
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է իր 100-ամյա հոբելյանը։ Սա մեր մշակութային իրականության մեջ կարևորագույն իրադարձություն է, քանի որ Ազգային ֆիլհարմոնիկը ներկայացնում է ոչ միայն դասական սիմֆոնիկ արվեստն, այլև ունի բազմաթիվ այլ, մշակութաբանական, գեղագիտական և պատմական գործառույթներ։
Նվագախմբի մամլո քարտուղար Աստղիկ Դալլաքյանի հետ անդրադարձանք կոլեկտիվի պատմության կարևոր փուլերին։
«ՀՀ վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվել է 1925թ. մարտին՝ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից և տարիներ շարունակ ճանաչվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը: Այսօր այն հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն», — ասում է Աստղիկ Դալլաքյանը։
Տարբեր տարիների նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանդին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Միքայել Տերյանը, Մարտին Ներսիսյանը, Ռուբեն Վարդանյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը, Վալերի Գերգիևը, Վահագն Պապյանը, Միքայել Ավետիսյանը և Լորիս Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերից ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:
ՀԱՖՆ-ի գործունեության հիմնական հանդիսավայրն է Արամ Խաչատրյան համերգասրահը: 1300 հանդիսականի համար նախատեսված այս սրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է` նախագծված Ալեքսանդր Թամանյանի կողմից:
Ինչպես նշեց հաղորդման հյուրը՝ հարուստ ավանդույթներն, որոնք ձևավորվել էին տարիների ընթացքում, երաժիշտների մշտական, չընդհատվող սերնդափոխությունը և մեկ դարի ընթացքում ձևավորված հարուստ նվագացանկը թույլ են տալիս այսօր հանդիսատեսին ներկայացնել ամենատարբեր ժամանակաշրջանների սիմֆոնիկ արվեստի գոհարներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների մի քանի սերունդների ստեղծագործություններ:




