
Նոր ստեղծագործական միավորի ծնունդը, հատկապես ակադեմիական երաժշտության ոլորտում, բարձր գնահատելի է և կարևոր կատարողական արվեստի և մեր երաժշտական մշակույթի համար։
Ամիսներ առաջ մի խումբ երաժիշտներ, որոնք նվագում են Հայաստանի տարբեր նվագախմբերում, որոշեցին միավորվել և ստեղծել փողային հնգյակ։
«Գաղափարը և մտահղացումն իմն էր։ Ինքս երկար տարիներ գալարափող եմ նվագում Հայաստանի պետական սիմֆոնիկ և օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերում։ Մեծ նվագախմբում նվագելն իր առանձնահատկությունն ունի, դու պետք է առաջին հերթին «անսամբլիստ» լինես, կարողանաս ձուլվել ընդհանուր հնչողության մեջ։ Այնինչ ինձ միշտ գրավել է մենակատարի գործունեությունը։ Փողային հնգյակն այդ առումով լայն հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երաժշտի համար՝ ինքնադրսևորվել և՛ որպես մենակատար, և՛ որպես անսամբլի մասնակից», — ասում է կվինտետի գեղարվեստական ղեկավար Արմեն Կարագյանը։
Հնգյակի կազմում են Ազատ Հարությունյան՝ շեփոր, Վարդան Պապիկյան՝ տրոմբոն, Նարեկ Գրիգորյան՝ շեփոր և Դավիթ Ասրյան՝ տուբա։
Երաժիշտները նշում են, որ հնգյակի համար հղկել են հատուկ ծրագիր․ այն ներառում է հիմնականում հայ կոմպոզիտորների օրիգինալ ստեղծագործություններ, ինչպես նաև մշակումներ ու փոխադրություններ՝ արված հատուկ իրենց կազմի համար։
Հնգյակը կայացրել է 2 համերգ, մասնակցել է Հայ կոմպոզիտորների փառատոնին և պատրաստվում է ձայնագրությունների։




