Սփյուռքի ձայնը

Երգը կապրի, հիշողությունը կմնա. լիբանանահայերի հոգևոր պայքարը ժամանակի դեմ. «Սփյուռքի ձայնը»

Լիբանանի Համազգայինի «Գուսան» երգչախմբի ղեկավար և Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիկյան» թանգարանի տնօրեն Գրիգոր Ալոզյանը միաժամանակ կանգնած է լիբանանահայ համայնքի երկու կարևորագույն մշակութային կառույցների գլխին:

Կոմիտասի կողմից 1910 թվականին Պոլսում հիմնված «Գուսան» երգչախումբը սկզբնապես 300 հոգանոց էր։ Կոմիտասի վեց սաներից աչքի էր ընկնում Բարսեղ Կանաչյանը, որը, 1930-ականներին հաստատվելով Լիբանանում, վերածնեց երգչախումբը Բեյրութում և 1932թ. այն պաշտոնապես ճանաչվեց: Երգչախումբը գործեց մինչև 1967թ.՝ մաեստրոյի մահը, որից հետո գործունեությունը ժամանակավորապես դադարեց: 1980-ականների սկզբին Կանաչյանի դստեր՝ Սեդայի համաձայնությամբ, «Գուսանը» միացավ Համազգայինին:

Երգչախմբի խմբավարներն են եղել Վաչե Բարսումյանը, Հարություն Թոփիկյանը, Երվանդ Երկանյանը, Պարգև Թասլաքյանը, իսկ 2012թ. սկսած՝ Գրիգոր Ալոզյանը: Երգչախումբը դարձել է ոչ միայն հայկական երաժշտական ժառանգության պահպանման, այլև երիտասարդների միավորման կարևորագույն օջախ, որտեղ մանկական «Կարկաչ» երգչախմբից դեպի «Գուսան» ուղին ապահովում է սերնդափոխությունը:

Գրիգոր Ալոզյանը ղեկավարում է նաև Բիբլոս (Ժբեյլ) քաղաքում՝ Բեյրութից 20 րոպե հեռավորության վրա գտնվող «Արամ Պեզիկյան» թանգարանը, որը նախկին «Թռչնոց բույն» որբանոցի տարածքում է:

1928-29թթ. որբանոցի ղեկավարությունը ստանձնեցին դանիացի միսիոներները՝ Մարիա Յակոբսենի գլխավորությամբ, որը դարձավ հազարավոր հայ որբերի «մայրը» մինչև 1960-ականները: 1970թ. կառույցը հանձնվեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Որբանոցի 100-ամյա շինությունը 2015թ.՝ Ցեղասպանության 100-ամյակին, Արամ Վեհափառի նախաձեռնությամբ վերածվեց ժամանակակից թանգարանի:

Թանգարանի արխիվների վրա աշխատել են երեք պատմաբաններ՝ Ռեմոն Գևորգյանը (Ֆրանսիա), Վահե Դաշյանը (Գերմանիա) և Լևոն Նորդիկյանը (Լիբանանի ֆրանսիական համալսարան):

Արխիվները ստացվել են Մերձավոր Արևելքի նպաստամատույցից, դանիացի միսիոներներից և տարբեր երկրներից, որտեղ ապրել են որբանոցի նախկին սաները: Գրիգոր Ալոզյանի խոսքով, թեև առաջին սերունդը՝ ցեղասպանության ականատեսները, այլևս չկան, ողջ են 1930-ականների որոշ սաներ, որոնք պարբերաբար այցելում են թանգարան: Նրանց թոռնիկներն ու զավակները նույնպես հաճախում են՝ միավորելով սերունդները պատմության միջոցով:

«Երգչախմբի և թանգարանի միջոցով լիբանանահայ համայնքը շարունակում է պայքարել ձուլման դեմ՝ պահպանելով հայկական ինքնությունը նոր սերունդների մեջ», — ավելացնում է Գրիգոր Ալոզյանը:

Կարդացեք նաև

Back to top button