Էկոսֆերա

Աջափնյակի աղբավայրի փոխարեն՝ տեխնոպարկ․ «Էկոսֆերա»

Երևանի քաղաքապետարանը մտադիր է ավելացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեսակավորման աղբամանների քանակը։ Ոլորտի մասնագետները նշում են, որ քաղաքում այդքան տեղ չկա՝ յուրաքանչյուր աղբամանի կողքին ևս չորս աղբաման ավելացնելու համար։

Առաջարկում են կիրառել միջազգային փորձը, որը շուտով կներդրվի Սևան համայնքում։ Ինչ վերաբերում է աղբավայրերի խնդրին, ապա քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ նախատեսում են Աջափնյակի աղբավայրի փակումն՝ այդ տարածքում կկառուցվի տեխնոպարկ։ Իսկ Նուբարաշենի աղբավայրի կողքին կկառուցվի նոր սանիտարական աղբավայր։

Երևանի վարչական շրջաններում տեղադրված է տեսակավորման համար նախատեսված 857 թափոնաման։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նոր թափոնամանների տեղադրումը և համալրումը շարունակվում է։

2020թ. հունվարի 1-ից ի վեր Երևան քաղաքում հավաքվել և վերամշակման է հանձնվել 3. 392 տոննա թղթի, ապակու և պլաստիկի թափոններ։ Տեսակավորման աղբամանների տեղադրմանը զուգահեռ, նկատվել են տեսակավորման աղբամաններից գողության դեպքեր:

Տեսակավորված աղբը տրամադրվում է վերամշակող ընկերություններին։ Քաղաքապետարանի համար սա եկամտաբեր ճյուղ չէ, ասում են ներկայացուցիչները, ծախսերը շատ են, եկամուտը չի փակում այդ ծախսերը։ Շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանն էլ նշում է, որ նույնիսկ զարգացած երկրներում այն եկամտաբեր գործընթաց չեն համարում։

Մյուս կողմից էլ՝ Վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանը հարց է բարձրացնում, թե արդյոք Երևանում կան այդքան տարածքներ, որպեսզի բոլոր հատվածներում տեղադրվեն տեսակավորման աղբամաններ։

Սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման կարողությունների զարգացման համար Սևան համայնքում փորձարկվում է մի մոդել, որով ներդրվելու է տեսակավորման նոր համակարգ, ասում է Հարություն Ալպետյանը։

Երևանի քաղաքապետարանը Սևանի փորձով հետագայում հնարավոր է ներդնի այս մոդելը, եթե այն արդյունավետ լինի։ Վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանի կարծիքով՝ այս մոդելի ներդրումը կարող է բարձրացնել թափոնի արժեքը:

Քանի դեռ աղբը չի կշռվում, դժվար է ստույգ ասել, թե որքան աղբ է գոյանում յուրաքանչյուր բնակչի հաշվով, հետևաբար՝ աղբի վճարն էլ աղբի գոյացման քանակով հնարավոր չէ սահմանել։ Քաղաքապետարանի ընտրած նոր մեթոդը՝ տան մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով, մասնագետները ևս արդարացված չեն համարում։ Մասնագետների կողմից առաջարկված տարբերակը՝ սպառված ջրի  քանակին համապատասխան աղբի վճարի չափը սահմանելն է:

Այսօր Երևանում տեսակավորված աղբը ընդհանուր աղբի ծավալներում, չնչին մաս է կազմում, իսկ հիմնական մասը հայտնվում է աղբավայրերում, հիմնականում՝ Նուբարաշենի աղբավայրում, որտեղ արդեն տեսակավորում իրականացվում է ոչ ֆորմալ պայմաններում, ինչ-որ անհատ խմբերի կողմից։ Այս գործընթացը տեղի է ունենում տարիներ շարունակ և չի վերահսկվում։

Աղբավայրերի մասով քաղաքապետարանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նախատեսված է Նուբարաշենի աղբավայրի կողքին նոր սանիտարական աղբավայրի կառուցում, որի շահագործումից հետո կփակվի արդեն գործող Նուբարաշենի աղբավայրը։

Ինչ վերաբերում է Աջափնյակի աղբավայրին, որտեղ հիմնականում շինարարական թափոններ են լցվում, ապա Ավետիսյանը տեղեկացրեց, որ նախատեսում են այդ աղբավայրի տարածում կառուցել տեխնոպարկ։ Այս ծրագրերը դեռևս քննարկումների փուլում են։ Երբ կիրագործվեն, հստակ ժամանակացույց չկա, քանի որ մեծ գումարներ են պահանջվում և տարբեր հիմնադրամների հետ քննարկումներ են իրականացվում այս ուղղությամբ։

Ընդգծենք, որ Աջափնյակի աղբավայրի փակման համար պահանջվում է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլլար։ Ինչ վերաբերում է Նուբարաշենի նոր սանիտարական աղբավայրի կառուցմանը, ապա շուրջ 13 մլն  ԱՄՆ դոլլար կպահանջվի, գործող աղբավայրի փակման համար՝ ավելի քան 15.5 մլն ԱՄՆ դոլլար։ Նախատեսված է նաև տարածքում աղբի վերամշակման գործարանի կառուցում։

Կարդացեք նաև

Back to top button