
Մարտի 28-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ յուրօրինակ երաժշտական մնջախաղային առաջնախաղ՝ Կոմիտասյան թեմայով, որի հիմքում կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի նոր «Անլռելի զանգակատուն» ստեղծագործությունն է, գրված կլարնետի և դաշնամուրի համար։
Ներկայացումն էլ կոչվում էր «էս էլ ես եմ», որը բեմադրվեց մնջախաղի թատրոնի մասնակցությամբ։
«Մեր նպատակն էր ի հայտ բերել Կոմիտասի աշխարհը՝ խոսքի, երաժշտության և պարի միջոցով։ Նաև օգտագործել էինք Կոմիտաս թանգարանի բեմի առանձնահատկություններն ու հնարավորությունները», — ասում է կոմպոզիտորը։
«Անլռելի զանգակատունը» կառուցվածքային իմաստով հենված է Պարույր Սևակի համանուն պոեմի վրա և ներկայացնում է Կոմիտաս Վարդապետի կյանքի վեց փուլերը՝ տեքստային մեջբերումների, երաժշտության, պլաստիկայի և վիզուալ պատկերների միջոցով։
Ներկայացման ռեժիսոր՝ Արսեն Խաչատրյանը,
Գլխավոր դերում և խորեոգրաֆիա՝ Կարեն Խաչատրյան,
Պատմողի դերում՝ Մինաս Ասրյան,
Վիդեո և անիմացիա՝ Արթուր Բաբլոյան,
Նկարիչ՝ Ալինա Ալեքսանյան։
«Ես վաղուց գիտեմ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանին, կատարել եմ նրա ստեղծագործությունները, և այս անգամ էլ, երբ նա դիմեց ինձ, մեծ սիրով համաձայնվեցի մասնակցել և՛ ձայնագրությանը, և՛ ներկայացմանը։ Մենք բեմական գործողությանը զուգահեռ բեմի վրա կատարում էինք երաժշտությունը», — եզրափակում է դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։
Առաջնախաղը լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից և ներկայացումն ընդգրկվելու է մնջախաղի թատրոնի խաղացանկում։




