
Զինվորական ծառայության կարգում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթն արժանացել է կառավարության հավանությանը։ Օրենքի ուժ ստանալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը երկու տարվա ծառայության փոխարեն 24 միլիոն դրամի դիմաց 1 ամիս և 18 միլիոն դրամի դիմաց 4 ամիս ծառայելու հնարավորություն կտա։
Պաշտոնական տվյալներով՝ 18 տարին լրացած գրեթե 2200 արական սեռի ներկայացուցիչ ամեն տարի հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Եթե այս պահին շրջանառության մեջ գտնվող նախագիծն օրենքի ուժ ստանա, նրանցից յուրաքանչյուրը կպարտավորվի պետությանը 25 000 դրամի փոխարեն 15 միլիոն դրամ տուրք վճարել։ Նախաձեռնության հեղինակի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այս գաղափարը Կառավարության անդամներին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է ներկայացնում։
«Մինչև 16 տարին լրանալը՝ զինվորական հաշվառման տարիքը, քաղաքացիությունից հրաժարվելու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, այն քննարկվել է միջգերատեսչական հարթակում, անցել է նաև նախարարական կոմիտեով։ Ըստ այդմ՝ ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները․ կրճատված ժամկետով ծառայության 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ և 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27 փոխարեն սահմանել 32 տարեկանը»։
Սուրեն Պապիկյանը հիշեցնում է՝ 2022-ին առաջարկվել, բայց սեպտեմբերյան դեպքերով պայմանավորված առկախված է մնացել «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որով նախատեսվում էր 5 միլիոն դրամ պարգևավճար տալ այն զինծառայողներին, որոնք պաշտպանության նախարարության հետ հնգամյա պայմանագիր կկնքեին։
«Այստեղից էլ այս թվերը․ խոսքը 18 և 24 միլիոն դրամի մասին է, որը վճարելով հնարավոր կլինի կարճ ժամկետով ծառայել։ Դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի 2 պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը»։
Այս որոշումը բանակում սոցիալական անհավասարության հիմքով նոր խնդիրներ չի՞ հանգեցնի՝ հետաքրքրվում է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Ասում է՝ բոլորին է պարզ, որ բանակում մահվան, ինքնավնասման և այլ դեպքերի պատճառներից մեկը ոչ կանոնադրական կամ ենթամշակութային հարաբերություններն են և տեսնում է դրանց խորացման ռիսկեր։
— Զինծառայողների միջև փաստացի տարբերակում է իրականացվում։ Հնարավո՞ր է լինելու կոնկրետ երաշխիքներ ապահովել, որ մենք չունենանք դրա հիման վրա ավելի խորացող ոչ կանոնադրային հարաբերություններ։
— Ինձ թվում է՝ նման հարցերի քննարկման ժամանակ մենք, տարբեր կոմպլեքսներից զերծ մնալով, պիտի խոսենք իրականության մասին։ Իսկ իրականությունն այն է, որ շատ երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունենալու օգտվել այս ծրագրից (եթե մենք ընձեռենք այդ հնարավորությունը), հիմնականում ծառայության մեջ կանոնադրային հարաբերությունները խախտողներն են։
Սոցիալական անհավասարության հնարավոր վտանգի մասին են ահազանգում նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախորդիվ այս նախաձեռնությունը խնդրի լուծման վատագույն տարբերակն էր համարել ու եզրակացրել՝ ծառայելու են նրանք, ովքեր գումար չունեն։
«Սա բերելու է սոցիալական բևեռացման, ավելի է ընդգծելու «աղքատներ» և «հարուստներ» սահմանը։ Սոցիալական հիմքով մարդկանց տարանջատումը բերելու է բազմաթիվ խնդիրների»։
Կառավարության անդամների կարծիքով՝ նախաձեռնությունը զգայուն է, բայց լուծում առաջարկող։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասում է՝ շարունակական արտագաղթի ամենախորքային պատճառներից մեկը տղաներին բանակից ազատելու ցանկությունն է եղել, չարտագաղթողները ևս գտել են ծառայությունից խուսափելու ճանապարհներ։ Համարում է, որ նախաձեռնությունը դժվարացնելու է դա անել ցանկացող մարդկանց կյանքը․
«Բոլորս էլ գիտենք (և սա վերջին 1 տարվա, 2 տարվա բան չէ, 30 տարվա պատմություն է), որ կան զարտուղի ճանապարհներ նույն խնդիրը լուծելու, առանց արտագաղթելու՝ հիվանդություններով կլինի, որևէ կրթությունով կլինի, որևէ կերպ։ Հասարակությունն էլ է քաջատեղյակ խնդրին, բոլոր պետական կառույցներն էլ, և սա մի խնդիր է, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, և դիտարկվել են նաև էս տեսակ լուծումները, բայց երբեք լուծման չենք գնացել, որևէ կառավարություն չի գնացել լուծման։ Հիմա գուցե և կարգավորումները վերջնական չեն, իդեալական չեն, բայց պետք է, կարծում եմ, համարձակություն ունենալ և փորձել գնալ լուծման, որովհետև չլուծելով խնդիրը չի վերացել, այնպես չի, որ մենք չենք արել էս կարգավորումները, և դրանից աստիճանաբար խնդիրը մեղմվել է»։
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ առաջարկը ենթադրում է, որ չծառայելու անբեկանելի որոշում ունեցող մարդիկ կկարողանան վճարել 24 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս՝ ստանալով նախնական պատրաստություն ու զինվորական գործի առաջնային իմացություն կամ վճարել 18 միլիոն դրամ և ծառայել 4 ամիս՝ կրթվելով ուսումնական զորամասում ծառայելու տրամաբանությամբ։ Նրանք, բոլոր դեպքերում, լինելու են զինապարտ՝ հաշվառվելու են պահեստազորում և զորակոչվելու են ՝ ըստ անհրաժեշտության։ Իսկ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ից 32 դարձնելով, նախարարի խոսքով, լուծվելու է կեղծ գիտնականների ու կեղծ հիվանդություններ ունեցողների խնդիրը։
Վերջին 4 տարիների վիճակագրությամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումների և ծառայությունից ազատվելու դեպքերի ավելի քան 80 տոկոսը առողջական խնդիրների հիմքով է։
Կառավարության հավանությունը ստացած նախաձեռնությունն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։




