ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Մոսկովյան հարթակը չստացվեց, հերթը եվրոպականինն է․ «Ալբանական» օրակարգ՝ եվրոպացիների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նախաձեռնել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի մեկնարկից հետո։ Սա Եվրոպայի համար ընդհանուր մարտահրավերների և լուծումների քննարկման հարթակ է։ Տարին 2 անգամ տարբեր մայրաքաղաքներում հավաքվում են 47 պետության և կառավարության, այդ թվում՝ ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարներ:

Առաջին իսկ գագաթնաժողովից սկսած՝ այդ աշխատանքների մաս է նաև Հայաստանը։ Վարչապետ Փաշինյանը մշտապես մասնակցել է դրանց։ Ամեն գագաթնաժողովից առաջ քննարկման թեմա է դառնում նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպումը։

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովին։ Նրանց հնարավոր հանդիպման մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, թեև նշվում է, որ պաշտոնյաները երկկողմ շփումներ կունենան միջազգային գործընկերների հետ։  

Աշխատանքային նույն հարթակում լինելը դեռ հանդիպում չի խոստանում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի եռամյա պատմության ընթացքում Փաշինյանն ու Ալիևն այդ հարթակում հանդիպել են 2 անգամ։ Առաջինը 2022-ին էր՝ Պրահայում, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի շրջանակում։ Երկրորդը՝ 2023-ի հունիսին էր, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ 2023-ին Գրանադայում արդեն հնգակողմ պայմանագիր կնքելու հույս կար, սակայն Ալիևի բոյկոտի պատճառով փաստաթուղթը դարձավ քառակողմ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ ոչ ֆորմալ այս գագաթնաժողովից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ՝ հաշվի առնելով նախորդ հանդիպումների փորձը։ Թեև գագաթնաժողովի պատմության սկզբում սպասելիքները մեծ էին, բայց զարգացումները ցույց տվեցին, որ անգամ եվրոպական մեծ դերակատարներին բոյկոտելը որևէ հետևանք չունեցավ Ալիևի համար։

«Ո՞ւմ է հետաքրքիր հիշեցնել Գրանադան։ Մենք տեսե՞լ ենք, որ Ալիևը ինչ-որ խնդիր ունեցած լինի այդ տեսանկյունից։ Հակառակը՝ ես կարծում եմ, որ Գրանադայի դերակատարներն իրենք էլ գոհ էին, երևի թե, որ Ալիևը չմեկնեց, որովհետև եթե մեկներ՝ ի՞նչ էին անելու այնտեղ, ի՞նչ համաձայնություն էր լինելու։ Ոչ մի։ Ադրբեջանին որևէ կերպ, որևէ բան պարտադրել չէին կարողանալու, և պետք է Հայաստանին ինչ-որ բան համոզեին ինչ-որ արդյունք ստանալու համար։ Այնպես, ինչպես գործնականում եղել է 2022 թվականին՝ այս նախաձեռնության առաջին գագաթնաժողովի ընթացքում։ Այդ հանդիպումից հետո Հայաստանը, փաստորեն, մնաց իր համաձայնությունների պատասխանատվության տակ, իսկ Ադրբեջանն այդպես էլ որևէ պատասխանատվություն չստանձնեց, թեկուզ այդ Ալմա Աթայի հռչակագրի առնչությամբ, որ քննարկվել էր Պրահայի հանդիպմանը։ Այսինքն՝ մենք դեռ առաջին գագաթնաժողովից տեսնում ենք, որ Ադրբեջանի համար դա այդքան էլ խնդրահարույց հարթակ չի եղել, և ավելին՝ այնտեղ Բաքուն կարողացել է ստանալ իր համար ցանկալին»։

Տիրանայում գագաթնաժողովն անցկացվում է մոսկովյան հանդիպումներից մեկ շաբաթ անց։ Դեռ մոսկովյան այցից առաջ վերլուծաբանները քննարկում էին այդ հարթակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորությունը։ Սակայն Ալիևը խուսափեց այդ հարթակից, քանի որ վերջին շրջանում տարբեր հարցերում ռուս-ադրբեջանական հարաբերություններն այդքան էլ հարթ չեն։

Պաշտոնական Երևանը բազմիցս հաստատել է, որ այս փուլում ադրբեջանի հետ շփումները նախընտրում է ոչ թե միջնորդներով, այլ ուղիղ և երկկողմ շփումներով։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այս առումով ասել է․

«Ըստ էության, այս բանակցությունները շատ վաղուց երկկողմ ձևաչափով են տեղի ունենում: Բնականաբար, տարբեր հանդիպումներ հյուրընկալվել են տարբեր գործընկերների կողմից, և իրենք փորձել են նաև իրենց աջակցությունը հայտնել այս բանակցային գործընթացին։ Բայց բանակցություններն ուղիղ են ընթանում, թեև կան Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ իրապես հետաքրքրված գործընկերներ, ովքեր փորձում են աջակցել այս օրակարգին: Մենք բարձր ենք գնահատում մեր այդ գործընկերների ներգրավվածությունը: Կարծում եմ՝ մեր հանրության համար շատ պարզ է, թե որ գործընկերներն են Հարավային Կովկասում, ովքեր իրապես շահագրգռված են դրանում»:

Վերլուծաբանները դժվարանում են կանխատեսել, թե ինչ ընթացք կարող է ունենալ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը։ Որ քննարկման համար կուտակված հարցեր կան, ակնհայտ է՝ սահմանին պարբերական դարձած կրակոցներ և ապատեղեկատվություն, խաղաղության պայմանագրի ստորագրման վայր և ժամկետ, սահմանազատման գործընթացի շարունակություն և ոչ միայն։

Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովին՝ 2024-ի նոյեմբերին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմանը և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և այն ձեռք է բերվում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով, ինչը մենք շատ ենք ցանկանում։ Հարավային Կովկասում կայունությունը վճռորոշ է նաև Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդարձակ հարաբերությունների կառուցման համար։ Ֆրանսիան լիակատար աջակցում է ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին՝ ԵՄ ռազմավարության, Հարավային Կովկասի միջանցքի նախագծի և Հայաստանի վարչապետի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»։

Եվրոպական քաղաքական համայնքի ընթացիկ՝ 6-րդ գագաթնաժողովի օրակարգով 47 պետության և կառավարության ղեկավարներ հավաքվել են «Նոր Եվրոպա նոր աշխարհում. միասնություն, համագործակցություն, համատեղ գործողություններ» խորագրի ներքո՝ հայտարարեց մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Առաջնորդները նախ կհանդիպեն լիագումար նիստում՝ նվիրված անվտանգությանը և Եվրոպայի ապագայի ընդհանուր տեսլականին, այնուհետև տեղի կունենա բարձր մակարդակի 3 կլոր սեղան հետևյալ թեմաներով՝ Եվրոպայի անվտանգությունը և ժողովրդավարական դիմադրողականությունը, այդ թվում՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, մրցունակություն և տնտեսական անվտանգություն, մարտահրավերներ և երիտասարդների հզորացում»։

Որ Եվրոպան մեծապես կարևորում է խաղաղությունը Հարավային Կովկասում, նախորդիվ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ընդգծել է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Միրզոյանը և Կալասը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման առանցքային նշանակության շուրջ։ Բրյուսելում հանդիպումներից հետո Հայաստանի արտգործնախարարը ևս մեկնել է Ալբանիա։

Կարդացեք նաև

Back to top button