
Հայաստանն ու Սլովակիան հնարավորություն ունեն համագործակցելու ռազմարդյունաբերության եւ միջուկային էներգետիկայի ոլորտներում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնակցի՝ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո։
ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ Հայաստանի կառավարության ղեկավարը շեշտել է, որ հայ-սլովակյան համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են։
«Պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Սլովակիայի վարչապետն իր հայտարարության մեջ եւս նշել է համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։ «Մենք՝ Հայաստանը և Սլովակիան, նույն ռեակտորներն ունենք: Ես Ձեզ ներկայացրեցի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված»,- ասել է նա։
Սլովկիան եւս հեռանկարներ է տեսնում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համար։
«Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը՝ եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիս-Ատլանտյան դաշինքից»,- ասել է Ռոբերտ Ֆիցոն։
Սլովակիայի վարչապետը նշել է, որ ռազմական բյուջեի հաշվին ֆինանսավորելու են հիվանդանոցներ, ճանապարհների ու կամուրջների վերակառուցում:
«Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել»,- ասել է նախարար Ֆիցոն։




