ԿարևորՄիջազգային

Ո՞վ կմրցակցի Զելենսկիի հետ, եթե ​​Ուկրաինայում նախագահական ընտրություններ լինեն. փորձագետները հնարավոր թեկնածուների անուններ են նշում

Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է խոսվում Ուկրաինայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Այդ համատեքստում վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե ովքեր կարող են հավակնել Ուկրաինայի նախագահի պաշտոնին։ Ըստ փորձագետների՝ որոշ հետազոտություններով պարզվել է, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների բանավեճից հետո Վոլոդիմիր Զելենսկիի վարկանիշը զգալիորեն բարձրացել է։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախագահի պաշտոնում վերընտրվելու բոլոր հնարավորություններն ունի, եթե մոտ ապագայում ընտրություններ անցկացվեն՝ կարծում են միջազգային փորձագետները։ Սակայն նրանք դիտարկում են նաև այլ տարբերակներ՝ հաշվի առնելով, թե ով կարող է մրցակցել Զելենսկիի հետ։ Այս մասին գրում է գերմանական DW պարբերականը։

Ուկրաինայում ընտրությունների հնարավորությունը կամ անհնարինությունն ակտիվորեն քննարկվում է ինչպես այդ երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 2025 թվականի փետրվարի սկզբին Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ Վաշինգտոնը կցանկանար ընտրություններ անցկացնել Ուկրաինայում մինչև տարեվերջ, հատկապես եթե Ռուսաստանի հետ զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերվի առաջիկա ամիսներին։

Եվ սա՝ այն դեպքում, երբ մարտի 12-ից 22-ը Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցումներով ուկրաինացիների գրեթե 80 տոկոսը դեմ էր արտահայտվել ընտրություններին, եթե ժամանակավոր զինադադարի պարագայում անվտանգության երաշխիքներ տրվեն։

Ուկրաինայի օրենսդրությամբ՝ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն ռազմական դրության ավարտից 60 օր հետո, իսկ նախագահական՝ 90 օր հետո։ Այժմ այդ երկրում ռազմական դրությունը գործելու է մինչև մայիսի 8-ը։ Եթե այն չերկարաձգվի, ապա տեսականորեն խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն հուլիսին, իսկ նախագահականը՝ օգոստոսին։ Սակայն Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դիդենկոն արդեն հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո ընտրություններին պատրաստվելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան սահմանված է օրենքով։

DW-ն փորձել է պարզել, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մրցակիցներ կունենա, եթե ընտրությունները տեղի ունենան 2025 թվականին։

Խորհրդարանական և նախագահական ընտրությունների հիպոթետիկ քվեարկության արդյունքների վերաբերյալ սոցիոլոգիական գործակալությունների  հետազոտությունը մատնացույց է անում երկու ֆավորիտների՝ գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Ուկրաինայի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին․ վերջինս հիմա Ուկրաինայի դեսպանն է Մեծ Բրիտանիայում: Զալուժնին, ի դեպ, մի քանի օր առաջ  քննադատել էր Միացյալ Նահանգների քաղաքականությունը՝ Վաշինգտոնին մեղադրելով «համաշխարհային կարգը քանդելու» համար՝ գրում է The Times-ը։

Սոցիալական մոնիտորինգի կենտրոնի 2024 թվականի նոյեմբերի հետազոտությունը ցույց է տվել, որ ուկրաինացիների մեծ մասը իր քվեն տալու է Զալուժնիին՝ մոտ 27%:

Մինչդեռ Զելենսկին կարող է ստանալ ձայների 16%-ը։ Երրորդ տեղում Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ 7% ձայներով։

Գրեթե նույն արդյունքն են ցույց տվել Սոցիալական և մարքեթինգային հետազոտությունների կենտրոնի հարցումները։ Դրանք հրապարակվել են այս տարվա փետրվարին՝ «Ուկրաինսկա պրավդա»-ում։

Ուշագրավ է, որ վերջին հետազոտությունը, որը կատարվել է Սպիտակ տանը Զելենսկիի և Թրամփի, ինչպես նաև փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հրապարակային բանավեճից հետո, ցույց է տվել, որ Ուկրաինայի գործող նախագահի վարկանիշը շոշափելիորեն բարձրացել է։

Այսպիսով, ըստ National Sample S.R.O.-ի՝ մարտի 6-ից 12-ն անցկացված հարցումների, ուկրաինացիների ավելի քան 39%-ը կարող է քվեարկել գործող նախագահ Զելենսկիի, իսկ ավելի քան 15%-ը՝ Զալուժնիի օգտին: Վարկանշային աղյուսակում նրանց զգալիորեն ցածր ցուցանիշով հաջորդում են Պյոտր Պորոշենկոն, «Ռոզումնա պոլիտիկա» խորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Ռազումկովն ու «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն։

«Փետրվարի 28-ից հետո, երբ Օվալաձև աշխատասենյակում վեճ տեղի ունեցավ, Զելենսկիի վարկանիշն անմիջապես բարձրացավ մոտ 10 %-ով։ Մարդիկ ակտիվորեն սկսեցին համախմբվել Զելենսկիի  շուրջը»,-ասում է ուկրաինացի քաղաքագետ, Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի ղեկավար Իգոր Չալենկոն։

Փորձագետը միաժամանակ նշում է, որ ամեն ինչ դեռ կարող է փոխվել, քանի որ վարկանիշները մշտական ​​չեն և կախված են հետագա փոփոխություններից։

«Օրինակ՝ Պորոշենկոն 2013 թ․ հարցումներով ուներ 1,5 % քվե, սակայն վեց ամիս անց նա հաղթեց նախագահական ընտրություններում՝ մեկ փուլով։ Այդ ժամանակ փոխվեց քաղաքական ենթատեքստը, տեղի ունեցան Ղրիմի բռնակցումն ու Դոնբասի պատերազմը»։

Ուկրաինացի մեկ այլ քաղաքագետ՝ Վլադիմիր Ֆեսենկոն, կարծում է, որ միայն Զալուժնին կարող է մրցակից լինել Զելենսկիի համար։

Խորհրդարանական հնարավոր ընտրությունները քաղաքագետների շրջանում շատ հարցեր են առաջացնում։ Ի վերջո, դեռ պարզ չէ, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու, ինչ ծրագրերով, ովքեր են լինելու կուսակցական ցուցակներում։

Խորհրդարանական ընտրությունների ֆավորիտները, ըստ փորձագետների, ամենայն հավանականությամբ կլինեն նախագահական  ընտրությունների պոտենցիալ առաջնորդների քաղաքական ուժերը։ Նրանք կարծում են, որ կուսակցությունների անվանումների և բովանդակության ռեբրենդինգ կլինի, օրինակ՝ «Ժողովրդի ծառա»-ի փոխարեն կլինի «Զելենսկի» դաշինքի նման մի բան:

Փորձագետները համոզված են, որ Ուկրաինայի խորհրդարանական հնարավոր ընտրությունների ժամանակ կարող են նոր քաղաքական ուժեր ի հայտ գալ, որոնց ցուցակներում ընդգրկված կլինեն նաև զինվորականներ։

Կարդացեք նաև

Back to top button