ԿարևորՄիջազգային

Դատարանը մերժել է միգրանտների արտաքսման Թրամփի ծրագիրը

Բոստոնի դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկը՝ միգրանտներին Լիբիա և Սալվադոր արտաքսելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։

Երեք դատավորից կազմված հանձնախումբը մտահոգություն է հայտնել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության արտաքսումների քաղաքականության վերաբերյալ՝ բարձրացնելով «անդառնալի վնասի» հարցը, եթե արտաքսումները ճանաչվեն անօրինական։

Փետրվարին Սալվադորի իշխանությունները համաձայնել էին ընդունել Միացյալ Նահանգների կողմից արտաքսված միգրանտներին, նաև ԱՄՆ-ում դատապարտված անձանց և տեղավորել նրանց տեղական բանտերում։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր անօրինական ներգաղթյալների համար «կամավոր ինքնաարտաքսման» ծրագրի մեկնարկի մասին։ Դրա շրջանակներում Միացյալ Նահանգներում անօրինական բնակվող միգրանտները կկարողանան ստանալ ֆինանսական և կազմակերպչական օգնություն հայրենիք վերադառնալու համար՝ խուսափելով ներգաղթի և մաքսային ծառայության հետ կապված խնդիրներից։

Ինքնաարտաքսման համար CBP Home հատուկ հավելվածն օգտագործող յուրաքանչյուր ոք դրա միջոցով կստանա 1000 դոլար թոշակ։ Գումարը կվճարվի, երբ հաստատվի նրա վերադարձը հայրենիք, հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։

Գերատեսչության ղեկավար Քրիստի Նոեմի խոսքով՝ նման ընթացակարգը կօգնի խնայել արտաքսման ծախսերի 70%-ը։ Ներկայումս անօրինական ներգաղթյալի ձերբակալման, կալանավորման և արտաքսման համար ծախսվում է ավելի քան 17,000 դոլար։

Անօրինական ներգաղթի դեմ պայքարը Դոնալդ Թրամփի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի հիմնական խոստումներից մեկն էր։ The Washington Post-ը հաղորդել է, որ նախագահը մտադիր է իր պաշտոնավարման առաջին տարում Միացյալ Նահանգներից արտաքսել 1 միլիոն միգրանտի։

Այնուամենայնիվ, վերլուծաբանները Թրամփի նպատակը համարում են անիրատեսական՝ նշելով անբավարար ֆինանսավորումը, անձնակազմի պակասը և այն փաստը, որ միգրանտների մեծ մասն իրավունք ունի դիմել դատարան և վիճարկել երկրից իրենց արտաքսումը, իսկ գործընթացները կարող են տևել տարիներ, գրել է WP-ն։

Կարդացեք նաև

Back to top button