
Ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում. նախատեսվում է ներմուծվող ցեմենտի տուրքը 2 հազարից 8 հազար դրամ դարձնել։ Դրույքաչափի բարձրացման հիմքում այն հիմնավորումն է, որ ցեմենտի տեղական գործարանները գնային մրցակցությամբ զիջում են իրանական ընկերություններին։ Տեղական արտադրություններից մի քանիսն արդեն փակման վտանգի առաջ են։ Իրանում ցեմենտ արտադրելն ավելի էժան է պետական սուբսիդիաների և էներգակիրների ցածր գների շնորհիվ։ Նախագիծն այսօր քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
Պաշտպանել տեղական արտադրողին՝ խթանելով ցեմենտի արտադրությունը․ գործադիրը որոշել է նորից բարձրացնել ներկրվող ցեմենտի տուրքը։ Տեղական ցեմենտի ինքնարժեքը, ըստ գործադիրի հիմնավորման, այժմ 42–44 հազար դրամ է, իրանական ցեմենտինը՝ գրեթե 1,5 անգամ պակաս՝ 30–31 հազար դրամ։ Գնային այս տարբերության հետևանքով տեղական արտադրությունը 2024 թ. կրճատվել է 7%–ով, իսկ Իրանից ներմուծումն աճել 72%–ով՝ կազմելով 436 հազար տոննա կամ շուկայի գրեթե 30%–ը։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման մաքսատուրքը բարձրացնել։ Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ընդգծում է․
«Հաշվարկ ենք արել և ինքնարժեքի համահարթեցման նպատակով առաջարկում ենք տուրքը երկուհարյուրապատիկից դարձնել ութհարյուրապատիկ։ Մեկ տոննայի հաշվով 2 հազար դրամը դառնում է 8 հազար դրամ, որպեսզի կարողանաք պաշտպանել ներքին արտադրողին»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը դեմ չէ, որ տեղական արտադրողն աջակցություն ստանա, բայց ուզում է նաև «մինչև ե՞րբ» հարցի պատասխանը ստանալ։ Պատգամավորը հիշեցնում է, որ տեղական արտադրողները պետք է նոր տեխնոլոգիաներով աշխատեին, ավելի մրցունակ դառնային։
«Որքա՞ն պետք է պատշպանենք տեղական արտադրողին, որ մրցունակ դառնա։ Եթե նույն արտադրատեսակը մեկ այլ երկրից տեղափոխում ենք, լոգիստիկ ծախսեր ենք հանում, ու մեր ցեմենտ արտադրողները չեն կարողանում մրցակցել, ապա խնդիրը մերն է, ոչ թե ԻԻՀ–ի արտադրողներինը»։
Փոխնախարարը հիշեցնում է՝ ցեմենտի արտադրությունը ՀՀ–ում ռազմավարական նշանակություն ունի, կարևոր է պաշտպանության ոլորտի համար։ Գործադիրն ասում է՝ որոշել է զսպողական ու հակադեմպինգային քաղաքականություն վարել։ Մյուս պատճառը ԻԻՀ–ում էներգակիրների անհամեմատ ցածր գինն է՝ ասում է Էդգար Զաքարյանը։
«ԻԻՀ–ն սուբսիդավորում է իր արտադրողներին։ Մենք ստիպված ենք որոշակի միջամտություն անել, որպեսզի իրենց մոտ գոյացած ինքնարժեքը գոնե հավասարազոր լինի»։
Պատգամավորը հակադարձում է՝ գուցե Հայաստանի կառավարությունն էլ պետք է դիտարկի սուբսիդավորման հարցը։ Հետաքրքվում է նաև, թե ինչ է փոխել արտոնությունների համակարգը։ Փոխնախարարը բացատրում է՝ ցեմենտի պահանջարկ կա, բայց արտադրությունը չի բավարարում, շուկան թերհագեցած է․
«Այս պահին մեր արտադրողները 1,4–1,5 մլն տոննա են արտադրում, աշխատում են թերծանրաբեռնվածությամբ․ մյուս հատվածն իրանական արտադրանքն է փակում»։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ վատ է, որ մաքսատուրքը սահմանվում է ըստ իրավիճակի, բայց այս պահին այլ լուծում չկա։ 2019–ին, երբ առաջին անգամ փոփոխություններ առաջարկեցին, փորձ էր արվում շուկան դիվերսիֆիկացնել՝ ըստ մարզերի։
«Ցավոք, այս պահին արդյունավետ այլ լուծում չկա։ Նպատակը հետևյալն է՝ այնպես անել, որ տուրքով հավասարակշռենք իրանական ու հայկական ցեմենտի գինը։ Այն ժամանակ, երբ որոշումը ընդունել էինք, լուռ համաձայնություն կար, որ իրանական ցամենտը մրցունակ է լինելու միայն Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում, քանի որ դրանից այս կողմ տրանսպորտային ծախսերի պատճառով էլ մրցունակ չէր լինելու։ Երևանում ՝ Արարատցեմենտը, դրանից վերև՝ Հրազդանցեմնետը կարող էին իրենց արտադրանքը վաճառել։ Բայց վերջինի դեպքում այլ խնդիրներ կան, և իրանական ցեմենտն այսօր Երևանում վաճառվում է ավելի մրցունակ գնով, քան հայկականը։ Այստեղ արդեն գործ ունենք դեմպինգի հետ»։
Նախագծի շահառուն նաև շինարարության ոլորտն է, քանի որ ցեմենտի պահանջարկն այստեղ է ձևավորում՝ արձանագրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը։ Նրա դիտարկմամբ՝ հարցը պետք է ամբողջ արժեշղթայում դիտարկվի՝ բնակարանաշինությունից մինչև տնտեսվարող սուբյեկտներ։
«Շինարարության ոլորտը տարբեր պատճառներով լավ օրեր չի ապրում։ Սա ապախթանող կամ ոլորտի գործը դժվարացնող կարգավորում է»։
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ գործադիրն այս փոփոխությամբ ոչ թե ցեմենտի գնի բարձրացում է ակնկալում, այլ ենթադրում է, որ ներկրող ընկերությունների գերշահույթը կկրճատվի, իսկ հայ արտադրողն ավելի մրցունակ կդառնա։ Եթե անգամ ցեմենտի գինը բարձրանա, ապա, ըստ գերատեսչության հաշվարկների, այդ աճը 1%–ը չի գերազանցի։




