
-Մենք՝ հայերս, բավականին համեստ աղբի առաջացնող ենք, ի տարբերություն, օրինակ, միջին վիճակարական եվրոպացու կամ ԱՄՆ-ի բնակչի։ Իրենք օրական գոյացնում են 2 կգ—ից ավելի կոշտ կենցաղային թափոն, իսկ մենք՝ 1 կգ-ից պակաս։
-Մենք ավելի բարի՞ ենք։
-Մենք ավելի աղքատ ենք։
Վաղը դուք ուտելու եք կաթի այն պլաստիկե շիշը, որն այսօր աղբամանը նետեցիք։ Այսօր, սակայն, դուք դեռ հպարտ եք, որ ձեր երեխային անարատ կովի անարատ կաթ եք տվել։ Այն կովի, որը կերել է այն խոտը, որը հագեցած է այն պլաստիկի մասնիկներով, որն այսօր աղբամանը նետեցիք։
«Այսօր Երկրի շուրջը ամենահամեստ հաշվարկներով մոտավորապես 10 000 տոննա մետաղ է պտտվում։ Ամենափոքր բեկորները կարող են լինել միլիոնավոր, խոշորները՝ տասնյակ հազարավոր»։
Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր փորձելու ենք պարզել՝ ինչքան է կշռում աղբը Տիեզերքում ու Երկիր մոլորակում։
Պեոմ, կտավ, հեծանիվ կամ նոր երաժշտություն ստեղծելու ունակությունը հիասքանչ է, և դրանով ոգևորված արարչագործության պսակ մարդը հաճախ մոռանում է, որ ինքը, ամեն ինչից առաջ ու ամեն ինչից շատ, աղբ է ստեղծում։
Դա բնական է ու օրինաչափ․ ոչ ոք առարկություն չունի։
Բայց թե ինչ է արվում ստեղծվածի հետ հետո՝ լուրջ մտահոգությունների առիթ է դառնում։
Աղբն ամենուր է, բայց ոչ մեր աչքի առաջ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այն տեղափոխվի։ Ցանկալի է՝ մեզնից հնարավորինս հեռու։ Բայց այն անհետանալու հատկություն չունի ու եթե դրա հետ պատշաճ վարբելու կերպը չենք գտնում, անխուսափելիորեն մի օր բախվում ենք մեր իսկ ստեղծած ու մեզնից հնարավորինս հեռու վանած աղբին։
Եվ մինչ մտահոգվում ենք՝ որքան աղբաշատ է մեր մոլորակը, գիտնականների մի խումբ ահազանգում է՝ Տիեզերքում աղբի ծավալները մեծանում են անկառավարելիորեն։
Ի՞նչ աղբ է ստեղծում մարդը Երկրի վրա ու Երկրից դուրս, ի՞նչ է տիեզերական աղբը, որքա՞ն է այն կշռում, ո՞ւմ ու ինչո՞վ է սպառնում։ Ինչպե՞ս վարվել մեր ստեղծած աղբի հետ․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Ինչպես ցանկացած աղբ, դրանք ևս մարդու գործունեության մնացորդներն են։ Եթե մեր կենցաղում դրանք կարող են լինել ընդամենը ուտելիքի, շինանյութի մնացորդներ, ապա տիեզերական աղբը հիմնականում բաղկացած է բարձր տեխնոլոգիաների արդյունք հանդիսացող արբանյակների մնացորդներից։ Դա սկսեց առաջանալ 1957 թվականի հոկտեմբերի 4-ից, երբ առաջին արբանյակը արձակվեց։ Իսկ դրանից հետո արդեն էդ արբանյակների քանակը տասնյակ հազարների է հասնում։ Իրենց գործունեությունը վերջացնելուց հետո ի՞նչ է տեղի ունենում դրանց հետ․ դրանք աստիճանաբար դանդաղում են և, վերջիվերջո պետք է ընկնեն Երկրի վրա»։
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Հայկ Հարությունյանը, ի թիվս գիտական գործունեության մյուս ոլորտների, ղեկավարում է մի կարևոր առաքելություն ունեցող կենտրոն։ Կիրառական աստղագիտության կենտրոնը կատարում է տիեզերական տարածությունների շուրջօրյա դիտումներ, ուսումնասիրում է՝ ինչ է պտտվում Երկրի շուրջ, ինչ է մոտենում Երկրին և ինչ վտանգ կարելի է սպասել դրանից։ Հիմա Երկրին շրջապատող շերտում հսկայական քանակությամբ մետաղներ կան, որոնք շարժվում են միջինում 28,800 կմ/ժ արագությամբ։ Հայկ Հարությունյանն ասում է՝ այս մարմինների թիվն անխուսափելիորեն ավելանում է։ Այսպես կարող է առաջանալ իրավիճակ, երբ աղբն այնքան շատ լինի, որ արբանյակները տիեզերքում էլ տեղ չունենան․
— Երբ դրանք շատ քիչ են, խնդիր չկա, ինչպես Երևանում սրանից 30 տարի առաջ խնդիր չկար․ փողոցում 1-2 հատ մեքենա էր հանդիպում։ Այսօր մեքենաները կանգնացնելու տեղ չկա և դրանք ավելի հաճախ են վթարվում, քան էն ժամանակ։ Նույնը տիեզերքում է։ Ցանկացած տարածություն, եթե կապված է որոշակի տեղի հետ, սահմանափակ է։
— Նույնիսկ եթե դա Տիեզե՞րք է։
— Տիեզերքը հեռավոր անվերջ է, բայց չէ՞ որ ամեն ինչ տեղի է ունենում Երկրի անմիջական շրջակայքում։ Էդ ամեն ինչը 6800 կմ շառավուղով գնդոլորտի մակերևույթին է, էդ մակերևույթի վրա էս կողմ-էն կողմ են գնում բոլորը և գնում են տարբեր ուղեծրերով, կարող են իրար հատվել, անխուսափելի է հարվածը, իսկ հարվածը բացի նրանից, որ ոչնչացնում է աշխատող գործիքը, նաև մի բեկորից առաջացնում է 100-ավոր բեկորներ։
Այսպես սահմանափակ տարածություն ուղարկվող ամեն արբանյակ հավակնում է մտնել անկանոն տիեզերական երթևեկության հետ, տրվում է տիեզերքում սավառնող աղբին բախվելու ու աղբ դառնալու ռիսկին։ Իսկ այսօր ստեղծվում ու գործարկվում են աննախադեպ շատ արբանյակներ։ Տիեզերական աղբ չդառնալու մեկ տարբերակ կա․ առաքելությունը կատարելուց հետո ինքնակամ նետվել տիեզերական աղբավայր, որի հասցեն ասում է Հայկ Հարությունյանը․
«Տեղ կա Խաղաղ օվկիանոսի հարավում, փորձում են հիմնականում էնտեղ էդ աղբը թափել։ Կոչվում է Նեմոյի կետ։ էդ տեղը բոլոր բնակելի տեղերից մի քանի հազար կմ հեռավորության վրա է, բոլոր կղզիներից հեռու է, էնքան հեռու, որ եթե էնտեղ ընկնում է, ապա վտանգի հավանականություն շատ քիչ է։ Դա Երկրի վրա տիեզերական աղբավայր է։ Հետո, կարծում եմ, կգա ինչ-որ ժամանակ, որ ինչպես հիմա են Երկրի վրա երկաթի ջարդոն են հավաքում, որ տանեն, օգտագործեն, էնքան մետաղ կկուտակվի էնտեղ և էնքան մյուս տեղերում կպակասի, որ էդ ջարդոնը նույնպես կօգտագործվի»։


