
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Բաքվի հետ խաղաղության շուրջ համաձայնեցված համաձայնագիրը կնքելու Երևանի պատրաստակամությունը: «Երևանյան երկխոսություն›› միջազգային համաժողովի ընթացքում ներկայացվել են պաշտոնական Երևանի մոտեցումներն ու առաջարկները՝ ուղղված տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելուն։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար պատմական պահը պետք չէ կորցնել։ «Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,– նշել է վարչապետն իր ելույթում։ Արտգործնախարար Միրզոյանը հավելել է, որ անորոշությունը մեծ է, բայց և դիտարկում արել, որ հայ հանրությունն այժմ ավելի պատրաստ է խաղաղությանը։
Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումից հետո առաջիկայում նոր շփումներ կլինեն կողմերի միջև՝ արդեն ավելի կոնկրետ հարցերի շուրջ։ Այս սպասումների մասին «Երևանյան երկխոսություն›› միջազգային համաժողովի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Տիրանայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին։
«Մեր գնահատականով՝ հանդիպումը բավականին կառուցողական է եղել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումները ադրբեջանական կողմի հետ։ Որքան շուտ ստորագրվի այս համաձայնագիրը, բնականաբար, այդքան շուտ կկարողանանք կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցության և մեր տարածաշրջանի բոլոր պետությունների ժողովուրդների բարեկեցության խնդիրների վրա»։
Մի քանի առաջարկ, որ Հայաստանը Ադրբեջանին փոխանցել էր ամիսներ առաջ, դեռ անպատասխան է՝ հաստատում է Կոստանյանը։ Դրանց ավելացավ պաշտոնական Երևանի նոր առաջարկը, որը վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակմանը, Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովմանը, և որը վարչապետ Փաշինյանը ներկայացրեց «Երևանյան երկխոսություն›› միջազգային համաժողովի ընթացքում։
«Ես վերահաստատում եմ, որ անձամբ ես և մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը՝ մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն ունենալու համար։ Հիմա ասենք, թե ինչ է առաջարկում Հայաստանը։ Մենք պատրաստ ենք որոշ ծառայություններ առաջարկել և մեր գաղափարը՝ հայկական լոկոմոտիվները՝ բեռնափոխադրող գնացք, կարող են Հայաստանի և Ադրբեջանի հսկողությունն անցնել, գնացքները Ադրբեջանից կարող են գալ անցնել սահմանային, անձնագրային վերահսկողություն և հասնել Նախիջևան, մնալ այնտեղ և մեկնել հակառակ ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ Հայաստանը ներկայումս կոնկրետ առաջարկ ունի և պատրաստ է ապահովել ու կազմակերպել սա։ Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է, և ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնվի, մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ»։
Ուշագրավ է, որ «հայկական լոկոմոտիվներ» կամ «բեռնափոխադրող գնացք» ձևակերպումների տակ, ըստ ամենայնի, նկատի է առնվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ– ն, որը 2008 թվականից հայաստանյան երկաթուղիների կառավարիչն է, և որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության 100% դուստր ձեռնարկությունն է։ Ընդ որում՝ Բաքվին նոր առաջարկն ուղղվում է ՌԴ արտգործնախարար Լավրովի հայաստանյան այցից հետո։ Համաժողովի ընթացքում հարցի այս կողմերին անդրադարձ չեղավ, իսկ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն տարածաշրջանի ապաշրջափակման հարցի առնչությամբ որոշ մեկնաբանություններ ներկայացրեց։
«Ես պետք է հստակեցնեմ, որ մենք չենք ընդունում որևէ փոփոխություն տարածաշրջանի ռազմավարական «լանդշաֆտում», դրա «անկյուններում» կամ որևէ այլ վայրում։ «Զանգեզո՞ւր» կկոչվի, թե այլ բան, Իրանի դիրքորոշումը հստակ է, չպիտի լինի քարտեզի փոփոխություն։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչը համահունչ է միջազգային իրավունքին և միջազգային նորմերին։ Շատ կարևոր է նշել, որ ոչինչ չպետք է փոխի այս տարածաշրջանի լանդշաֆտը։ Այդ պատճառով ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է «Խաղաղության խաչմերուկ»–ը ներկայացվել։ Խաղաղությունն այն է, ինչ մեզ իրականում անհրաժեշտ է տարածաշրջանում։ Իրանը պատրաստ է օգտագործել իր ողջ կարողությունը, և կարծում եմ, որ տրամաբանությունը պարզ է»։
Որ տարածաշրջանը վճռորոշ ընտրության առջև է, իր հերթին նկատել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ միաժամանակ ընդգծելով՝ այո, անորոշությունը մեծ է, բայց հայ հանրություն այժմ ավելի պատրաստ է դրա հաղթահարմանը։
«Կառուցել ապագա, որը կառուցելը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլ լավատեսության և հույսով լի տեսլանակը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա։ Պատմությունը հայտնի է, այն չի կարող մոռացվել, այն չի կարող վերաշարադրվել, այդ թվում՝ կեղծ պատմույթների միջոցով, ինչպիսիք ոմանք կձգտեն տարածել։ Եվ թեպետ սպիները մնում են, և ամոքումն ընթացքի մեջ է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնման և վստահության կառուցմամբ։ Հայաստանի տեսլականը հստակ է՝ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով և որևէ մեկի կողմից տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես նաև մյուսների հետ ունեցած ավանդական, բարիդրացիական հարաբերությունների խորացում»։
Միջազգային համաժողովի մասնակիցների ուշադրությունը Հայաստանի վարչապետը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, իր իսկ ձևակերպմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև 100 տոկոսանոց խաղաղություն կա արդեն սահմանազատված 12.7 կիլոմետր տարածքում։
Ադրբեջանի հետ համաձայնեցված 17 կետանոց փաստաթղթին անդրադառնալով՝ Փաշինյանն առանձնացրեց հատկապես երեք կետ։ Նրա խոսքով՝ տեքստի նախագծում կա դրույթ, ըստ որի՝ կողմերը հաստատում են, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են միջազգային սահմաններ, և կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը։ Մեկ այլ կետով՝ կողմերը պարտավորվում են միմյանց չներկայացնել տարածքային պահանջներ և հետագայում էլ չեն կարող լինել նման պահանջներ։ Կետերից երրորդով՝
կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել պայմանագիրը չկատարելու համար։
Վարչապետ Փաշինյանը համարում է, որ Խաղաղության համաձայնագրի կետերը լիովին բավարար են կողմերի մտահոգությունները փարատելու համար։ Ասում է՝ հայկական կողմն էլ ունի մտավախություններ, բայց դրանք նախապայման չի դարձնում՝ լուծումները տեսնելով Խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ։ Համենայնդեպս միջազգային գործընկերների ներկայությամբ վարչապետը հստակեցրեց՝ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերջին նախապայմաններին, ապա Հայաստանի վարչապետը վերահաստատեց․ պատրաստ է խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ ստորագրել նաև ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու առաջարկը։ Այդ օրակարգը ընդունելի է համարում Հայաստանի համար և որևէ վատ բան չի տեսնում, որ ստորագրման սեղանին դրվի միանգամից երկու փաստաթուղթ։ Սահմանադրության փոփոխության առումով էլ նշեց․
«Եթե ՍԴ–ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնենք։ Ազնիվ ասեմ, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն։ Կփորձենք և կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և արկարաժամկետ խաղաղության հասնելու համար»։
Այսպիսի զարգացումը, սակայն, Նիկոլ Փաշինյանը քիչ հավանական է համարում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը քննելիս ՍԴ–ն հակասություններ չէր տեսել երկրի Մայր օրենքի հետ։




