նրա կարծիքով՝ օրվա ամենակարևոր ուղերձն այն է, որ իսկապես, երբ ելք ու ճար չի մնում, ինչ-որ տեղից խենթերը վերածնվելու հնար են գտնում․

«Դանակը եկել հասել էր ոսկորին և Սարդարապատի հերոսամարտով բոլորը ուղղակի ոտքի էին կանգնել՝ հայության այս հատվածը փրկելու համար։ Մենք այնտեղ տեսնում ենք և հոգևորականների, օրինակ Գարեգին Հովսեփյանին, մեծ դեր էր խաղացել նաև ժամանակի կաթողիկոս Գարեգին Սուրենյանցը, երբ  նրան առաջարկեցին, որ տեղափոխվի ավելի ապահով վայրեր, նա կտրուկ հրաժարվեց,  և ասեց, որ ես վեհարանում կընկնեմ, բայց ես չեմ լքի Մայր Աթոռը։ Նաև կազմակերպչական անուրանալի տաղանդ ուներ ժամանակին՝ Արամ Մանուկյանը, զինվորականները՝ Դանիել Բեկ-Փիրումյանը, Սիլիկյանը, Պողոս Բեկ-Փիրումյանը»։

Անգամ թշնամին էր տպավորված հայկական զորքի կռվով՝ ասում է պատմաբանն ու մեջբերում թուրքական ուժերի հրամանատարի խոսքերը․

«Թուրքական ուժերի հրամանատարը, Վեհիբ փաշան, եթե չեմ սխալվում, ինքը ասեց, որ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել լավագույն զինվորները։ Դա, փաստորեն, այդ օրերի՝ մեր հակառակորդի գնահատականն է»։

Թվում էր, թե Սարդարապատի հերոսամարտը հայ նորագույն պատմության վերջին՝ հաղթական ճիչն էր, սակայն 2020-ի 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, որ մայիս 28-ի իրադարձություններից դեռ չքաղած դասեր ունենք՝ ասում է Մաղալյանը։

«Այդ օրվանից բազմաթիվ ուսանելի դասեր կան, մասնավորապես միաբան լինելու և էլի, հայության համար որքան էլ ցավալի է, այդ վերջին ճակատամարտին պատրաստվելու դասն է, որ գալիս է այդ օրերից, որովհետև, փաստորեն, պատմությունը կրկնվում է, ժամանակները թեև անմիջական նույն ձևի չեն, սակայն բազմաթիվ նմանություններ կան․ և՛ հակառակորդն է նույնը, և՛ մարտահրավերներն են նույնը, և՛ մենք ենք նույնը»։

Պատմաբանը հիշեցնում է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվեց աշխարհաքաղաքական ծանր ժամանակաշրջանում․ Ցեղասպանությունից փրկված բազմահազար հայ գաղթականներ, տրանսպորտային ուղիների շրջափակում ու սով։ Ուժերի գերլարումամբ ու 3 ճակատամարտերում փառահեղ հաղթանակներով ստեղծված  Առաջին Հանրապետությունը պատմական անքննելի ապացույցն է՝ երբ դանակը ոսկորին հասնի, նորից ապրելու կամքն ու միջոցները կգտնվեն՝ եզրափակում է պատմաբանը։

Կարդացեք նաև

Back to top button