
Ֆլեյտահար Նարեկ Ավագյանն ու դաշնակահարուհի Գայանե Ասլանյանը համագործակցում են՝ ստեղծելով բազմաթիվ համերգային ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հայեցակարգը, նպատակը։
«Երաժշտության տարբեր ժամանակաշրջանները բնորոշվում են որոշակի հատկանիշներով։ Այստեղ գեղագիտությունը, ժանրային տեսակը, կոմպոզիտորական լեզվամտածողությունը հսկայական նշանակություն ունեն։ Համերգային ծրագիրը կազմելիս մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ ներկայացնել երաժշտությունը՝ համադրելով իրարից խիստ տարբերվող ձևերը, որոնք միավորվում են թեմատիկ առումով։ Նման համադրությունն առավել ցայտուն կերպով է ցույց տալիս տարբերություններն ու ընդհանրությունը», — ասում է համերգների նախաձեռնող Նարեկ Ավագյանը։
Դաշնակահարուհի Գայանե Ասլանյանը ոչ միայն փայլուն նվագակցող երաժիշտ է, այլև գաղափարակից գործընկեր, որին առավել հետաքրքիր է հնչեցնել Հայաստանում գրեթե չներկայացված երաժշտական նյութը։
«Մենք ընտրում ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնց միջոցով հանդիսատեսի պատկերացումները և գիտելիքը նույնպես կընդլայնվեն։ Կազմում ենք նվագացանկն այնպես, որ դասականի և նորագույն երաժշտության առանցքում ունկնդրի մոտ առաջանա էմոցիոնալ հատուկ ընկալում», — շարունակում է դաշնակահարուհին։
21-րդ դարի ակադեմիական երաժշտությունը խիստ տարբերվող է, որոշ դեպքերում պրովոկատիվ և զարմացնող։ Ժամանակակից կոմպոզիտորների որոնումներն ոչ միայն երաժշտական ֆորմայի, այլ նաև կատարողական տեխնիկայի ոլորտում հաճախ հակադրվում են դասական երաժշտության կանոններին։
Ավագյան-Ասլանյան երկյակը իր գործունեության նպատակը տեսնում է այդ ստեղծագործական բախումները ներկայացնելու մեջ։




