
Դաշնակահարուհի, ստեղծագործող Լյուսի Խանյանի հետ ունեցել ենք առիթներ զրուցելու «Երաժշտական եռանկյունու» տաղավարում` նրա ֆրի-ջազ և ֆոլկ-ջազ նախագծերի, տարբեր ժանրային տարածքներում աշխատող երաժիշտների համագործակցության և տարբեր էքսպերիմենտալ նախագծերի մասին։ Եվ ահա, հերթական համարձակ, հայեցակարգային համերգային ծրագիրը` դաշնակահարուհի Աննա Միքայելյանի մասնակցությամբ, ներկայացվեց հանդիսատեսի դատին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Այս անգամ՝ բոլորովին նոր՝ երաժշտական իմպրովիզացիայի կամ, ինչպես երաժիշտներն են բնութագրում, երաժշտական խոկման/մեդիտացիայի մոտեցմամբ։
«Ի տարբերություն ավանդական ձևաչափի, երբ կատարող երաժիշտները կազմում են հստակ ծրագիր, սովորում են նոտաները և կատարում փորձեր, մենք բեմում հաղորդակցվում ենք իրար հետ՝ հանդիսատեսի ներկայությամբ՝ հաճախ հենվելով միայն ինտուիտիվ զգացողության և մեր կատարողական հմտությունների վրա», — ասում է Լյուսի Խանյանը։
Ինչպես հայտնի է, նման ազատ մոտեցումը առավել մոտ է ջազային երաժշտությանը և մի շարք ավանդական արևելյան մշակույթներին։ Շատ կարևոր է, որ երաժիշտները, բացի ընդհանուր գեղագիտական պատկերացումներից, նաև համախոհ լինեն գաղափարային իմաստով, ունենան կատարողական հմտություններ և երաժշտության կառուցվածքի զգացողություն։
«Ինձ համար սա նոր փորձառություն էր, քանի որ ստանալով ակադեմիական կրթություն Հայաստանում և ԱՄՆ-ում՝ վարժված էի խիստ դասական մոտեցումներին։ Իսկ այստեղ պետք է շարժվես ներքին ինքնազգացողությամբ, մեծ էմոցիոնալ լարումով և գործընկերոջը ճիշտ զգալու վարպետությամբ», — շարունակում է Աննա Միքայելյանը։
Ժամանակակից կատարողական արվեստը, նոր մոտեցումներն ու համերգային էքսպերիմենտալ տարբեր ձևաչափերը բազմազանում են մայրաքաղաքի համերգային իրականությունը, նոր գույն և տարրեր հաստատելով նրա մեջ։
Լյուսի և Աննա դուեը շարունակելու է համագործակցությունը՝ հանդես գալով նոր հայեցակարգային համերգային ծրագրերով և նախաձեռնություններով։




