
Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության համար արդեն կարող են վճարել հաշվառման նոր համակարգով, որին միացել են մի շարք հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ։ Երևանի ավագանու հերթական նիստին այս մասին ասել է քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
Աղբահանության վճարի արդեն իսկ հաշվարկված պարտքն առցանց հարթակում դիտել և վճարում կատարել հնարավոր է yerevan.am, pay.e–community.am, «Հայփոստ», Еasy pay համակարգերով և «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղերում։
Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի բնակիչներն ազատվեցին 2025 թվականի հունվարից մայիս ամիսների համար մինչև հուլիսի 31–ը հաշվարկված տույժերից։ Քաղաքացիները ծանոթացել են վճարման համակարգերին և տեսել են, որ մինչև մայիսի 1–ը հաշվարկված տույժ չի եղել՝ ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
«Այս մի քանի օրվա ընթացքում ՝մայիսի 1–ից մինչև 20–ը, քանի որ դեռևս ոչ մի իրավական ակտ ընդունված չի եղել, որպեսզի տույժից ազատի, առկա է եղել տույժ։ Բայց մենք վարչական շրջանի ղեկավարներին ասել ենք, որ քաղաքացիներին տեղեկացնեն, որ առկա է արտոնության նախագիծ։ Որպես կանոն քաղաացիները այդ տույժերը չեն վճարել։ Եթե բացառիկ դեպքեր եղել են, դրանք կորուստ չեն լինի»։
Մինչև հուլիսի 31-ը կուտակված ոչ մի տույժ-տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի աղբահանության վճարին՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Իսկ փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ աղբահանության համար վճարումներն արդեն հասանելի են առցանց տարբերակով։ Դրանք կարելի է կատարել Երևանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում, pay.e-community.am կայքում, «Հայփոստ»-ի բոլոր մասնաճյուղերում, EasyPay վճարային համակարգով և «Հայէկոնոմբանկ»-ի բջջային հավելվածով։
«Ցանկն ընդլայնվում է, և մոտակա 1-2 շաբաթում մենք ունենալու ենք մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց միջոցով նույնպես կարող եք վճարում կատարել։ Շուտով համակարգին միանալու է նաև Telcell-ը։ Ես կարծում եմ, որ մոտ 1 ամիս հետո բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, շուտով ևս հասանելի կլինեն, և այլևս դժվարություններ չեն լինի»։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն առաջարկեց քաղաքացիներին ազատել տույժ–տուգանքներից ամբողջ տարվա համար, քանի որ նախատեսված ժամկետից արդեն կես ամիս անցել է։ Մինչև համակարգին վարժվելը քաղաքացիների համար խոչընդտոներ կարող են առաջանալ։ Իսկ մեկ տարվա ընթացքում նրանք արդեն լիարժեքորեն կտիրապետեն համակարգին՝ ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։
«Եթե բյուջեում չեք նախատեսել տույժ–տուգանքներից մուտքեր, ապա կարելի է ամբողջ տարվա համար անել»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան․
«Եթե առկա լինի խնդիրը նաև հետագայում, առաջարկե՛ք, կքննարկենք»։
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ Իոսիֆ Կուբատյանը հենց նիստերի դահլիճում փորձեց նոր ներդրված համակարգով վճարել աղբահանության վարձը։ Չհաջողվեց։ Yerevan.am կայքում մուտքագրված տվյալներով ոչ մի տեղեկություն չի գտնվում՝ ասաց Կուբատյանը․
«Ընդունում եք որոշումը, հետո՝ հետաձգում, հիմա էլ մուտքագրում ենք, տվյալները չեն բերում։ Որևէ մեկը փորձե՞լ է համակարգը»։
Արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կարո՞ղ է պարտք չունեք»։
Աղբահանության համար վճարման այս համակարգով տվյալների բազան ճշգրիտ է լինում։ Այն ընդգրկելու է նորակառույց բոլոր շենքերը։ Փոխքաղաքապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ քաղաքացիներն արդեն կարող են վճարել ընթացիկ տարվա աղբահանության համար։