Նեմոյի կետ կարող են թափվել այն արբանյակները, որոնք ավարտել են իրենց գործը, բայց դեռ կառավարվում են։ Իսկ ինչ անել այն արբանյակների հետ, որոնք տիեզերական վթարի զոհ են դարձել ու վերածվել են բեկորների՝ տիեզերական աղբի։ Այս պահին միայն հետևել՝ ասում է աստղաֆիզիկոսը։
«Որևէ գործուն եղանակ չկա մաքրելու, իջացնելու։ Տարբեր-տարբեր առաջարկներ արվում են, սկսած ինչ-որ տիեզերական մեծ ցանց վերցնել և դրանք հավաքել, կամ լազերով գոլորշիացնել։ Տարբեր առաջարկներ կան, բայց դրանցից ոչ մեկը դեռևս արդյունավետ չի, որպեսզի կարողանան օգտագործել։ Միակ բանը, որը էսօր հնարավոր է անել, պարզապես ուղեծրերը հաշվելն է, տեսնելը՝ ամեն մի բեկոր ինչպես է շարժվում, որպեսզի միշտ իմանան, թե էս կամ էն գործող արբանյակին ինչ-որ վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ չէ»։
Բեկորները ինքնուրույն Երկիր թափվել կարող են։ Բայց դրա հավանականությունն այս պահին շատ քիչ է։ Այնուամենայնիվ արդեն մշակվում են կարգավորումներ, որպեսզի որոշվի՝ ով է փոխհատուցելու այն հնարավոր վնասը, որը կարող է կրել մարդը պատահաբար երկնքից ընկած աղբի պատճառով․
— Հիմա կարող են ներկայացնել հայցադիմում, թե ում արբանյակն էր, որ ընկավ Կանադայի էսինչ քաղաքի, էսինչ տան մոտ և էսինչ բանը վնասեց։ Եթե, ասենք, բախվում է կամ ընկնում, դա ի՞նչ է՝ բնական աղե՞տ է, թե՞ ինչ-որ մեկի պատասխանատվության տակ էր։ Հիմա միջազգային հանրության մեջ սկսում են մշակվել էն բոլոր նորմերը, որին պետք է ենթարկվեն տիեզերական ինդուստրիա ունեցող երկրները՝ իրենց արտադրանքի հետևանքով առաջացող վնասները փոխհատուցելու համար։
— Կարող է տասնամյակներ առաջ մի արբանյակ են արտադրել, պայթել է․ իրենք հավերժ պատասխանատու են իրենց արտադրած արբանյակի մնացորդի համա՞ր։
— Բնական է։ Եթե էդպես անեին նաև Երկրի վրա աղբ թափողների համար, շատ ավելի լավ կլիներ։

«Շատ ծախսատար է վերամշակում ու սորտավորումը։ Այդ ծախսերի համար ինչ-որ մեկը պետք է վճարի ու դա աղտոտողն է։ Նաև կարող են մասնակցել էն արտադրողները, որոնք ստեղծում են էն ապրանքը, որից գոյանում է պլաստիկ թափոնը, թղթի թափոնը։ էդ երկու մեղավորներն են ու շատ արդար է, որ էդ երկու մեղավորերը կրեն ֆինասնական պատասխանատվություն էդ թափոնը պատշաճ կերպով վերամշակելու համար։ Ու էդ մեխանիզմը ֆանտաստիկ ձևով աշխատում է Եվրոպայում»։
Ամերիկյան համալսարանի դասախոս, «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման մասնման փորձագետ, ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը բնապահպանական հարցերին բնավ ռեմանտիկ հայացքով չի նայում։ Սեփական երկիրը չաղտոտելը ոչ թե բարի կամք է, այլ ֆինանսական խնայողություն․
