Ապրիլի 16-ը պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր։ Հայկական կինոյի զարգացման հնարավորությունների, Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների գործառույթների մասին է խոսում Հայաստանի կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Արտյոմ Բաղդասարյանը։
Խոսելով Հայաստանի կինոռեժիսորների ու կինոպրոդյուսերների գիլդիայի մասին՝ Արտյոմ Բաղդասարյանը նշում է, որ ոչ վաղ անցյալում հայկական կինոն ներկայացնում էին անհատները, որոնք իրենց սկզբունքները, մտածելակերպն ու իրենց «աշխարհն» ունեին։
Իսկ հիմա ստեղծվել է պրոֆեսիոնալ գիլդիա, որի կարևոր խնդիրներից մեկն է մշակել մեկ խաղի կանոն՝ մեկ ընդհանուր արժեքային համակարգով և նպատակներով։
«Ես կարծում եմ, որ կինոն պիտի տեր ունենա։ Մեր գիլդիայի կարգախոսն է․ «Եթե չես կարող թիթեռ բռնել, կառուցիր պարտեզ և թիթեռները իրենք կգան»։ Դա շատ կարևոր է, քանի որ մենք փոքր ենք և շատ բան չենք կարող անել, բայց կարող ենք ստեղծել միավորված պարտեզ, «աշխարհ» կամ միավորում, որի արդյունքում՝ թե՛ էստեղ կգան ֆիլմ նկարելու, և թե՛ համատեղ արտադրություններ կլինեն։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ենք մենք ուզում, ինչ կինո է մեզ պետք, ինչ ուղղությամբ մենք պիտի զարգանանք»։
«Մենք ուսումնասիրություններ ունենք արած, միայն անցյալ տարի Թուրքիան մոտավորապես 70 միլիարդ դոլարի սերիալներ է վաճառել՝ մեկ պետության բյուջեի չափ։ Կինոն ամենամեծ պրոպագանդայի միջոցներից մեկն է, շատ երկրներում նույնիսկ սկսել են թուրքերեն սովորել», – ասում է Արտյոմ Բաղդասարյանը։
Նա ասում է, որ հայկական կինոն և առհասարակ արվեստը չպետք է տեղայնացվի։ Նշում է, որ կինոն ամենամեծ պրոպագանդայի միջոցն է։
«Մենք առաջինը ինքներս մեզ պիտի ճանաչենք, հենց մեզ ճանաչեցինք, կստեղծենք շատ հետաքրքիր պրոդուկտներ, որոնք մեր մասին կպատմեն ու էդ «հայկական կինո» ասվածը արհեստական չի լինի։ Մի ամբողջ մշակույթ կձևավորվի, որը կկոչվի հայկական կինեմատոգրաֆ կամ, օրինակ՝ հայկական «նոր ալիք»»։




