Երաժշտական եռանկյունի

«Սաթե-Աթղը». հայ-ֆրանսիական մշակութային կամուրջ. «Երաժշտական եռանկյունի»

Հայկական մշակույթի հանրահռչակումն աշխարհում, անխոս, պետական մշակութային կազմակերպությունների կարևորագույն գործառույթներից մեկն է։ Բայց ոչ պակաս նշանակություն ունեն արտերկրյա կազմակերպությունները, որոնք աշխատում են՝ ստեղծելով մշակութային կամուրջներ Հայաստանի հետ։

«Սաթե-Աթղը» ֆրանսիական թատերական միության հիմնադիրներ Սաթե Խաչատրյանի և Էդգար Մանուկյանի ջանքերով ամեն տարի Հայաստանում և Ֆրանսիայում ուշագրավ մշակութային նախագծեր են իրականացվում։

«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանում ժամանակակից համաշխարհային թատրոնի ճանաչողության բարձրացումը, այդ առումով մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ միայն ֆրանսիական և ֆրանկոֆոն դրամատուրգիայի հանրահռչակման գործում։ Կարևորում ենք մեր թատրոնների խաղացանկերում ժամանակակից պիեսների առկայությունը, որն այսօր, ցավոք, բավարար չէ։ Բայց լիահույս ենք, որ մեր տեսլականը կիսող արվեստագետները կշատանան և այլ երկրների ժամանակակից թատրոնը հնարավորության չափով կբերեն Հայաստան։ Ժամանակակից պիեսների թարգմանությունն ինչ-որ առումով ժամանակակից թատրոնի պատմության փոխանցում է, որի կարիքն իսկապես մեծ է։ Իսկ Ֆրանսիայում մեր ծավալած մշակութային գործունեությունն ուղղված է հայկական մշակույթի հանրահռչակմանը, կարևոր է, որ մեր մշակույթը ճանաչելի դառնա պրոֆեսիոնալ մակարդակով, և այդ ուղղությամբ մենք աշխատում ենք 2013 թվականից», — ասում է Սաթե Խաչատրյանը։

Հաղորդման հյուրն ուսումը ստացել է Հայաստանում և Ֆրանսիայում, մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր է, նաև բանասիրական գիտությունների թեկնածու, բազմաթիվ ներկայացումների ռեժիսոր, միջազգային նախագծերի հեղինակ և նախաձեռնող։

Սաթե Խաչատրյանը հայ-ֆրանսիական մշակութային հաղորդակցման հարթակներում բազմաթիվ հաջողված միջոցառումների կազմակերպիչ է, որոնց թվում են «Սասնա ծռեր», «Նռան գույնը», «Քոչար 360 աստիճան» և Միսակ Մանուշյանին նվիրված ներկայացումները։  

Կարդացեք նաև

Back to top button