«Եթե գետը աղտոտված է, էդտեղ տուրիստ չի գնա, տուրիստ չի գնա, նշանակում է փող չի ծախսի, համայնքը փող չի ունենա։ Նույն պլաստիկը արևի լույսի ազդեցության տակ քայքայվում է, միկրոպլաստիկներն են գոյանում, որոնք մտնում են ջրային համակարգի մեջ, ի վերջո՝ մեր սննդային շղթա։ Մտավ սննդային շղթա, մենք դա կերանք, խմեցինք, գուցե համով էր։ Բայց քաղցկեղածին բան է։ Ես հիվանդացա, ունեցա քաղցկեղ, պետությունը սկսում է ինձ բուժել, սուբսիդավորում է իմ բուժումը։ Իմ վրա պետությունը էլի փող է ծախսել՝ դպրոց, կրթություն, ես դառել եմ ինչ-որ մասնագետ ու կարող էի 15 տարի ավելի ապրել ու 15 տարի ավելի օգուտ բերել։ Դրա տեղը հիվանդանում եմ, ինձ բուժում է պետությունը, էսքան նոր ծախսեր են ավելանում»։
Սա այն պարզ հաշվարկն է, որն անելով կարելի է հասկանալ՝ ավելի լավ էր գործադրել ջանքեր ու վերամշակել աղբը։ Բայց դա էժան բան չէ։ Ամենաբարդն ու ծախսատարը խառը աղբից վերամշակման ենթակա առարկաներն առանձնացնելը, տեսակավորելն է։ Քաղաքացին սա պիտի անի։ Կամ պիտի վճարի, որ ուրիշ մարդիկ կարողանան դա անել։

«Աղբահանության վճարը Հայաստանում մի շնչի հաշվով միջինում 200 դրամ է։ Ամսական։ Բնակչության մի մասը չգտի էլ դրա մասին, որովետև իրենց տնից մեկն է գնում ու ձեռքի հետ վճարում։ Ես ուզում եմ համեմատություն տանել ծխախոտի հետ։ Ամենաէժան ծխախոտն էսօր ինչ արժի՞, 500 դրամ երևի, ես էլ ծխող չեմ, Դուք էլ։ Կարծում եմ՝ 500 դրամանոց ծխախոտ չկա։ Էս վերջերս 50 դրամ թանկացավ, ոչ ոք բունտ չարեց, բոլորը շարունակում են հաճույքով ծխել։ Ես չգիտեմ ճշգրիտ ստատիստիկան, անպայմա՛ն կնայեմ, բայց իմ իմացած ծխողները միջինում 2 տուփ ծխում են հաստատ, դա 1000 դրամ է։ Մենք աղբահանության համար վճարում ենք 10 հատիկ սիգարետ ամսական։ Եթե մենք մի տուփ սիգարետի չափ վճարենք աղբահանության համար ամսական, մեր աղբահանությունը շատ ավելի լավը կլինի»։
Այդ դեպքում այս երևույթը, որին համառորեն «աղբահանություն» անունն ենք տալիս, գուցե վերածվի թափոնների կառավարման։ Այս պահին մարդկանց մեծ մասի մտահոգությունը մեկն է՝ չառերեսվել աղբին։ Այն հեռացվում է տնից, շենքից, բակից, համայնքից ու տարվում․․․ կարևոր չէ, թե ուր։ Կարևորը՝ աչքից հեռու։
Հարություն Ալպետյանի խոսքով՝ խիստ ծախսատար այն գործողությունը՝ տեսակավորումն ու վերամշակումը, էականորեն ազդելու են մարդու կյանքի որակի վրա, բայց անտեսվում են ցուցադրաբար, կարծես դա մի բան է, որ պիտի տեղի ունենա ինքնաբերաբար, առանց մարդու մասնակցության։
Մի օր աղբից բացի ոչնչի համար էլ տեղ չի մնա՝ մտահոգվում են մասնագետները։ Տիեզերքն անգամ կարող է նեղ լինել մարդու ստեղծածի համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր դեմ չեն զարգացմանը, հետևաբար նաև՝ աղբի գոյացմանը, միայն պնդում են՝ ստեղծածին պետք է տեր կանգնել։ Լինի դա տանը, թե Տիեզերքում։




