
Ռազմական օժանդակության դադարեցումը լավագույն ներդրումը կարող է լինել խաղաղության հաստատման գործում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությանը։ Ըստ Պեսկովի, մինչ այժմ հենց Միացյալ Նահանգներն էր ուկրաինացիներին զենքի գլխավոր մատակարարը, ուստի Թրամքի այդ որոշումը շատ կարևոր է։
ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Ուկրաինային, CNN-ին հայտնել է Սպիտակ Տան ներկայացուցիչը, հստակեցնելով, որ այդ հրամանն ուժի մեջ կմնա այնքան, մինչև նախագահ Թրամփը կհամոզվի, որ Ուկրաինան հավատարիմ է խաղաղությանը։ Խոսքը ավելի քան մեկ միլիարդ դոլարի զենքի մատակարարումների մասին է։
ԵՄ երկրների պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ այս որոշումից հետո դեռ մի քանի շաբաթ էլ Ուկրաինան կկարողանա պահպանել ռազմական գործողությունների նույն տեմպը, սակայն երկու ամիս հետո կզգացվի ամերիկյան օգնության դադարեցման ազդեցությունը։
Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու Դոնալդ Թրամփի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը լավագույն ներդրումն է համարում խաղաղության հաստատման գործում։
Մինչդեռ France 2 հեռուստաալիքի եթերում Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պատվիրակ Բենջամին Ադադը կարծում է, որ Կիևին Վաշինգտոնի ռազմական օգնության դադարեցումը կհետաձգի ռուս–ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։
Ավելի ուշ РБК– Украина գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է, որ թեև Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական օգնությունը, շարունակում է հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային։
Միևնույն ժամանակ Foxnews-ի եթերում Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի ավելին է արել, քան ԵՄ երկրները․
«Մենք նրանց շատ ավելին ենք տվել, քան Եվրոպան, և Եվրոպան մեզանից ավելին պետք է տար Ուկրաինային, քանի որ, ինչպես գիտեք, դա իրենց սահմանն է»:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ուկրաինայի հազվագյուտ հողային օգտակար հանածոներին առնչվող գործարքը չեղյալ չի համարում: Ըստ նրա՝ դա հիանալի գործարք կարող է լինել։
Սպիտակ Տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն էլ Fox News-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը բախվել է Զելենսկիի համառությանը Ռուսաստանի հետ իրական խաղաղության համաձայնագրին հասնելու բանակցություններում։
«Ցավոք, նախագահ Զելենսկին տրամադրված չէ խաղաղ բանակցությունների։ Այն, ինչ ԱՄՆ նախագահ Թրամփը և փոխնախագահ Վենսը տեսան փակ դռների հետևում, ցավոք, նախագահ Զելենսկիի և ուկրաինական կողմի համառությունն էր՝ Ռուսաստանի հետ իրական խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերում»։
Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսն էլ պարզաբանել է, որ Թրամփը Զելենսկիի հետ հանդիպման առաջին կես ժամվա ընթացքում շատ ջանքեր է գործադրել նրա հետ քաղաքավարի լինելու համար։
Վենսը նաև հայտարարել է, որ ՄՆ-ի հետ տնտեսական գործընկերությունը Ուկրաինայի համար անվտանգության ավելի բարձր երաշխիք կլինի, քան այդ տարածքում մի քանի տասնյակ տարի ռազմական գործողությունների չմասնակցած որևէ պատահական երկրի ռազմական ուժի տեղակայումը։
«Թրամփը շատ պարզ և հասկանալի ասել է, որ, իհարկե, դուռը բաց է այնքան ժամանակ, որքան Զելենսկին պատրաստ է լրջորեն խոսել խաղաղության մասին»։
Չնայած պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններին, որ Կիևի առջև «դուռը դեռ բաց է» խաղաղության բանակցությունների համար, ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը վերահսկող Իլոն Մասկը հայտարարում է, որ Զելենսկին պետք է հրաժարվի իշխանությունից և հեռանա Ուկրաինայից։




