
Խաղաղության պայմանագրում չկա և չի եղել Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու նախապայման՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանը սադրիչ է որակել հայտարարությունը, որով ընդդիմադիր գործիչները կոչ են անում սառեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները մինչև գերիների վերադարձը։ ԱԺ նախագահը վստահեցրել է՝ Հայաստանն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ուղղությամբ։ Միջազգային գործընկերների հետ որևէ հանդիպում, անկախ թեմայից, չի անցնում առանց գերիների վերադարձի մասին քննարկումների՝ ասել է Սիմոնյանը։
«Ինքը դա չի անելու, ժողովրդական լեզվով ասած՝ եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է՝ եթե անգամ Խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի մասին կետ լիներ, Ադրբեջանը այն չէր կատարի:
«Իսկ ո՞վ ասեց, որ Խաղաղության պայմանագրի մեջ պետք է նման կետ լիներ, էլ չեմ ասում՝ ո՞վ ասեց, որ նման կետ կար, և դա դուրս է հանվել հայկական կողմից։ Իսկ ո՞վ ասեց, որ օրինակ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որտեղ կա 3 երկրի նախագահի ստորագրություն, այդ թվում ՝ՌԴ նախագահի ստորագրություն, որտեղ ասվում է, որ բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն, ինքը էդ կետը չի արել, հիմա մենք պետք է ևս մեկ փաստաթղթի մեջ դնե՞նք, և ինքը այդ կետը կանի՞»։
Խաղաղության պայմանագրի մեջ նման կետը կենթադրեր նաև փոխադարձության սկզբունք, իսկ Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան՝ ասում է Ալեն Սիմոնյանը։ Նա նաև հեռավար արձագանքում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որով վերջինը պահանջում էր դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, մինչև հայ գերիները կվերադարձվեն։
«Այսինքն՝ որ կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու։ Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք»։
4 տարվա ընթացքում առնվազն 150 գերի է վերադարձել՝ ասում է ԱԺ խոսնակն ի պատասխան այն հարցի, թե Հայաստանը տեսանելի քայլեր չի ձեռնարկում գերիներին վերադարձնելու համար։ Նշում է՝ միջազգային գործընկերների հետ որևէ հանդիպում՝ անկախ թեմայից, չի անցել առանց գերիների վերադարձի մասին քննարկումների։
«Եթե տեսանելի քայլեր անենք, այդ գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Մենք շահագրգիռ ենք, որևիցե մեկը թող կասկած չունենա, որ որևիցե ռազմագերի, որևէ մարդ, որ հիմա Բաքվի դատարանում ենթարկվում է ձևական դատավարության, մեր համար անցանկալի անձ է, և մենք չենք զբաղվում։ Նրանք մեր հայրենակիցներն են, և իրենց վերդարաձի հետ կապված բոլոր քայլերը արվել են և արվելու են։ Ուղղակի հիմա այդ դատավարության էսպես ասած աղմուկը բարձր է և բոլորը շուտափույթ լուծումներ են ուզում, որը այս փուլում, հաշվի առնելով, թե ովքեր են դատավարությունը իրականացնում, ինչ հեռահար նպատակներ ունեն, ես կարծում եմ, որ այս փուլում շատ դժվար են լինելու, բայց դա չի նշանակում, որ փորձերը և աշխատանքն այդ ուղղությամբ չեն շարունակվելու»։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը պատասխանել է հարցին, թե ինչպես կարող է Հայաստանի ղեկավարությունն ավելին անել Արցախի նախկին ղեկավարներին վերադարձնելու հարցում։ Նա ընդգծել է՝ հրապարակային ավելի շատ հայտարարությունների, միջազգային ԶԼՄ-ների հետ աշխատելու, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Եվրոպական միությունից աջակցություն խնդրելուց բացի Երևանը կարող էր նաև հատուկ բանագնաց գործուղել Ադրբեջան, որը հանդես կգար «որպես մարդասիրական խողովակ՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար»։
Ադրբեջանում պահվող հայերին անհապաղ ազատ արձակելու կոչ է արել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը՝ ընդգծելով, որ «Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, ներառյալ՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, արդար դատավարության իրավունքը պետք է լիարժեք հարգվի»։

Բաքվի արձագանքը չի ուշացել։ Այդ երկրի արտգործնախարարությունից հայտարարել են, թե «Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին կամ դատապարտվողներին»։ Ավելին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն վերանայում է ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը։ Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։
«Ես պահանջում եմ ազատություն մեր բոլոր պատադներին ու զինգերիներին»։ Երևանում շարունակում են պահանջել հայ գերիների վերադարձը։ Նախօրեին Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ քաղաքացիները կառույցից պահանջել են գործի դնել բոլոր մեխանիզմները՝ օր առաջ ռազմագերիների և հատկապես հացադուլը շարունակող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը զննելու, մշտական ուշադրության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն չորս օրն Ազատության հրապարակում հացադուլ են անում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն ու նրա կուսակիցներ Վարդան Ավագյանը և Արտավազդ Ալավերդյանը։ Նրանք այդ կերպ խնդրում են Բաքվի բանտում արդեն 14 օր հացադուլը շարունակող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել ինքնավնասումը։




