
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության Հադրութի շրջանի գյուղատնտեսությունն այս տարի երաշտի պատճառով դատապարտվեց չորացման, ոռոգման ջուր չկա, խմելու ջուր՝ նույնպես, Հադրութցիների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, բայց չեն արտագաղթում: Վարչական տարածքում աստիճանաբար նկատվում է բնակչության թվի աճ:
Արցախի հանրապետության Հադրութի շրջանի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, սակայն այս տարի կլիման այնքան էլ բարենպաստ չէր գյուղատնտեսության համար, երաշտի հետևանքով բույսերը դեռ ամռան կեսին սկսեցին դեղնել ու չորանալ: 107,743 հա գյուղնշանակության հողերը, որոնք դրված են կերային մշակաբույսերի , բանջարեղենի մշակության և պտղատու այգիների տակ, այս տարի ոռոգման ջրի սակավության և երաշտի պատճառով չորացան ու բերք չտվեցին: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը դժգոհեց գյուղատնտեսության մեջ գրանցված ցածր ցուցանիշից, հատկապես հացահատիկի ցածր բերքատվությունից, մինչդեռ Հադրութում նախորդ տարիներին ցորենի միջին բերքատվությունը շատ ավելի բարձր է եղել՝ 23,5 ցենտներ:
Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանը նույնպես դժգոհեց տարվա անբարեհաճ եղանակից, քանի որ քաղաքի բնակչության մեծ մասը նույնպես զբաղված է գյուղատնտեսության մեջ, աշխատելու ցանկությունը մեծ է, իսկ ոգին՝ անկոտրում:
Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղից 70-ամյա Անահիտ Սավադյան իրենց ծանր կացությունը պայմանավորեց երաշտով, իր հողամասում ամեն բարիք մշակում է, բայց այս տարի ձեռնունայն է մնացել, ոչ միայն ոռոգման, ալյև խմելու ջուր էլ չունեն:
Հադրութից մինչև Ստեփանակերտ 70 կմ է, որն էլ գյուղատնտեսական մթերքների հիմնական իրացման վայրն է: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը տեղեկացրեց, որ երաշտի հետևանքով կառավարությունը միջոցներ է ձեռնարկել գյուղացիներին աջակցելու նպատակով . «Գյուղացիներին տրվելու է 7000 դրամով դիզելային վառելիք, վարկ, հարկերից էլ մեկ տարով ազտելելու են»:
Չնայած դժվարին պայմաններին Հադրութի շրջանում անցած տարվա համեմատությամբ բնակչության աճ է գրանցվել և պաշտոնական տվյալներով 30 համայնքի 42 բնակավայրում ապրում է շուրջ 13հազար 300 մարդ: Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը նշեց, որ 85 մարդով ավելացել է բնակչության թիվը, որը պայմանավորված է և բնական աճով, և բերաբնակեցմամբ:
Վալերի Գևորգյանի հավաստիացմամբ հադրութցիներին տեղում պահելու նպատակով շրջանում որոշակի ծրագրեր են իրականացվում, հատկապես կարևորեց շինարարությունը: Զոհվածների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումն իրականացվում է ԼՂՀ կառավարության բյուջեի հաշվին, մասամբ էլ համայնքների տեղական բյուջի միջոցներով, 92 տոկոսով այն կատարվել է:
Միայն Հադրութ քաղաքում ապրում է ավելի քան 4000 բնակիչ, քաղաքապետ Արմեն Աբրահամյանը նշեց, որ բնակավայրից արտագաղթողներ չկան, բայց արտագնա աշխատանքի մեկնողների թիվն է ավելացել: Ինչևէ, հաղթահարելով դժվարությունները նրանք միախմբված են հանուն հայրենիքի ու ազատ Արցախի գաղափարախոսության շուրջ:




