
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը։ «Եվրաքվե»-ի նախաձեռնությամբ խորհրդարան հասած նախագիծը պաշտպանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, դեմ են եղել ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, իսկ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։
«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնելու հասարակության բարեկեցությունը, ամրապնդելու երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության` Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»։
Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարում է «Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
Օրինագծի նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում վերախմբագրվել է: Կառավարության առաջարկով նախաբանից հանվել է «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը․․․» նախադասությունը։ Արտակ Զեյնալյանը կարծում է, որ այս փոփոխությունից նախագիծը չի տուժել։

Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանի 1․000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում հավաքվել է ստորագրությունների՝ օրենքով սահմանված նվազագույն քանակի կրկնապատիկը:
«Նաև հասարակակական հարցումները վկայում են այն, որ ժողովուրդը հակված է, որ Հայաստանն անդամակցի Եվրոպական միությանը»։
Օրինագծում կատարված փոփոխության մեջ, սակայն, խնդիր է տեսնում խորհրդարանական ընդդիմությունը։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ փոփոխությունը նշանակում է, որ նախագիծն այլևս ժողովրդի կամքը չի արտահայտում։
«Եկավ հասավ երկրորդ ընթերցում, կառավարությունը որոշեց, որ այդ 60 հազարը ժողովրդի կամարտահայտություն չէ․ ձեր կամարտահայտությունը հանեցին, դրեցին մի կողմ: Հիմա այլևս ժողովրդի կամարտահայտությամբ չէ, որ Հայաստանը սլանում է դեպի Եվրամիություն։ Այն նախագիծը, որը բերել են, օրենք չէ․ օրենքի ծաղր է»:
Ընդդիմադիրները կարծում են, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն պետք է հարաբերությունների զարգացման բնականոն ընթացք, ճանապարհային հստակ քարտեզ ունենան։ Արծվիկ Մինասյանը, օրինակ, գործնական քայլեր չի տեսնում վիզաների ազատականացման, Ասոցացման համաձայնագրի իրագործման ուղղությամբ։
«Էլ չենք խոսում հսկայական ճանապարհային քարտեզի մասին, որ ոչինչ չեն ձեռնարկում։ Ավելին` աշխարհաքաղաքական ներկա զարգացումների պայմաններում նման կտրուկ շրջադարձը «և ՛, և՛»-ի քաղաքականությունը տեղափոխում է ուրիշ հարթություն, որ լի է վտանգներով։ Ես զարմանում եմ, որ Արտակ Զեյնալյանը համառորեն և հետևողականորեն, ըստ էության, իրավունքի նվազագույն պահանջները չբավարարող հայտարարությունը փորձում է ներկայացնել որպես լավ օրենք, սա օրենք չէ ու չի բավարարում որևէ չափանիշ»։
Խորհրդարանական մեծամասնությունն ընդդիմությանը հորդորում է չմոլորեցնել հանրությանը։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բացատրում է, որ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը որևէ կապ չունի Եվրամիության անդամակցության գործընթացի, Ասոցացման համաձայնագրի հետ:
«Խնդրում եմ, հարցերը մի՛ մանիպուլացրեք, պետք չէ ժողովրդին մոլորեցնել: Վիզաների ազատականացման երկխոսությունն առանձին պրոցես է, որը ԵՄ-ն սկսում է կամ չի սկսում որևէ երրորդ երկրի հետ: Ունեն Իսրայելի, ԱՄԷ-ի, հարավամերիկյան որոշ երկրների հետ: Դա առանձին գործընթաց է: Այդ երկրները ԵՄ անդամ չեն էլ լինելու»։

ՔՊ խմբացության ղեկավար Հայկ Կոնջորյանի կարծիքով էլ խորհրդարանական ընդդիմությունը բոլոր կարևոր հարցերում նույն կեցվածքն է ընդունում։
«Մեռած է ձևանում ուղղակի։ Երբ այստեղ գալիս են թրով, ասում են՝ մենք չենք մասնակցելու, դրանում և՛ փորձ կա խիզախություն հաղորդելու, և՛ միևնույն ժամանակ չես կարող խիզախաբար ձեռնպահ լինել: Դրա համար մեռած ձևանալը լավագույն բանն է, թե՝ ժողովո՛ւրդ ջան, մենք չենք տենում սա։ Երբ Ազգային ժողովը քննարկում էր Եվրոպական Միության դիտորդների տեղակայման հարցը, խորհրդարանական ընդդիմությունն էլի որոշեց գնալ իր հավատարիմ ճանապարհով․ մեռած ձևացավ»։
Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում․ այն քաղաքական կամքի դրսևորում է՝ ասում են իշխող խմբակցության անդամները: Նույն կարծիքին են նաև գործադիրի ներկայացուցիչները։ Օրինագծի ընդունումը, ըստ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի, ինքնին ԵՄ-ին անդամակցելու հայտ չէ։
«Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»։
Նախագիծն ընդունվեց 64 կողմ, 7 դեմ ձայներով: Կողմ էր իշխող խմբակցությունը, դեմ՝ «Պատիվ ունեմ»-ը, «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։




