ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Երևանի ու Բաքվի միջև խաղաղության օրակարգն օրինակ պետք է լինի մյուս երկրների համար․ Պաղեստինի ԱԳ նախարար

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով վերջին 24 ժամում, ըստ Գազայի առողջապահության նախարարության, առնվազն 79 մարդ է սպանվել, 163-ը՝ վիրավորվել։ Al Jazeera-ն նշում է, որ պատերազմի սկզբից զոհվածների թիվն անցնում է 54 հազարը, վիրավորվել է 124 հազար մարդ։ Այս թվերը չեն ներառում տվյալներ հյուսիսում գտնվող հիվանդանոցներից, քանի որ դրանք դժվարհասանելի են։ «Բավական են այս վայրագությունները, աշխարհը պետք է ջանքեր գործադրի պատերազմը դադարեցնելու համար»,– լրագրողների հետ զրույցում ասել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակից Պաղեստինի Պետության արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը։ Նա Գազայի հատվածում բնակվող եզակի հայերից է։

Ավելի քան 54 հազար զոհ ու 124 հազարից ավելի վիրավոր․ իսրայելա-պաղեստինյան վերջին պատերազմի սկզբից մինչև օրս գրանցված այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Բավական են այս վայրագությունները․ խաղաղ բնակիչներ են մահանում»,- ասում է Պաղեստինի Պետության արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը։ Նա պահանջում է, որ աշխարհը ջանքեր գործադրի պատերազմը դադարեցնելու համար։

«Մենք գիտենք, որ այն կարելի է կանգնեցնել, պարզապես անհրաժեշտ է իրական մտադրություն այն դադարեցնելու համար։ Ժամանակն է ասել, որ մենք բավականաչափ ավերածություններ ենք տեսել, և մենք այլևս չենք կարող դիմանալ դրան»։

Իսրայելի հետ հակամարտության լուծումն ամրագրված է միջազգային իրավունքում՝ ասում է Վարսեն Աղաբեկյանը․

«Միջազգային իրավունքը, իհարկե, մեզ ճշգրտորեն ասում է, թե ինչ պետք է արվի, երբ մի երկիրը օկուպացնում է մեկ այլ երկիր: Երբ մի երկիր խախտում է միջազգային բոլոր օրենքները, երբ այն խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը: Իսրայելը դա անում է երկար ժամանակ՝ մոտ յոթ տասնամյակ: Այսօր Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պատասխանատվության ենթարկելը նշանակում է, որ երբ Իսրայելը սխալ է գործում, նրան պետք է ասվի, որ սխալ է գործում»։

Պետնախարարն իմաստուն որոշում է համարում Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը։ Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ Հայաստանը հետևում է միջազգային իրավունքին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

«Այսօր խաղաղությունը նշանակում է հարգել Պաղեստինի տարածքային ամբողջականությունը, հարգել պաղեստինցիների իրավունքները, հարգել այն փաստը, որ պաղեստինցիները պատմական Պաղեստինի 78%-ը զիջել են Իսրայելին, և նրանք ցանկանում են իրենց հողերը նյութականացնել 22%-ի վրա։ Այդ 22%-ը ճանաչել են աշխարհի 149 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ Մենք շատ ուրախ ենք դրա համար»։

Պաղեստինցի պետնախարարը հույս ունի, որ այլ երկրներ ևս կհետևեն  Հայաստանի օրինակին ու կճանաչեն Պաղեստինը։

Վարսեն Աղաբեկյանն ասում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ազդում է նաև հայ համայնքի վրա։ Բռնազավթումը դուրս մղող գործոն է։ Դրա պատճառով շատերն են արտագաղթել տարածաշրջանից, այդ թվում՝ հայ համայնքից:

«Համայնքից մեծ թվով հայեր հեռացել են և՛ Սիրիայից, և՛ Լիբանանից, և՛ Պաղեստինից, ու կշարունակեն հեռանալ, քանի որ ցանկանում են ավելի լավ հնարավորություններ ունենալ այլ տեղերում: Խաղաղությունը կպահպանի մարդկանց իրենց երկրում: Դրա համար մենք պետք է ունենանք այս խաղաղության համաձայնագիրն այսօր՝ մինչև վաղը, որպեսզի կարողանանք պահպանել էթնիկ խմբերին, որտեղ էլ նրանք լինեն: Հայերը շատ կարևոր խումբ են Պաղեստինում»:

Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին վերաբերող՝ «Ռադիոլուր»–ի հարցին, կարծիք հայտնեց, որ այդ փաստաթուղթը կարող է օրինակելի լինել այլ հակամարտությունների լուծման համար։

«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ համաձայնության են հասել, որ ռազմական ուղին անհաջող է և որևէ տեղ չտանող։ Կյանքեր փրկելու և երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, կարծում եմ, նպատակ պետք է լինի խաղաղությունը։ Պատերազմը չպետք է լինի նպատակը։ Պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ պատերազմները կարող են միայն ավերածություն ու մահ բերել։ Հետևաբար շատ բան կա սովորելու Հայաստանից և Ադրբեջանից»:

Պաղեստնի արտգործնախարարի համոզմամբ՝ «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովը լավ հնարավորություն է հայկական կողմի ասելիքն ու խաղաղության օրակարգի ուղղությամբ աշխատանքը միջազգային հանրությանը լսելի դարձնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button