Արդեն100 տարի

Կոմիտասի ձայնը՝ ժապավեններից մինչև հիշողություն․ «Գրեթե 100 տարի»

Կոմիտասին հարցնում են՝ հայ երաժշտությունն է լավ, թե՞ եվրոպականը: Վարդապետը պատասխանում  է «Եղբայր, դուն կուզես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա ի՛ր տեղն ունի, մյուսը՝ իր»:

Հանրային ռադիոյի ձայնային պահոցը լեցուն է կոմիտասյան կատարումներով: Ժապավենների, սկավառակների վրա պահպանված է նաև Վարդապետի թանկագին ձայնը՝ երգեցողությունը: Այս ձայնային ժառանգության մեջ, մեզ շատ հուզեց Կոմիտասի աշակերտ, երբեմնի «Գուսան» երգչախմբի անդամ Միհրան Թումաճյանի հուշը իր ուսուցչի մասին, որով նա 1967թ.-ին կիսվել է ձայնասփյուռի ունկնդիրների հետ:

Բարեբախտաբար Կոմիտաս Վարդապետին ճանաչածները, նրա աշակերտները, բարեկամները բավական շատ հիշատակներ են թողել մեզ՝ այս մեծ մարդու մասին: Այդ հուշերը կարդալիս կամ լսելիս, մեր առջև կանգնում է կարծես երկու տարբեր կերպար. Կոմիտասը՝ մինչև ցեղասպանությունը՝ կյանքով, ծրագրերով լի, կատակասեր և 1915թ. ցեղասպանության արհավիրքները տեսած և ապրած Կոմիտասը:  

Փանոս Թերլեմեզյանը հիշում է, թե ինչպես 1928թ․-ին այցելեց Կոմիտասին: Փարիզյան հիվանդանոցի այգում պառկած գտավ նրան: Մազերը բոլորովին ճերմակած: Թերլեմեզյանի բոլոր ջանքերը՝ զրույցի բռնվել Կոմիտասի հետ ապարդյուն անցան: Վարդապետը լուռ էր: 

«Զիս հանգիստ ձգեցեք… ես իմ անելիքներս ունիմ»,-ասում էր բոլոր նրանց, ովքեր գալիս էին տեսակցության: Իսկ երբ բաժանվելիս, խոստանում էին նորից գալ, Կոմիտասն ասում էր.   «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

1915թ․-ի ուշ գարնանը Կոմիտասն աքսորից վերադարձավ: Այդ տարի, Ծաղկազարդի կիրակին Բոսֆորի Գուրու- Չեշմեի գյուղի եկեղեցում Վարդապետը Դռնբացեքի արարողություն պիտի կատարեր: Դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը նկարագրում է նրան՝  «Համր ու վշտակիր, մոմի մը պես դժգույն ու գլխահակ՝ շրջապատված իր երգչախումբի սաներեն և եկեղեցվո պաշտոնյաներեն» անցնում էր իր կարոտալի ժողովրդի թախիծով ու արցունքով խառնված մրմունջների միջով:  

1915թ. Ծաղկազարդի տոնին «Դռնբացեք»-ի արարողությունը Կոմիտասի կյանքի վերջին կրոնական արարողությունն էր: Այն մի անմոռանալի հիշատակ մնաց նրանց համար, ովքեր ներկա էին այդ կիրակին Գուրու- Չեշմեի եկեղեցում: «Բաց մեզ, Տեր, ըզ Դուռն ողորմության,Որ ողբալով կարդամք առ Քեզ, Տեր»:

Կարդացեք նաև

Back to top button