
«Կայթ մշակութային հանգույցը» մշտապես հանդես է գալիս տարբեր մշակութային նախաձեռնություններով, որոնց նպատակն է ստեղծել կենդանի կապ ավանդական արվեստի և հասարակության միջև։
«Հանգույցը ստեղծվել է 2014-ին հիմնական առաքելությամբ՝ ապահովել հայ ավանդական մշակույթի կենսապտույտը։ Մենք, բացի համերգներից, կատարում ենք մեծ կազմակերպչական աշխատանք՝ հանրահռչակելով ժողովրդական երգն ու երաժշտությունը, վարպետաց դասեր և տարբեր ձևաչափի հանդիպումներ ենք իրականացնում», — ասում է «Կայթ» բենդի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Քարտաշյանը։
«Նվիրիր համերգ» նախաձեռնությունը նպատակ ունի ավանդական երաժշտությունը հասցնել մեր երկրի ամենահեռավոր անկյունները։
«Հասկանալով, որ կան կազմակերպչական և նյութական բնույթի մեծ դժվարություններ, մենք որոշեցինք առաջարկել հանրությանը հետևյալ լուծումը․ դուք համացանցով գնում եք տոմս հեռավոր գյուղում ապրող մեր հայրենակցի համար, իսկ մենք տեղափոխում ենք այնտեղ երաժիշտներին և բոլոր տեխնիկական սարքավորումները՝ կայացնելով համերգը։ Ստացվում է այնպես, որ, օրինակ, Երևանի բնակիչը գյուղում բնակվող մեկի համար ստեղծում է հայ ժողովրդական երաժշտության հետ հաղորդակցվելու հնարավորություն», — շարունակում է «Կայթի» հարվածային գործիքներ նվագող և «Նվիրիր համերգ» նախաձեռնության համակարգող և գործնական մասի ղեկավար Գրիգոր Դավթյանը։
Յուրաքանչյուր համերգի մասին տեղեկությունը տարածվում է համացանցով և անհրաժեշտ գումարը հավաքվելուն պես կազմակերպվում է համերգ։
«Նվիրիր համերգ» նախագիծը բացառիկ է և շատ կարևոր, քանի որ կայացել է ազատ արվեստի դաշտում, չունի հովանավոր և ամբողջովին հիմնվում է բարի կամքի դրսևորման վրա։




