Ժպտալ կյանքին ու մարդկանց, ժպտալ անգամ սեփական տրտմությանը, երգել ու ստեղծագործել ամեն օր: Սա կենսաթոշակառու, նկարչուհի, «Մայրիկ» երգչախմբի անդամ Արմիկ Բաղդասարյանի առողջ ու ակտիվ կյանքի բանաձևն է:
«Որպես քրիստոնյա, ես փորձում եմ մի քիչ գրագետ ապրել: Մենք մարմինը փայփայում ենք, իսկ ինչ ենք անում մեր հոգու համար: Կարդո՞ւմ ենք, աղոթու՞մ ենք… միայն վազենք ուտելիքի ու մտածենք, թե ինչպես հագնվենք ու տուն կահավորենք, թե մարմնից զատ մտածենք նաև հոգին սնելու մասին»,— խոհերն է կիսում տիկին Արմիկը:
Նա պատմում է, որ թոշակի անցնելուց հետո էլ իր կյանքը հագեցած է եղել, փոքրերին նկարչություն է դասավանդել, միշտ զբաղված է, երգում է երեք երգչախմբում, եկեղեցիների համար խաչվառներ պատրաստելու պատվերներ ունի:
Վետերան մանկավարժը մշտական շփումների մեջ է նախկին կոլեգաների հետ, մասնակցում են մշակութային միջոցառումների, ներկայացումներն ու ցուցահանդեսները բաց չեն թողնում: Ընտանիքն ու որդին իր կարիքն ունեն, բայց տիկին Արմիկը փորձում է հավասարակշռություն գտնել տնային հոգսերի ու սեփական կյանքը լիարժեք վայելելու միջև, և հասակակիցներին էլ խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին: Տարիքի մասին հարցին հումորով է պատասխանում տիկին Արմիկը, ասում է 60 և ավելի եմ: Նա հորդորում է շնորհակալության զգացում ունենալ և անպայման դրական խոսք հղել մերձավորներին:




