
Հայաստանյան ջազը լի է հրաշալի մենակատարներով, ստեղծագործողների, համագործակցությունների բազմաթիվ օրինակներով, և այդ երաժշտական եռուզեռի յուրահատուկ մի դրսևորումներից է երգչուհի Աննա Կոստանյանի և սաքսոֆոնահար, ստեղծագործող, Հայաստանի ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի ընտանեկան երկյակը։
«Մեր մոտեցումները և՛ ընդհանուր, և՛ իրարից տարբերվող դրսևորումներ ունեն։ Ես հակված եմ ավելի հանգիստ կատարողական ոճին, իմ ամուսինը՝ ավելի դինամիկ, էքսպրեսիվ։ Դա գալիս է և՛ նրա սաքսոֆոնի բնույթից, և՛ իր՝ մեծ կոլեկտիվի ղեկավար լինելու հանգամանքից։ Նա պետք է վարակի բոլորին երաժշտությամբ» — ասում է Աննա Կոստանյանը։
Երգչուհին զբաղված է մի քանի ջազային նախագծերում, որոնցից առանձնացնում է հատկապես երեքը` «Բիթլզ» խմբի ջազային մեկնաբանությունների համերգային ծրագիրը, «Ջազ Քիդզ» նախաձեռնությունը՝ երեխաների համար հատուկ ջազային ծրագրով և «Սուինգինգ ուիթ Առնո» հատուկ համերգային ձևաչափը, որի հիմքում Առնո Բաբաջանյանի հանրաճանաչ էստրադային երգերն ու ստեղծագործություններն են։
«Ես փոխադրություններ եմ կատարել հատուկ բիգ բենդի համար, հաղորդելով Բաբաջանյանի հայտնի և սիրված երգերին ջազային բնույթ։ Սա մեզ համար լավ առիթ է նրա արվեստի հետ հաղորդակցվելու և երաժշտության միջոցներով մեր հարգանքն ու սերը նրա ստեղծագործության հանդեպ արտահայտելու համար» — շարունակում է Դավիթ Մելքոնյանը։
Բացի դրանից, երաժիշտը զբաղված է նաև սեփական համերգային գործունեությամբ, հաճախ հանդես է գալիս իր ջազ քառյակով և, որպես սաքսոֆոնահար, մասնակցում է բազմաթիվ այլ երաժիշտների և խմբերի նախագծերին։




